Կարծիք

06.06.2020 11:19


Այսօր հենց Նիկոլի կողքը լինելն է դավաճանություն պետության, երկրի, ազգի, ժողովրդի հանդեպ

Այսօր հենց Նիկոլի կողքը լինելն է դավաճանություն պետության, երկրի, ազգի, ժողովրդի հանդեպ
Այսօր հենց Նիկոլի կողքը լինելն է դավաճանություն պետության, երկրի, ազգի, ժողովրդի հանդեպ։ Որովհետև աղետի գլխավոր մեղավորը Նիկոլն է՝ իր թիմով։
Մեղավոր է, որովհետև երբ պետք էր ռեսուրսներ կուտակել, նա զբաղված էր ռեսուրսները մսխելով (առ այսօր էլ դրանով է զբաղված), երբ պետք էր վիրուսի վտանգների մասին զգուշացնել, նա այդ վտանգները ծաղրում էր, երբ պետք էր վիրուսի դեմը փակել, նա դարպասները բաց էր պահում... Ու երբ վերջապես հազիվ մեկ ճիշտ քայլ արեցին՝ կոշտ կարանտին, ընդամենը 12 օրից այն թույլ թողեցին և հիմա ունենք այն, ինչ ունենք։
Այն օրերին, երբ Հայաստան պիտի հարյուր հազարավոր թեստեր բերվեին, ԹԱՕ սարքեր, պաշտպանիչ հանդերձանք ու դիմակներ, Հայաստանից տասնյակ տոննաներով մաքսանենգ ծխախոտ էին թռցնում։
Ամենակարևորը՝ այն ժամանակ, երբ Նիկոլը պարտավոր էր պատերազմի լոգիկային համապատասխան ազգը համախմբել, մոբիլիզացնել, նա զբաղված էր ճիշտ հակառակով. թշնամություն սերմանելով ու վիրուսի դեմ պայքարում մարդկանց դեմոտիվացնելով։ («Կարող է տաքերն ընկնեն, վիրուսն էլ վերանա», հիշո՞ւմ եք)։
Վտանգի մասին դեռ փետրվարից զգուշացնողներին խուճապ տարածողներ էին պիտակում, ԱԺ-ում ընդդիմադիր ծեծում, անիրավ քրեական գործեր կարում, այս ծանր պայմաններում փորձում էին (ու շարունակում են փորձել) բիզնեսներ խլել կամ սննկացնել, հարկեր են ավելացնում և այլն, և այլն։
Եթե ԼՏՊ-ի եզրաբանությունն ընդունենք, ապա Նիկոլն այն հրամանատարներից է, որոնց գործունեությունը (կամ անգործությունը) վաղ թե ուշ աղետի է բերելու և որոնց վերջը դասալքությունն է և/կամ ռազմադաշտային դատարանը, որտեղ դատում են պատերազմի ժամանակի օրենքներով։
Եթե սա պատերազմ է վիրուսի, և ոչ թե Հայաստանի ժողովրդի դեմ, ապա Լևոն Տեր-Պետրոսյանը չի կարող չհասկանալ, որ հենց պատերազմի լոգիկան է պահանջում, որ Նիկոլի թիմն անհապաղ հեռանա։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը