Կարծիք

06.06.2020 11:10


Պարզագույն դեմագոգիա

Պարզագույն դեմագոգիա

Կորոնավիրուսը Հայաստանին պատերազմ հայտարարել է ոչ թե հունիսի 5֊ին, այլ առնվազն երեք ամիս առաջ։ Ընդ որում՝ պատերազմ առաջինը մեզ չի հայտարարել՝ "պատերազմական գործողություններն" արդեն ընթանում էին աշխարհով մեկ, բոլորն էլ տեղյակ էին։

Իսկ ինչո՞ւ Լևոն Տեր֊ Պետրոսյանը երեք ամիս առաջ մոբիլիզացիայի կոչ չարեց և, օրինակ, իշխանությանը չհորդորեց հանրաքվեի պատրաստվելու փոխարեն պատրաստվել համավարակի դեմն առնելուն։

Ասեմ. ավելի էական պատճառից զատ՝ որովհետև իր բազմաթիվ հրապարակային (և ավելի շատ՝ ոչ հրապարակային) նախորդ հորդորներն ու առաջարկները կառավարության կողմից անտեսվել են։ Ի դեպ, ինչպես և քաղաքական ուժերից շատերի, մասնագետների, հանրության առաջարկներն ու հորդորները, վերջապես՝ առողջ տրամաբանությունն է անտեսվել։

Իսկ այդ երբվանի՞ց է երկրի ու ժողովրդի վիճակի մասին իշխանության ներկայացրածից տարբերվող կարծիք հայտնելը կամ բոլորի համար ակնհայտ սխալների մասին խոսելն ու քննադատելը դավաճանություն։ Բա դա ժողովրդավարությո՞ւն է, բա դա ազնի՞վ է, վերջապես՝ բա դա ճի՞շտ է։ Ստացվում է ժողովուրդը ոչ միայն մեղավոր է համավարակի տարածման մեջ, ոչ միայն մեղավոր է, որ հիվանդացել է այլև՝ դավաճան է, որովհետև բողոքում է։

Մի հարց էլ. սոցիալական ցանցերում վերջին շաբաթներին ՀԱԿ ակտւվիստները կառավարությանն ավելի շատ ու թունդ են քննադատել, քան՝ ես։ Հիմա իրե՞նք էլ են դավաճան։

Եվ, վերջապես, այս իրավիճակում, այս ընթացքում միայն ընդդիմությո՞ւնն է զբաղված քաղաքական պայքարով, իշխանությունը, կառավարությունն ավելի շատ համավարակի՞ դեմ են պայքարում, թե՞ քաղաքական ընդդիմության դեմ, գործ են անո՞ւմ, թե՞ մեղադրում։ Թե՞ իրենց գործը նույնիսկ այս պայմաններում ուրիշին ու բոլորին մեղադրելն է։

Եթե պարզագույն դեմագոգիան մի կողմ դնենք, ապա գործ ունենք իրականության հերթական նենգափոխման հետ։ Իրականությունն էլ ախր շատ հստակ ու տեսանելի է՝ կառավարությունը ձախողել է համավարակի դեմ պատերազմը։ Դա չխոստովանելն արդեն կամ մանկամիտ կամակորություն է, կամ երեսպաշտություն։ Եվ եթե չենք ուզում, որ վաղն էլ տնտեսական, սոցիալական, հումանւտար կամ ( Աստված չանի) այլ պատերազմում պարտվենք, պետք է ոչ թե լռել, այլ բաց խոսել։ Լռելն է դավաճանություն. իրականությունը տեսնել, հասկանալ, հետևանքները գիտակցել, բայց հանդուրժել ու լռելն է դավաճանություն։

Սպարտակ Սեյրանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը