Մեկնաբանություն

28.03.2011 20:11


Առևտուրը շարունակվում է

Առևտուրը շարունակվում է

Հայ ազգային կոնգրեսը, իսկ ավելի ճիշտ` Լևոն Տեր–Պետրոսյանը, շարունակում է հրապարակավ սակարկել Սերժ Սարգսյանի հետ և այդ սակարկության առարկա դարձնել հանրահավաքի մասնակիցների թվաքանակը։

ՀԱԿ–ից ասում են, թե եթե ապրիլի 8–ին 200 հազ. մարդ դուրս գա փողոց, ապա Սերժ Սարգսյանը կփախչի։ Այսինքն ստացվում է, որ եթե տվյալ մարդաքանակը չապահովվի, ապա Սարգսյանը չի փախչի, բայց պարզ չի դառնում, թե չփախչելու փոխարեն ի՞նչ կունենանք։

Կամ մյուս կողմից էլ ստացվում է, որ սրանից հետո ՀԱԿ–ը չի կարող թվանկարչությամբ զբաղվել ու մի օր հայտարարել, թե իրենց հանրահավաքին ներկա  է, ասենք,  200 կամ 300 հազ. մարդ։ Էդ դեպքում մարդիկ կասեն, թե եթե ՀԱԿ–ի գլխաքանակի պլանը կատարել ու գերակատարել ենք՝ բա էս Սերժը ինչու՞ չի փախչում։

Ընդ որում՝ քանի որ թիվ «կրակելով» է, և «կրակող» կողմերն էլ շահագրգռված են կա՛մ ուռճացնել, կա՛մ փոքրացնել Մատենադարանի մոտ հավաքվածների քանակը, ապա «200 հազ. մարդ» ասածը դառնում է ավելի շատ հոգեբանական ու առևտրային երևույթ, քան քաղաքական գործընթացները կանխորոշող գործոն։ Այսինքն՝ ՀԱԿ–ի կողմից իրականում  փորձ է արվում մարդկանց քանակի մանիպուլյացիայի միջոցով «Ազգային համաձայնության կամ փրկության կառավարության» կառուցման, իսկ ավելի հստակ՝ հաճախորդացման ընթացքում հնարավորինս շատ մասնաբաժին պոկել Սերժ Սարգսյանից։ Այդքան բան։

Թե ինչպես կավարտվի քաղաքական առևտուրը «Եղիազարի» ու «միաբանի» միջև այս փուլում, պարզ կդառնա շատ շուտով։ Բայց պետք է արձանագրել, որ կողմերի միջև քաղաքական գործարքը կամ «երկխոսությունը» ոչ թե այս տարվա մարտի 17–ին էր կայացել, երբ ոստիկանության աչալուրջ հայացքի ներքո «գրավվեց» Ազատության հրապարակը, այլ առնվազն դրանից մեկ ամիս առաջ, երբ լևոնական ու սերժական շրջանակներն ամեն ինչ արեցին, որպեսզի իշխանական կոալիցիան նոր հուշագիր ստորագրի՝ ամրացնելով ՀՀ նախագահի դիրքերը։

Այն օրերին «լևոնական» մամուլը գրում էր, թե Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին սպառնացել է, թե եթե իրեն շատ ճնշեն ու ստիպեն հուշագիր ստորագրել, ապա ինքը 50 հազ. մարդով դուրս կգա փողոց և կմիանա Լևոնի փետրվարի 18–ի հանրահավաքին։ Բաղրամյան 26–ից հրահանգավորվող լրատվամիջոցներն այդքան բանը, «չգիտես» որտեղից, իմացել էին, բայց «մոռացել» էին իրենց իմացածին ավելացնել, թե Սերժ Սարգսյանն ի՞նչ էր ասել ի պատասխան Ծառուկյանի ասածների։

Մենք, ի տարբերություն Սարգսյան–Ծառուկյան զրույցի ժամանակ «մոմ պահած» լրատվամիջոցների, իհարկե, չգիտենք, թե արդյոք Ծառուկյանի կողմից նման բան ասվե՞լ է, թե՞ ոչ։ Բայց եթե այդ թեմայով զրույց եղել է, ապա կարելի է միայն ենթադրել, թե  ի՞նչ է պատասխանել Սարգսյանը Ծառուկյանի՝ Լևոնին միանալու սպառնալիքին։

Դատելով կոալիցիոն նոր հուշագրի ստորագրման նախորդ օրը Լ. Տեր–Պետրոսյանի խնամի Դավիթ Շահնազարյանի՝ ակնհայտ սերժամետ ասուլիսից, որի ժամանակ հայտարարվեց, թե Կոնգրեսը լինելու է ներիշխանական կայունության երաշխիքն ու ամեն ինչ անելու է, որպեսզի ապակայունացում չլինի, ՀՀԿ «ճկուն» ղեկավարը ԲՀԿ առաջնորդին հակադարձած կլինի, թե Տեր–Պետրոսյանի վրա Ծառուկյանը հույս դնել չի կարող, քանի որ «արմատականներն» արդեն իր գրպանում են։ Որպես ասվածի վառ ապացույց Սարգսյանը ներկայացրած կլինի Շահնազարյանի, իմա՝ Տեր–Պետրոսյանի ասուլիսային ձևակերպումները։ Դրանով Սարգսյանը Ծառուկյանին հասկացրած կլինի, որ փողոցում կանգնած բողոքավոր զանգվածը միջնորդավորված ձևով իր ձեռքում է, որից հետո է, ենթադրաբար, ԲՀԿ առաջնորդը  տեղի տվել ու ստորագրել հուշագիրը։

Հետագա գործընթացներն արդեն ցույց տվեցին, որ Տեր–Պետրոսյան–Սարգսյան «շախմատային» պարտիան կոալիցիոն հուշագրի ստորագրմանն աջակցելով չի ավարտվել։ Տեր–Պետրոսյանի վրա խնդիր է դրվել մոբիլիզացնել ամբողջ բողոքական զանգվածն իր տակ ու մարել սոցիալական լարվածությունը, ինչը ՀԱԿ առաջնորդը փայլուն կատարում է, իսկ իշխանություններն էլ ինչով կարողանում՝ օգնում են։

Լևոն–Սերժ համագործակցության շրջանակներում է տեղի ունենում նաև Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ հարձակումը։ Վերջինս իր անսպասելի քայլով խառնեց սերժա–լևոնական երկխոսության «պետականամետ»  խաղաքարտերը ու հիմա կողմերն ահագին նյարդայնացած են։ Իսկ ամեն ինչ այնքան «լավ» էր գնում. ՀԱԿ–ը հանրահավաք էր անում, իշխանություններին պահանջ ներկայացնում, հետո էլի հանրահավաք անում ու էլի պահանջ ներկայացնում և գնում «սահմանադրական» ճանապարհով, բայց հիմա ստիպված է Ազատության հրապարակը «գրավել», «Լևոն պապի» ներկայացումը բեմադրել «նա բիս» տարբերակով, բեմի վրա պարել, Մանդակունուն հիշել, և դրանից հետո միայն գնալ «սահմանադրական» ճանապարհով՝ հընթացս բարձրացնելով մարդկանց տուն ուղարկելու գործը պատվով կատարելու գինը, ինչն, անշու՛շտ, միակ դրական բանն է «արմատականների» համար՝ այն էլ այս տնտեսական ճգնաժամի պայմաններում։ Կարծում եք, թե հե՞շտ է այս ամենը գլուխ բերելը։ Հեշտ չէ։ Դրա համար էլ գործն ամբողջությամբ իր վրա է վերցրել պապին ու միայնակ տանում է «միաբանի» ծանր բեռը։

Մի խոսքով՝ առևտուրը շարունակվում է։ Հաջորդ «կանգառը» մայիսի 1–ին։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը