Մեկնաբանություն

08.06.2020 14:30


Որտե՞ղ է խաբում Փաշինյանը՝ վարակվելո՞ւ, թե՞ բուժվելու հարցում

Որտե՞ղ է խաբում Փաշինյանը՝ վարակվելո՞ւ, թե՞ բուժվելու հարցում

Նիկոլ Փաշինյանը համաշխարհային մակարդակի սենսացիոն լուր է հայտնել։ Նա ասել է, որ կորոնավիրուսային թեստ են հանձնել ինքն ու իր ընտանիքի անդամները։ Պատասխանը բացասական է, իրենք լավացել են, ձեռք բերել իմունիտետ և ինքն էլ վերադառնում է աշխատանքի։

Փաստորեն, ստացվում է, որ Փաշինյանը գտել է մի քանի օրվա մեջ կորոնավիրուսից բուժվելու և իմունիտետ ստանալու ձևը։

Պարզ է, որ գործ ունենք բլեֆի հետ։ Մնում է հասկանալ, թե որտե՞ղ է խաբել Փաշինյանը՝ վարակվելո՞ւ, թե՞ բուժվելու հարցում։

Եթե հավատանք, որ Փաշինյանը իրոք վարակված է եղել ու բուժվել և այդ լուրը համադրենք վարկվելու ինկուբացիոն շրջանի մասին աշխարհում հայտնի ժամկետների հետ, ապա ստացվում է, որ նա վարակված է եղել Արցախի նախագահի երդման արարողության ժամանակ և հետևաբար՝ ահագին մարդու է վարակել, ինչը ծայրահեղ անպատասխանատու վարքագիծ է (փաստորեն, ջրի բաժակ փոխող մատուցողի վրա իզուր էր մուննաթ գալիս)։

Շատերը հակված էին այն կարծիքին, որ Փաշինյանը, ինչպես միշտ, ստում է և վարակված չի եղել։ Նա պարզապես, ինչ-ինչ հաշվարկներից ելնելով, որոշել է վարակված խաղալ։ Ու հիմա, երբ «ժողովրդի» վարչապետը հայտարարում է, թե բուժվել է և իմունիտետ ձեռք բերել, պարզապես քմծիծաղ է առաջացնում։

Կա նաև վարկած, որ Փաշինյանը վարակված է եղել և շարունակում է այդպիսին մնալ, բայց քանի որ իշխանության կորստի վտանգ է զգացել, որոշել է վերադառնալ աշխատանքի՝ հարվածի տակ դնելով շատերի կյանքն ու առողջությունը՝ հանուն սեփական աթոռի։

Վարչապետի աշխատակազմին, ՔՊ-ականներին ու մյուսներին խորհուրդ ենք տալիս, ամեն դեպքում, հեռու մնալ վարչապետի հետ շփումներից, անպայման կրել դիմակ ու պահանջել, որ Փաշինյանը դիմակ կրի։

Ի դեպ, Փաշինյանը, ով խոստացել է թափանցիկ աշխատանք, լավ կանի հրապարակի իր բոլոր թեստերի պատասխանները՝ կոնկրետ հետազոտողների ստորագրությամբ ու համապատասխան կնիքով։ Դա հետագայում պետք է գալու։

Արեգնազ Մանուկյան

Հ․Գ․ Մենք առողջություն ենք մաղթում բոլոր վարակակիրներին։ Այդ թվում՝ վարչապետին։

Այս խորագրի վերջին նյութերը