Մեկնաբանություն

10.06.2020 09:25


Նիկոլին (Նիկոլից) միայն «քաղաքական գերեզմանը» կփրկի

Նիկոլին (Նիկոլից) միայն «քաղաքական գերեզմանը» կփրկի

Հայաստանի գլխավոր շահարկողն ասում է, որ հանգիստ է վերաբերվում կորոնավիրուսի շուրջ «հայտնի քաղաքական շրջանակների» շահարկումներին։

Բայց դա ամենևին չի խանգարում նրան ազատություն տալ ամբողջ մեկ շաբաթ` սուտ հիվանդ ձևանալու և ռեկորդային կարճ ժամանակահատվածում ապաքինվելու ընթացքում զսպված ոչնչացնող ատելությանը, և ջղաձիգ «շարժումներ» անել, հաթաթա տալ «հայտնի քաղաքական շրջանակներին» և ահաբեկել քաղաքական հաշվեհարդարի սպառնալիքով։

Իսկ այդ շրջանակների «տեսակարար կշիռը» քաղաքական ուժերի և քաղաքականապես ակտիվ քաղաքացիների «զամբյուղում» օրըստօրե մեծանում է, այն էլ`ոչ թե թվաբանական, այլ երկրաչափական պրոգրեսիայով։ Ստեղծվել է մի իրավիճակ, որ կանխատեսել էր պատանդի վիճակում` բանտից, քաղաքական գործընթացներին հետևող նախագահ Ռոբերտ Քոչարյանը`«Կոնսենսուս մինուս մեկ»-ը դարձել է իրականություն։ Դաժա՛ն իրականություն, որ Փաշինյանենք համառորեն չեն ուզում տեսնել` չեն հասկանում, որ «երկրում բա՛ն է փոխվել». իրավիճակը սթափ գնահատելու ունակ բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը հայտնվել են նույն նավի մեջ` բարիկադի մի կողմում։

Բարիկադի մյո՛ւս կողմում «իրենցքայլական» մեծամասնությունն է` ՔՊ-ն, Տեր-Պետրոսյանը`իր թափթփուկներով, մեկ էլ «բաց»` ներքին և արտաքին մարտահրավերների հանդեպ խոցելի, անպաշտպան հասարակության ինստիտուտների ակտիվիստները. Սորոսի վկաները, որոնք ամենուր են` Ազգային ժողովում, կառավարության մեջ, «հասարակական սեկտորում», ու Նիկոլի թողտվությամբ քայլ առ քայլ զավթում են ուժային կառույցները` փոշիացնելով անվտանգության սպառնալիքներին դիմակայելու մեր ռեսուրսները։

Այդ «մինուս մեկի» մեջ պայմանականորեն կարելի է դասել նաև «ծռերին», որոնք երբեմն-երբեմն «նախազգուշական կրակոցներ» են արձակում, ստանում իրենց ուզածը` ոչ թե պաշտոնների, այլ կոնկրետ նյութական «արժեքների» ձևով ու նորից անցնում ընդհատակ (չգիտես ինչու, հիշեցի Նիկոլի լայվերից մեկը` էն, որ ասում էր` չեմ պատրաստվում ապացուցել, որ ուղտ չեմ, ու որտեղից որտեղ` հիշեց, որ իրեն, ի շարս մահացու այլ մեղքերի, կասկածում են նաև թմրանյութի «բիզնեսներում» փայ ունենալու մեջ)։

Իհարկե, Փաշինյանը ձև է անում, թե չի վախենում մենակ մնալուց`ժողովուրդը իր կողքին է, սարի պես իր մեջքին կանգնած է, մնացածը կարևոր չէ։ Բայց մենք հո լավ գիտենք, որ այդպես չէ. պարզապես ինքը անհուսալիորեն լռվել-մնացել է 2018թ. «խեղափոխական բոլոլաների» մեջ, ու տեղը չի բերում`«համաժողովրդական աջակցությունը», որի ալիքի վրա եկավ իշխանության, է՛լ չկա։ Անգամ` իր արևով երդվող ֆեյսբուքյան օգտատերերի շրջանում, որոնց սիրում է, որոնց առջև խոնարհվում է, որոնցով հպարտանում է։

Այդ առումով, միայն քմծիծաղ է առաջացնում սև-սպիտակի «նոր դասակարգումը», որ Փաշինյանը ներկայացրեց իր առաջին «հետկորոնավարակային» բրիֆինգում` ժողովրդին բաժանելով 2 մասի. նրանք, ովքեր ուզում են, որ կառավարությունն օր առաջ ասֆալտին փռի կորոնավիրուսին, և «հայտնի քաղաքական շրջանակները», որոնք «շահագրգռված են, որ կորոնավիրուսի վարակը հնարավորինս տարածվի և հնարավորինս վատ ընթացք ստանա».

«Այդ քաղաքական շրջանակները կորոնավիրուսի վարակի ավարտի հետ ավարտվելու ե՛ն։ Այսինքն` նրանք ավարտված են, բայց էդքան էլ լավ չեն հասկանում, որ ավարտված են։ Նրանք, ովքեր լավ չեն հասկանում, և հասկանալու հետ օբյեկտիվ, բնածին պրոբլեմներ ունեն, մենք նրանց տեսանելի և հասկանալի կերպով կբացատրենք, և էս անգամ, համոզված եղեք, նրանք ցկյանս կհասկանան, և այլևս չեն փորձի քի՛թները խոթել այնտեղ, որտեղ իրենց տեղը չի։ Մենք բոլորս գիտենք, թե որն է նրանց արժանի տեղը, և բոլորը շատ շուտով, այսինքն` ըստ ընթացակարգերի, առանց շտապելու, կհայտնվեն իրենց արժանի տեղերում։ Խնդրում եմ դրանում որևէ մեկը չկասկածի։

ՀՀ ժողովրդի վստահությունը վայելող կառավարության նկատմամբ սաբոտաժային քայլերը արժանանալու են գնահատականի, և այդ գնահատականի հեղինակները (չգիտեմ` սա լեզվի սայթաքո՞ւմ համարենք, թե՞ չէ, բայց «այդ գնահատականի հեղինակները», որքան հասկանում եմ, պիտի որ իրենք լինեն` Փաշինյանն ու իր խունվեյբինները) արժանանալու են շատ կոնկրետ քաղաքական ճակատագրերի։ Նրանք նետվելու են Հայաստանի քաղաքական պատմության աղբանոցը։ Նրանք այնտեղ են դե ֆակտո, և նրանց այնտեղ գտնվելու փաստը դե յուրե կարձանագրվի շատ շուտով»։

Այս «արմատական» ելույթը զետեղված է Նիկոլի ՖԲ էջում և հավաքել է 9300 լայք, սրտիկ ու «հոգատարություն», դիտումների թիվը 221 հազար է։ Այն դեպքում, երբ էջը հավանել է 661 178 օգտատեր, որոնց զգալի մասը, ի դեպ, Նիկոլի կողմնակիցը չեն, այլ ակտիվ հակառակորդը. նրանք, ովքեր «հեղափոխական օրերի» իներցիայով հայտնվել են «հավանողների» ցանկում, իսկ հիմա համալրում են «հիասթափվածների» կուռ շարքերը։ Այսինքն` Նիկոլի հաթաթայախառն ելույթին «հետևած» ավելի քան 220 հազար օգտատերերից ընդամենը 9300-ն է հավանություն տվել «հայտնի քաղաքական ուժերին» պատմության աղբանոց ուղարկելու թեզին։

Լայքերի և սրտիկների չեմպիոնը կորոնավարակից «լրիվ ապաքինվելու» և «լիարժեք աշխատանքի վերադառնալու» մասին գրառումն է, որ հավաքել է «սաղ-սաղ» 32 հազար «ձայն»։ Եթե այդ 32 հազարից հանենք հայտնի ՊՈԱԿ-ի ֆեյքաբուծարաններում վխտացող ֆեյքերին, պարզ կդառնա, որ նախկին «վստահությունից» բան չի մնացել։

Եվ ուրեմն, շատ մեծ է հավանականությունը, որ այս դեպքում էլ շաբաթն ուրբաթից շուտ կգա` Փաշինյանն ավելի շուտ կհայտնվի այնտեղ, որտեղ իր տեղն է, այսինքն` պատմության աղբանոցում, քան կհասցնի հաղթել կորոնավիրուսին և իրեն ընդդիմացող մեծամասնությանը` հայտնի և անհայտ քաղաքական, քաղաքացիական շրջանակներին ուղարկել պատմության աղբանոց։ Ու սահուն կերպով կամրագրի իր արժանի տեղը «ընկած հակահերոսների» համաստեղության մեջ` ԼՏՊ-ի կողքին...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը