Լրահոս

10.06.2020 15:28


«Նաիրի» ԲԿ-ն մահճակալային ֆոնդից 10 տոկոս տրամադրել է կորոնավիրուսով հիվանդների, սակայն նախարարությունը հրահանգ չի տալիս

«Նաիրի» ԲԿ-ն մահճակալային ֆոնդից 10 տոկոս տրամադրել է կորոնավիրուսով հիվանդների, սակայն նախարարությունը հրահանգ չի տալիս

«Նաիրի» բշկական կենտրոնը պատրաստ է ընդունել կորոնավիրուսով վարակված քաղաքացիներին, Aysor.am-ի հետ զրույցում ասաց բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Անատոլի Գնունին։

«Մենք մայիսի սկզբին հրաման ենք ստացել Առողջապահության նախարարությունից, որ մեր մահճակալային ֆոնդից 10 տոկոս տրամադրենք կորոնավիրուսով հիվանդներին, որը մենք կատարել ենք, անհրաժեշտ բոլոր պարագաներն ու մեկուսարաններն ունենք և վերակենդանացման բաժանմունքում, և հարկի վրա, որովհետև մենք մի հարկ լրիվ տրամադրել ենք այդ հիվանդների համար 10 տոկոս ու մի բան էլ ավելի»,-ասաց Գնունին։

Հարցին՝ իրենք դիմե՞լ են հիմա նախարարությանը, որ պատրաստ են ընդունել կորոնավիրուսով հիվանդների, ԲԿ-ի գործադիր տնօրենը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ մենք պետք է դիմենք, գիտեք, դա գլխավոր տնօրենի ստրատեգիկ որոշումը պետք է լինի, ես գործադիր տնօրենն եմ, կատարող եմ։ Ընդհանրապես, գիտեք ինչպես է, երբ որ կորոնավիրուսով հիվանդը հայտնվում է ոչ «քովիդային» հիվանդանոցում ու հաստատվում է իր մոտ կորոնավիրուսի առկայությունը, այդ դեպքում կա պահանջ, որ կորոնավիրուսով հիվանդը պետք է բուժվի մասնագիտացված կորոնավիրուսային հիվանդանոցում, դա հրաման է, ոչ ոք իրավունք չունի կորոնավիրուսով հիվանդին պահել իր մոտ»։

Անատոլի Գնունին նշեց, թե հիվանդը, երբ գալիս է ու իրենց է դիմում ու ունի թոքաբորբ, բարձր ջերմություն, խեղդվում է, պարզ է, որ բժշկական իրենց պարտականությունն է, որ հիվանդին օգնություն ցուցաբերեն։

«Մենք իրեն հոսպիտալիզացիայի ենք ենթարկում կորոնավիրուսի կասկածով, ընդհանրապես, յուրաքանչյուր հիվանդ, որ մտնում է հիվանդանոց, մենք մոտենում ենք իրենց ոնց որ պոտենցիալ կորոնավիրուսով հիվանդի, կատարում ենք հետազոտություններ, բայց ՊՇՌ թեստը գալիս է մի քանի օր հետո։ ՊՇՌ թեստը ստանալով՝ մենք հաստատում ենք կորոնավիրուս ու այդ պահից մենք իրեն պետք է ուղարկենք, որովհետև իրավունք չունենք իրեն պահելու մեր մոտ, այդ հրահանգը մեզ նախարարությունը չի տվել, ոչ մեկ չի տվել, հակառակը, ասում են, որ իրավունք չունեք պահել, անպայման պետք է ուղարկեք»,-ասաց Անատոլի Գնունին։

«Նաիրի» ԲԿ-ի գործադիր տնօրենն ընդգծեց՝ իրենք դեռ շատ վաղուց էին պատրաստ կորոնավիրուսով հիվանդների ընդունել։

«Դեռ էդ հրամանը չկար, մենք արդեն իսկ պատրաստ էինք, որովհետև մենք գնահատում ենք աշխարհում տիրող իրավիճակը ու նախօրոք պատրաստվել էինք։ Առողջապահության նախարարությունից հատուկ հանձնաժողով եկավ, որը նայեց, մենք իրենց ընդունարանից տարանք ու ամեն ինչ ցույց տվեցինք, միակ թերությունն այն էր, որ մենք առանձին մուտքի տեղ չունեինք, հիմա ի՞նչ անենք, մեր շենքն էլ առանձին մուտքի տեղ չունի, մենք հո՞ չենք կարող պատը ջարդել, մուտք բացել»,-ասաց նա։

Անատոլի Գնունին նշեց՝ պաշտոնապես պատրաստ լինելն ու պաշտոնապես ընդունելը տարբեր բաներ են։

«Հիմա մեր երկիրը պատրաստ է պատերազմի, բայց դա չի նշանակում, որ սահմանի վրա կռիվ է գնում, մենք էլ պատրաստ ենք, բա չասե՞նք, որ պատրաստ ենք, շատ վաղուցվանից ենք պատրաստ»,-հավելեց «Նաիրի» ԲԿ-ի գործադիր տնօրենը։

Հայաստանում այս պահին կորոնավիրուսով հիվանդների ստացիոնար բուժումն իրականացնում է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը, «Սուրբ Աստվածամայր» ծննդատունը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն, Վնասվածքաբանության ու օրթոպեդիայի գիտական կենտրոնը, Ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալը, Վանաձորի և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցները, Արտաշատի ԲԿ-ն: Կորոնավիրուսի դեմ պայքարի առողջապահական համակարգին մոտակա մի քանի օրերին կմիանան Սպիտակի ԲԿ-ն (100 մահճակալ), Վեդու ԲԿ-ն (100 մահճակալ) և Մարտունու ԲԿ-ի մեկ բաժանմունք (35-40 մահճակալ):

Այս խորագրի վերջին նյութերը