Լրահոս

09.06.2020 15:30


Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի հայտարարությունը Ֆիրդուսի թաղամասի վերաբերյալ

Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի հայտարարությունը Ֆիրդուսի թաղամասի վերաբերյալ

Սերժ Սարգսյանի կառավարությունը, նախորդ իշխանություններին բնորոշ ոճով, արտոնել էր Երևանի պատմական ժառանգություն հանդիսացող հնագույն թաղամասերից մեկի՝ 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասի կառուցապատումը։ 2018թ․ մարտի 22-ի ՀՀ կառավարության N 332-Ն որոշմամբ «Երևան քաղաքի 33-րդ թաղամասի նկատմամբ ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ»: Ըստ այդ որոշման, նշված տարածքներում քաղաքաշինական ծրագրի իրականացմամբ Երևանի կենտրոնից «կվերանա ներկայումս առկա խառը, անկանոն կառուցապատումը` տարերայնորեն տեղակայված հին և խարխուլ շինություններով և համաձայն Երևան քաղաքի գլխավոր հատակագծի և Կենտրոն վարչական շրջանի համաձայնեցված գոտևորման նախագծի` տարածքները կհանդիսանան որպես ճարտարապետական մեկ համալիր` պահպանելով ներդաշնակ կառուցապատում, ժամանակակից պահանջներին համապատասխան մայթերով և փողոցներով, ինչպես նաև առկա բնակարանային ֆոնդին մի քանի անգամ գերազանցող նոր բնակարանային ֆոնդի կառուցում»։

Մեծ ցավով տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շարունակում է նախորդ կառավարության գիծը և Ֆիրդուսի թաղամասում արդեն սկսվել են հողային և ապամոնտաժման աշխատանքները։ Ըստ հավաստի տեղեկությունների, Նարեկ Սարգսյանին է հանձնարարվել նախագծի իրականացումը։ Ինչպես հայտնի է, Նարեկ Սարգսյանը 2000-ական թվականներից սկսած նախագծել և համակարգել է վիճահարույց բազմաթիվ նախագծեր, ինչպիսիք են մարդկանց ապօրինի ունեզրկման արդյունքում կառուցված Հյուսիսային պողոտան, Հաղթանակի զբոսայգու կանաչ տարածքի հաշվին կառուցված դղյակները, նախախորհրդային Երևանի ոչնչացմամբ Գլխավոր պողոտայի կառուցապատումը և բազում այլ նախագծեր։

Ֆիրդուսի թաղամասում սկսված աշխատանքների առաջին դրսևորումն ամբողջովին կանգուն, սև տուֆե սրբատաշ քարից կառուցված Հանրապետության նրբանցք 9-րդ տան հիմնահատակ քանդումն էր՝ 19-րդ դարի վերջ - 20-րդ դարի սկիզբ թվագրվող շենքի ճակատի փլուզումը։

Քաջ ծանոթ լինելով նախորդ իշխանությունների «գերակա շահ»-ից բխող բոլոր հետևանքներին, մեծագույն վերապահումով ենք վերաբերվում նմանատիպ արատավոր ծրագրերի շարունակական իրականացմանը։ Ավելին, նման գործելաոճը ևս մեկ ամգամ անցնում է պարկեշտության և թույլատրելիի սահմանը Երևան քաղաքի ժառանգության նկատմամբ։

Կարևորելով թափանցիկությունն ու հանրային մասնակցությունը քաղաքին և նրա բնակիչներին վերաբերող կենսական որոշումների կայացման գործում, իշխանություններից պահանջում ենք․

-Հանրությանը հանգամանորեն ներկայացնել, թե ինչ ճակատագրի են արժանանալու Ֆիրդուսի թաղամասի ժառանգության շերտերը՝ ներառյալ պահպանված աղյուսե կառույցները։ Դրանց պահպանումը պետք է արտացոլված լինի նախագծի զարգացման բոլոր փուլերում։

-Հանրությանը ներկայացնել Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման՝ այս պահին քննարկվող նախագիծը, համաձայն որի կատարվում են իրացման աշխատանքներն ու վաճառվում են լոտերը, նախագծի հեղինակներին, դրա ղեկավարին և այս նախագծի վերաբերյալ ամբողջ առկա տեղեկատվությունը։ Եթե ընդհանուր թաղամասի հստակ նախագիծ դեռ գոյություն չունի և կառուցապատումը նախատեսվում է իրականացնել տարերային սկզբունքով, ապա հանրայնորեն ճանաչել այդ փաստը։

-Հանրային և մասնագիտական լայն շրջանակների քննարկմանը դնել Երևան քաղաքի տարածական պլանավորման նախագծերը և ձեռնպահ մնալ կառուցապատման ծրագրերի հետագա իրականացումից՝ մինչ քաղաքի զարգացման շուրջ հանրային համաձայնության հասնելը։

Հայտարարությունը բաց է միանալու համար։ Գրել [email protected] հասցեով

Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտե

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը