Մեկնաբանություն

06.06.2020 12:25


Ծառուկյանն՝ ընդդեմ Փաշինյանի (չհաշված Տեր-Պետրոսյանը)

Ծառուկյանն՝ ընդդեմ Փաշինյանի (չհաշված Տեր-Պետրոսյանը)

Գագիկ Ծառուկյանի ելույթից հետո Նիկոլ Փաշինյանի ոչ ֆորմալ մամլո խոսնակ և համատեղությամբ աներձագը նյարդային ռեակցիա տվեց։ Էժանագին ռեակցիա։

Հետո խոսեց ֆորմալ մամլո խոսնակը և նրան միացան մյուս իրքայլականները։

Որոշ ժամանակ անց Նիկոլենց համար ընդդեմ Ծառուկյանի դամքյաշություն արեցին նաև բնության մեջ մնացած հատուկենտ լևոնականները և պատկերն ամբողջացավ։

Արժե, ուրեմն, հիշել ոչ վաղ անցյալի պատմությունը։

Փակված զուգարաններից դեպի առյուծի վանդակներ

2008–ի նախագահական ընտրություններից ու իշխանությունը մարդկանց կյանքի գնով վերցնելու անհաջող փորձից հետո («թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի») Լևոն Տեր–Պետրոսյանի միակ խնդիրը Սերժ Սարգսյանի «էջմիածնական միաբան» դառնալն էր, այսինքն՝ հաճախորդանալը։ Նրա երկար տարիների չարչարանքն արդյունք տվեց։ 2011–ին սկսվեց Սերժ Սարգսյանի ու Լևոն Տեր–Պետրոսյանի հրապարակային երկխոսությունը։ Դա կարճ տևեց։ ՀՀ 3–րդ նախագահը «երկխոսացրեց» ՀՀ 1–ին նախագահին ու հետո թողեց Ազատության հրապարակին կից փակված զուգարանների առաջ։

Ի դեպ, այդ ընթացքում տեղի ունեցավ գործարք, ինչի արդյունքում փողոցային բախումներ հրահրած և մարդկանց կրակի բերան տարած Նիկոլ Փաշինյանն ազատ արձակվեց բանտից։

Թե ինչ էր տեղի ունեցել բանտում, ով և ինչպես էր «երկխոսացրել» Նիկոլին, կարելի է գլխի ընկնել, քանզի ազատության մեջ հայտնվելուց հետո նա «թունդ ընդդիմադիր» դիրքերից աշխատում էր այն ժամանակվա իշխանությունների օգտին՝ կռիվ տալով իշխանության իրական ընդդիմախոսների դեմ։

Ինչ մնում է Տեր–Պետրոսյանին, ապա նա փակված զուգարանների առաջ մնալով ստիպված եղավ, պատկերավոր ասած, ապավինել առյուծի վանդակներին։ Այլ կերպ ասած՝ գնաց ԲՀԿ–ի դուռն ու կցվեց Գագիկ Ծառուկյանին։ Դա անհանգստացրեց իշխանություններին և նրանք Նիկոլ Փաշինյանին արեցին առաջարկ, որից նա չէր կարող հրաժարվել։ Նիկոլը սկսեց «սկզբունքային» խաղալ և դեմ դուրս գալ ՀԱԿ առաջնորդ Տեր–Պետրոսյանի գծին, թե բա ո՞նց կարելի է Ծառուկյանի հետ համագործակցել, թե բա ֆլան, թե բա ֆստան, թե բա․․․

Թե ինչ եղավ հետագայում, հայտնի է՝ Նիկոլը ՀԱԿ–ի հաշվին պատգամավոր դարձավ ու թռավ՝ ոչ առանց կողմնակի աջակցության ստեղծելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու հայհոյելով իր նախկին թիմակիցներին՝ Լևոնից մինչև ՀԱԿ–ական ընկերներ, իսկ քաղաքական լարված փուլում Տեր–Պետրոսյանը ճամբարափոխ եղավ ու մի բաց նամակ գրեց Սերժ Սարգսյանին (մոտավորապես երեկվա «սիլլոգիզմի» ոճի)։ Այդպիսով ավարտվեց քաղաքական զարգացման այդ ցիկլը։

Երեկ Տեր–Պետրոսյանը ցույց տվեց, որ լավ վախեցած է։ Վախեցած է ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ սեփական ճակատագրի համար։

ՀԱԿ առաջնորդը լավ հասկանում է, որ Նիկոլի անկումը նաև իրենն է լինելու, քանզի ներդրված խաղի կանոնի համաձայն՝ հաջորդ իշխանությունն արդեն սկսելու է ընտրակեղծարարության ու սահմանադրական կարգի տապալման գործերը քննել, այսինքն՝ 1995 և 1996 թվականների ընտրություններն ու դրան հաջորդած իշխանական հանցագործությունները վեր հանել։

Այդ վախն է պատճառը, որ չնայած Նիկոլի կողմից այդքան նվաստացվելուց հետո, Տեր–Պետրոսյանը քծնում է նրան ու փորձում պաշտպանել։

Բա խի՞ Նիկոլի վախտ չէիք խոսում

Հիմա Նիկոլ Փաշինյանը` որպես ասիմպտոմ պացիենտ, փրփրել է Ծառուկյանի վրա։ Շներին «ֆաս» հրամանն է տվել։ Սպառնում է քրեական գործերով։ Եվ այստեղ է որ հարց է առաջանում՝ բա եթե Ծառուկյանն էդքան վատն էր, բա ինչո՞ւ նրա հետ համատեղ կառավարություն կազմեցիք ու հուշագիր ստորագրեցիք։ Նիկոլական զոմբիների ասած՝ բա խի՞ Նիկոլի վախտ չէիք խոսում։

Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս նիկոլական իշխանության բնույթը։ Դատաիրավական համակարգը սրանք օգտագործում են զուտ իրենց քաղաքական նպատակների և սեփական ապօրինի ցանկությունները պետական ռեսուրսներով կյանքի կոչելու համար։

Ի՞նչ է սպասվում

Ծառուկյանն ասել է այն, ինչ մտածում են շատերը՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ձախողվել է բոլոր ոլորտներում և պետք է 100 տոկոսով փոխվի։

Նիկոլենք ԲՀԿ առաջնորդին փաստարկներով հակառակվելու փոխարեն սպառնում են քրեական գործերով և աներձագի շուրթերով դիշովկայություններ են անում։ Դա ցույց է տալիս, որ իրականում ասելիք չունեն։

Նիկոլենք դարձել են մարդկանց կյանքի ու առողջության համար սպառնալիք և պետք է փոխվեն։

Այդ փոփոխությանը պետք է հասնել քաղաքական–հասարակական լայն կոնսոլիդացիայով։ Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունը, հասարակական կազմակերպությունները և մեր երկրի ճակատագրով անհանգիստ բոլոր քաղաքացիները պետք է մեկ միասնական գործողությունների ծրագրի շուրջ համաձայնության գան, ձևավորեն Ազգային համաձայնության ու հակաճգնաժամային ժամանակավոր կառավարություն և նախապատրաստվեն հետկորոնավիրուսային խորհրդարանական ընտրություններին։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը