Մեկնաբանություն

09.06.2020 09:45


Տարոսը վարչապետին

Տարոսը վարչապետին

Եվ այսպես, Փաշինյանի և իր ընտանիքի` մի շաբաթվա մեջ կախարդական փայտիկով կորոնավարակից «ապաքինվելու» զարմանահրաշ փաստը ցրեց բոլոր կասկածները, որ գլխավոր Սուտասանը բլեֆ էր անում`ի լուր աշխարհի հայտարարելով, որ մատուցողի անփութության պատճառով կորոնավիրուս է կպցրել։

Չնայած` առանց այդ էլ ամեն ինչ պարզ էր։ Բավական է հիշել, թե ստահոդ վարչապետի խոսնակ Մանեն ինչպես էր «շշկռվել», երբ լրագրողները փորձում էին պարզել, թե ինչ հանգամանքներում, որտեղ, ո՛ր խորհրդակցության ժամանակ է մատուցողը նման հանցավոր անփութություն թույլ տվել։ Խեղճ աղջիկը չգիտեր՝ ինչ ասել, ինչպես դուրս գալ վերադասի հերթական ստի տակից։ Բանը հասավ նրան, որ սիրելի վարչահրամայապետին սուտ հանեց` ասելով, որ ոչ մի խորհրդակցություն էլ չի եղել։

Ոչ պակաս ուշագրավ մի «վրիպակ» էլ Փաշինյանի տիկինը թույլ տվեց. ՖԲ իր էջում «շատ հուզիչ» մի գրառում էր արել, որտեղ պատմում էր, թե ոնց են ընտանյոք կռիվ տալիս կորոնավարակի դեմ, մասնավորապես, լալահառաչ արձանագրել էր` «բուժումը շատ ցավոտ է ընթանում»... Ի՞նչ իմանար, որ 2-3 օր չանցած` Փաշինյանը բրիֆինգ է անելու և «ուրախությամբ» ծանուցելու է, որ իրենց հետ ամեն ինչ կարգին է` ինքը լավ է, տնեցիները շատ լավ են` «ասիմպտոմ» են տանում հիվանդությունը, «անհանգստանալու» բան չկա։ Ի՞նչն էր «ցավոտ ընթանում»` մնաց անհայտ։

Մի կողմ թողնենք` ինչո՞ւ էր ստում, ասելով, որ հիվանդացել է, և փորձենք հասկանալ` հիմա՛ ինչո՞ւ է ստում։ Ինչո՞ւ գոնե ձևի համար չսպասեց` մի շաբաթ էլ անցնի, նոր վերադառնա «լիարժեք աշխատանքի». զբաղվի իր սիրած գործով` «հին համակարգի մնացուկներին» գործից հանի, «իր կադրերին» նշանակի։

Պատասխանը մակերեսի վրա է` ոտքի տակից հողը փախչում է։ Ով չի ալարում` խոսում է իր հրաժարականից, անգամ խորհրդարանական ընդդիմությունն է «կապը կտրել». ԲՀԿ առաջնորդը հրապարակավ անվստահություն է հայտնում իրեն ու իր կառավարությանը, «Լուսավոր Հայաստանն» այնտե՛ղ է «ազվերին» խմել` չխոսելով արդեն արտախորհրդարանական ընդդիմության մասին։

Պե՛տք է մի բան անել` փորձել ժամանակ շահել, նոր թեմա նետել ասպարեզ, շեղել հանրության ուշադրությունը կորոնավարակի ահագնացող տեմպերից և Միքայել Մինասյանի «անպատասխան» բացահայտումներից։ Ձեռի հետ էլ`զոմբիներին «դուխ տալ», թե` մի քիչ էլ ձգեք գոտիները, դիմակ կրե՛ք, սոցիալական հեռավորություն պահե՛ք, ախտահանվե՛ք, հեսա` «սաբոտաժնիկներին» գործից ազատեմ, ամեն ինչ լավ կլինի։

Իրենց վստահված ոլորտներն ակնհայտորեն ձախողած յուրային կադրերին` զտարյուն «քայլարածներին, օրինակ, «ВОЗ-ի տղա» առողջապահության նախարարին, սեփական որոշումները բանի տեղ չդնող պարետին, 10 հոգուց ավելի չհավաքվելու ռեժիմը կոպտորեն խախտած կառավարության աշխատակազմի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին, ինչպես տեսնում եք, խոսք չկա։ Նրանք անփոխարինելի են։ Գոնե` առայժմ։

Մեծն կոմբինատորի հաշվարկն, ինչպես միշտ, «անսխալ» էր. ուժայինների ղեկավարների պաշտոնանկությունների «բարի լուրը» բուռն ոգևորության, հույսերի ու հույզերի ցունամի է առաջացրել Փաշինյանին անվճար կամ վճարովի ծառայություններ մատուցող իրական և ֆեյք հողաթափիկ ինֆուզորիաների շրջանում։

Հանրապետության թիվ 1 օգտատիրոջ ֆեյսբուքյան էջում «աննախադեպ» աշխատանքային եռուզեռ է։ Ոմն Lilit Torozyan, օրինակ, Փաշինյանին խորհուրդ է տալիս ավելի վճռական լինել. «Արագի մեջ ջախջախեք բոլորին։ Սատկացրեք դավաճաններին։ Արագի մեջ, ժամանակ չկա։ Օգնելու կարիք լինի, ասեք։ Միշտ պատրաստ եմ»։

Քրիստինե Մկրտչյան անունով մեկը առաջարկում է կես ճանապարհին չկանգնել. «Պարոն Փաշինյան դատախազին փոխելու ժամանակը շատ է անցել և համապատասխան թեկնած(ու) է Արմեն Դանիելյանը, ազնիվ անձնավորություն, որը արժանի է Ձեր կողքին գտնվելուն...
Սպասում ենք սերժի դատախազին հեռացնելու որոշմանը»։ Եվ նա, իհարկե, մենակ չէ, մենակ չէ Փաշինյանի գրպանում հարմարավետ տեղավորված «Սերժի դատախազին» տուն ուղարկելու իր ցանկության մեջ` շատերն են տոգորված Նիկոլի սրտի դատախազին գործից հանելու գաղափարով։

Գայանե Ավագյանը խնդրելով` պահանջում է թավիշը մի կողմ դնել, կացինն առնել ու... փրթել, թափել բոլոր հին ու նոր հակահեղափոխականներին. «Պարոն Փաշինյան, շատ ուրախ ենք, որ արդեն առողջ եք և պատրաստակամ տրվել եք գործին։ Բայց կխնդրեի թավիշը դնել մի կողմ և զբաղվել հակահեղափոխականներով։ Այս ճգնաժամին ակտիվացել են։ 2 կուսակցություն ԱԺ-ն սարքել են թատրոն»։

«Փրթել, թափելու» հարցում անհամբեր է նաև Անթառամ Խաչատրյան անունով օգտատերը։ Ասում է` «վիրուսը մի կողմ, ներքին թշնամուն պետք է ջախջախել, որ այս եզակի շանսը նոռմալ երկիր կառուցելու չխլեն մեր ձեռքից։ Պինդ մնացեք»։

Մեկը գրում է` «Դուխո՛վ ցավդ տանեմ, ուշ լինի, նուշ լինի», մյուսը հորդորում է` «Պն Դավիթ Տոնոյանին էլ հանեք, նա քոչարյան սերժիկի կադրն է», երրորդը համոզված է`«պետք է նաև արագ ու արժանի հակահարված տալ բոլոր հակահեղափոխական թափթփուկներին»։ Մի քանիսը «լոբբինգ» են անում կարկառուն քայլարած Դավիթ Սանասարյանի օգտին` «Պրն Փաշինյան խնդրում եմ Դավիթ Սանասարյանին վերադարձրեք իր պաշտոնին», ինչ-որ մեկն էլ ահազանգում է.«Էդի մալադեց, չնայած որ Քյարամյանի պահով մութ ա, բա Թորոսյանին ու Ավինյանին երբ եք ռադ անում»։

Ընդհանրապես, խրախուսական քոմենթների պակաս չի զգացվում։ Օրինակ` «Վարչապետ ջան դու կյանք ես, այ էդպես, թուրտ հանի ու ջախջախի։ Քեֆս բերում եք.. Կողքտ ամուր կանգնած եմ», «Նիկոլ ջան, խնդրում եմ, դրանց սեղմի (պոլին) գազ տուր ու ոտքտ գազից չվերցնես, երկիրը մաքրի աղբից, անպատիվներից ու բարերարներից», «Մերսի քեզ պարոն Փաշինյան», «Բրավո վարչապետին», «Հարգարժան Նիկոլ ջան, Գերագույն խորհրդին հանձնարարեք, որ ընդունեն օրենք (բոլոր դավաճանների, փախածների) անձնական գույքի բռնագրավելու մասին։ Վազելով ետ են գալու, կտեսնեք»։ Մի խոսքով, «նույն կեղտը` տարբեր գարշոկներում»։

Իհարկե, կան օգտատերեր, որոնք համարձակվում են հեգնել, նույնիսկ ծաղրել թիվ 1 Սուտասանին։ Օրինակ` «ԱԱԾ ի հաջորդ տնօրենը, ըստ օդում կախված լուրերի, մեկ շաբաթից Արփին ա լինելու», «Դրա համա՞ր Քյարամյանին մի շաբաթում պաշտոնից պաշտոն գլորելով բերիք սարքիք գնդապետ։ Էս կարգի սկի նախկինները չէին ղժում ժող ջանի վրա», «Էսպես որ շարունակվի, ինձ էլ նման պաշտոնի հերթ կհասնի պարոն վարչապետ։ Կարող ենք Երդմակալության արարողությունը հիմա սկսենք։ Նաֆսիակի էլի, ժամանակ շահելու համար, որ իմն էլ Արգիշտի Քյարամյանի պես արագ լինի։ Ես ավելի խիստ կլնեմ։ Նույնիսկ եթե անմեղ են, կպառկացնեմ ասֆալտին։ Ներում-բեկում չկա»։

«Անբան Հուռի» կեղծանունով մի օգտատեր էլ գրում է` «Տարոսը վարչապետին, մի նոր վարչապետ նշանակենք, լա զաթ»...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը