Մեկնաբանություն

10.06.2020 16:55


Փաշինյանի համար «Արտակարգ դրությունը» իշխանապահման հնարավորություն է

Փաշինյանի համար «Արտակարգ դրությունը» իշխանապահման հնարավորություն է

Մարտի 14-ից հայտարարված «Արտակարգ դրության ռեժիմը», ամենայն հավանականությամբ, երրորդ անգամ կերկարաձգվի: Վարչապետի աթոռն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը վկայում է, որ այո՛, արտակարգ դրությունը կարող է երկարաձգվել:

Սա այն խորապատկերում, որ օրինակ, ԱՄՆ-ից (Նյու Յորք) և Ռուսաստանից (Մոսկվա) լրատվամիջոցները հաղորդում են կորոնավարակի և covid-19-ի արագ նահանջի մասին:

Մյուս կողմից, ՀՀ առնախի պաշտոնական տեղեկատվության համաձայն, հունիսի 10-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 14103 դեպք, որոնցից 5226-ն` առողջացած, 227-ը` մահվան ելքով: Մահվան դեպքերի թիվն ավելացել է 10-ով, իսկ «այլ պատճառներով» մահացած հայրենակիցների թիվը հասել է 77-ի (երեք նոր դեպք): Ընդհանուր եթե վերցնենք, ապա մահացածների թիվն անցել է 300-ից (304 արձանագրված դեպք): Կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված լինելու հաստատված նոր դեպքերի թիվը 428 է:

Ծանր, տխրեցնող ու ողբերգական վիճակագրություն է, իհարկե: Ի վերջո, բոլոր այդ թվերի ետևում կոնկրետ մարդկանց, կոնկրետ հայրենակիցների կյանքեր ու ճակատագրեր են:

Մարտի կեսերից կորոնավարակի վտանգի հիմքով արտակարգ դրություն հայտարարած «թավշյա» ռեժիմը երկու անգամ այդ «դրությունը» երկարաձգեց: Հիմա պատրաստվում է երրորդ անգամ երկարաձգել: Թե գրեթե եռամսյա արտակարգ դրության ընթացքում փաշինայանական իշխանությունը որքանո՞վ արդյունավետ պայքարեց կորոնավարակի տարածման դեմ, բոլորս ենք տեսնում: Վերը բերված թվային տվյալները լիարժեք արտացոլում են այդ «աշխատանքի» հետևանքները: Հիմա էլ, ըստ երևույթին, ևս մեկ ամսով ցանկանում են երկարաձգել «արտակարգ դրությունը», որ վարակվածների ցուցանիշը հատի ոչ միայն 15 հազարի շեմը, այլև 20 հազարից անցնի: Սա դա՛ռը, շատ դա՛ռը դիտարկում է, որի ակունքը ցավն է՝ վասն տերության:

Մյուս կողմից, որքան ավելի է երկարաձգվում այս արտակարգ դրության ռեժիմը, այնքան հասարակության ավելի ու ավելի լայն շերտերի են ակնհայտ դառնում հետևյալ հանգամանքները.

Ա) Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ դեմոկրատական բառամթերքով քողարկված, այն էլ՝ վատ քողարկված ասիական տիպի փնթի, անգամ՝ ծաղրանկարային բռնակալություն:

Բ) Փաշինյանական կառավարությունը չի կարողանում տիրապետել իրավիճակին, առանձին դեպքերում կամ հաճախ՝ իշխանությունը չի տիրապետում անգամ իր նյարդերին ու հույզերին, չի կարողանում արագ և օբյեկտիվ գնահատել իրադրությունը, կայացնում է հախուռն, նաև՝ հակասական որոշումներ:

Գ) Արտակարգ դրության ռեժիմը «լավ հնարավորություն» է Նիկոլ Փաշինյանի համար ընդամենը իր երերացող իշխանությունը երկարաձգելու տեսակետից: Արտակարգ դրության ռեժիմը հնարավորություն է տալիս (առայժմ) խուսափել մարդկանց ավելացող դժգոհության հավաքական դրսևորումներից: Իշխանությունը հիմնվում է ոստիկանական մեթոդներով բողոքի դրսևորումները ճնշելու, բռնանալու վրա: Արտակարգ դրության ռեժիմը նաև հարմար «գործիք» է ընդդիմադիրների նկատմամբ հետապնդումներ ու հալածանքներ կազմակերպելու և իրականացնելու տեսակետից:

Ի դեպ, պարտադրվող դիմակների մասին: Փաշինյանն ասում է, թե իր իշխանությունը ոչ թե պարտադրում է դրանք, այլ հորդորում է կրել՝ ելնելով մարդկանց առողջության համար մտահոգությունից: Առհասարակ, տուգանքը, դիմակ չկրելու պատճառով մարդկանց ոստիկանների կողմից «սամասուդ» անելով քարշ տալը և նման դրսևորումները հենց տեղով պարտադրանքի, հարկադրանքի միջոցներ են: Բայց, միևնույն ժամանակ, հասարակությունը տեսնում է, որ իրենք՝ նորիշխանավորները, հաճախ թքած ունեն դիմակ կրելու անհրաժեշտության վրա, մարդկանց լուրեր են հասնում իշխանական շրջանակների ինչ-որ փարթիների մասին: Ասենք, ի՛նչ լուրեր: Նկարներ են շրջանառվում ու տարածվում:

Այո՛, մի կողմից արտակարգ դրության ռեժիմը Փաշինյանին թույլ է տալիս ձգձգել կամ պահպանել իր իշխանությունը, բայց մյուս կողմից, որքան ավելի է ձգվում այդ վիճակը, այնքան «թավշապետն» ավելի շատ է կորցնում իր միակ քաղաքական հենարանը, որն է հասարակության վստահությունը: Ըստ որում, դա դեռ միայն վարակի ու դրա տարածման հողի վրա: Իսկ վաղը, մյուս օրը, երբ սոցիալ-տնտեսական խնդիրները անխուսափելիորեն ավելի մեծ սրությամբ հարվածեն բոլորիս, իշխանություն-հասարակություն խզումը կարող է ոչ միայն ավելի ցայտուն դառնալ, այլև հատել անդառնալիության կետը:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը