Քաղաքական

08.06.2020 16:31


Նիկոլ Փաշինյանը սպառված է. ինքը պետք է հեռանա և հեռանալու է. Ստեփան Դանիելյան

Նիկոլ Փաշինյանը սպառված է. ինքը պետք է հեռանա և հեռանալու է. Ստեփան Դանիելյան

Վարչապետի մամուլի խոսնակն իր լիազորությունները անցել է, որովհետեւ ինքը չէ, որ իրավասու է գնահատական տալ, թե ով է մեղադրվում հանցագործություններ կատարելու մեջ, ով՝ ոչ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը` անդրադառնալով վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանի պատասխանին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը:

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը կուսակցության քաղխորհրդի նիստին հայտարարել էր, որ Կառավարությունը 100 տոկոսով պետք է ցրվի:

«Անկեղծ ասած, ես չգիտեմ պարոն Ծառուկյանը ինչ է մտածել, ինչ քաղաքական հաշվարկների հիման վրա է այս պահին նման հայտարարություն արել։ Ինչ վերաբերում է վարչապետի խոսնակի հայտարարությանը, ապա նա իր լիազորություններն գերազանցել է, որովհետեւ ինքը չէ, որ իրավասու է գնահատական տալ` ով է մեղադրվում հանցագործություններ, կամ չարաշահումներ կատարելու մեջ, ով՝ ոչ: Նման կարգի հայտարարություններ կարող են անել իրավապահ մարմինները այն էլ` ասելով, որ մարդիկ մեղադրվում են ինչ-որ արարք կատարելու համար, իսկ որոշումը կայացնում է դատարանը: ԱԺ մեծությամբ երկրորդ ֆրակցիայի ղեկավարի հայտարարությունը չի կարելի պայմանավորել միայն ինչ-որ տնտեսական իրավախախտումներով։ Այդ հայտարարությունը քաղաքական գործընթացների վրա ազդելու մեծ պոտենցիալ ունի»,-ասաց նա:

Դանիելյանի խոսքով` «Իմ քայլը» խմբակցության անդամների արձագանքն էլ ցույց է տալիս, որ նրանք «մտահոգ» են եւ վստահ չեն իրենց ապագայի եւ ներկայի վրա, այլապես կարող էին անտարբեր լինել այդ հայտարարության հանդեպ»:

Անդրադառնալով Ծառուկյանի` այլ քաղաքական ուժերի հետ հնարավոր համագործակցությանը, քաղաքագետն ասաց, որ ինքը չգիտի, թե ում հետ ԲՀԿ-ն կհամագործակցի, սակայն մի բան պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը սպառված է, ինքը պետք է հեռանա եւ հեռանալու է. «Հիմա շատերին համախմբում է այս կառավարության հրաժարականի պահանջը, սակայն հրաժարականից հետո ուրիշ ինչը կարող է նրանց համախմբել, դա արդեն այլ հարց է։ Քաղաքական միավորները համախմբվում են քաղաքական օրակարգի շուրջը։ Նման օրակարգ դեռևս չկա։ Առանց քաղաքական օրակարգի չի կարող լինել քաղաքական գործընթաց»:

Ստեփան Դանիելյանի կարծիքով` Նիկոլ Փաշինյանի վարկանիշը չափազանց շատ է ընկել, բայց նույնիսկ այդ վիճակում նրանից բարձր վարկանիշ ունեցող կարծես թե չկա, եւ խնդիրն այն է, որ երկրում քաղաքական դիսկուրս գոյություն չունի. «Եթե ասում են, վարչապետ պետք է գնա այսինչ բանի համար, իսկ մենք հավակնում ենք իշխանության կոնկրետ այսինչ օրակարգն իրականացնելու, դա արդեն քաղաքական գործընթաց է։ Սակայն դեռևս պարզ չէ, թե ինչի համար են ցանկանում նոր կառավարություն կազմել, իրենք չեն հիմնավորում, թե ինչի համար են ցանկանում իշխանություն ունենալ, դրա համար էլ Հայաստանի քաղաքական կուսակցությունների վարկանիշը ցածր է: Վարկանիշը հասարակությանն ուղղված քաղաքական առաջարկով է պայմանավորվում»:

Քաղաքագետը ոչ միայն արտահերթ ընտրությունների հնարավորություն է տեսնում, այլ համոզված է, որ դրանք լինելու են: «Խնդիրն այն չէ, թե արտահերթ ընտրություններ կլինեն, թե ոչ, խնդիրն այն է, թե արդյոք Հայաստանում կան ուժեր, որոնք այս պահին պատրաստ են արտահերթ ընտրություններին եւ ունեն քաղաքական ասելիք: Եթե այդ ուժերը լինեն եւ ասելիք ունենան, ապա այդ արտահերթ ընտրությունը շատ արագ տեղի կունենա, եթե ասելիք դեռ չունեն, ապա արտահերթ ընտրությունները կլինեն ավելի ուշ»:

Այս խորագրի վերջին նյութերը