Կարծիք

28.03.2011 16:14


Փալասն ու Փիլիպոսը

Փալասն ու Փիլիպոսը

Փալասին, որ փալաս ես ասում, էլի նեղանում է: Մարդիկ կան` չեն նեղանում, այլ, առիթից օգտվելով, փող են պահանջում: Նեղանային` կգային ասողի մոտ, կամ կզանգեին, կպայմանավորվեին հանդիպել և մարդավարի կգային համաձայնության: Դժվա՞ր է լրատվամիջոցի գլխավոր խմբագրին մի քանի հակափաստարկ ներկայացնել ու մի բան էլ մուննաթ գալ վրան, թե տես, ես այս մարդն եմ, իսկ դուք ինձ փալաս եք անվանել: Խմբագիրն էլ, ի վերջո, իր լրատվամիջոցի համար ամենաշատ ցավող մարդն է: Հերքում տպագրելը, ներողություն խնդրելը մարդու` խմբագրի, լրագրողի, վերջապես լրագրի վարկն ավելի է բարձրացնում եւ ոչ թե գցում, ինչպես կարծում են ոմանք: Հերքման հետ վիրավորված մարդու վարկն է բարձրանում, շահում են, մի խոսքով բոլորը: Շահում է հասարակությունը, նա կազմակերպվում է, դառնում ավելի հանդուրժողական: Այլապես ինչի՞ նման է, երբ լրագրին, լրագրողին ու խմբագրին քարշ են տալիս դատարան, թե արի, փողս տուր, որովհետև ինձ վրավորել, իմ մասին սխալ բան ես տպել: Ցույց տվեք ինձ մի մարդու, որ այս ճանապարհով կարողացել է սեփական վարկը բարձրացնել, որ թերթին ու լրագրողին «ստրկացնելով» բարի համբավավոր է դարձել: Մինչդեռ հակառակ երևույթն է ամեն քայլափոխի, ժողովրդական թուքումոր` ամոթ չի՞, դա անելու բա՞ն է, ինքը միլիոնների մեջ խրված, խեղճ լրագրողից է փող պլոկում եւ այլն:

Որևէ կերպ չեմ ցանկանում արդարացնել այն լրատվամիջոցներին ու խմբագիրներին, ովքեր սուտ տեղեկատվությունն ու բացահայտ հայհոյանքն են դրաձրել իրենց գործունեության առանցքը: Ի դեպ` հենց այս կարգի լրատվամիջոցների հրապարակումներին է, որ մեր պաշտոնյաներն ու բիզնեսմեններն ավելի քիչ են ուշադրություն դարձնում: Տեսեք ինչպիսի պարադոքս է` նա ով հայհոյում է, դիտվում որպես տեր ունեցող եւ չի հետապնդվում, իսկ նա, ով փորձում է լուրջ հրապարակման միջոցով անդրադառնալ խնդրին` անմիջապես ենթարկվում է հետապնդման: Ի՞նչ անենք, ուրեմն, դառնանք սկսենք մասսայաբար հայհոյե՞լ, տակից գլխից դուրս տա՞լ, սևացնե՞լ, ցեխոտե՞լ:

Համեմատեք, խնդրեմ հետևյալ երկու նախադասությունները. «Եթե նայելով սովորեին, ղասաբի շունը վաղուց ղասաբ էր դարձել: Փիլիպոս Փիլիպոսյանն այդպես էլ քաղաքական գործիչ չդարձավ» եւ «Փիլիպոս Փիլիպոսյանը, ինչպես ղասաբի շունը, ոչ ղասաբ դարձավ, ոչ էլ քաղաքական գործիչ»: Տրամաբանությունը հուշում է, որ իրեն վիրավորելու համար Փիլիպոսը դատի պետք է տա երկրորդ նախադասության հեղինակին եւ նրա լրատվամիջոցը: Բայց մեզ մոտ ամեն ինչ տեղի է ունենում տրամաբանությանը հակառակ: Փիլիպոսն իրականում վախենում է իրեն հանդուգն հայհոյողից` տեսնես ո՞վ է սրա թիկունքում: Եվ, քանի որ վախենում է, դատի է տալիս առաջինին, որովհետև առաջինն էլ նույն բանն է ասել, բայց դա արել է չափի մեջ, առանց հայհոյելու, իսկ Փիլիպոսի կարծիքով` իրենից վախենալով: Ավելին ասենք: Հետագայում Փիլիպոսը բոլոր ճանապարհներով կապ է հաստատում հայհոյողի հետ, «մտնում երակը», փող տալիս, որ իրեն չհայհոյեն կամ իր մասին ոչինչ չգրեն այլևս: Սա է մեր փիլիպոսների փիլիսոփայության գործակիցը:

Իհարկե, Փիլիպոսին թևավորում է նաև օրենքը, որ նրան պաշտպանում է նայած հանգամանքներին, նայած նրա չափուկշռին: Բայց դա չի նշանակում, որ Փիլիպոսն արդար է ու նրա մասին թթու խոսք գրած լրագրողն անարդար:

Լրագրողը դատախազ չէ, վերջապես, որ անհերքելի ապացույցներով` մատնահետքերով, ծխախոտի մնացորդով, մազափնջով, արյան բծերով, հագուստի ծվենով, բանով հիմնավորի իր հոդվածը: Նա հասարակակն հնչեղություն ստացած հարց է վերլուծում ընդամենը, գրում այդ հարցի հետ առնչվող մարդկանց մասին, վերլուծում իրողությունները: Հավանաբար նա որևէ բան չպետք է հրապարակի, կամ թերթերը լույս պիտի չտեսնեն, որ հանկարծ անճշտություն չլինի: Նման բան հնարավո՞ր է: Ոչ, իհարկե: Հետևաբար օրենքն ու դատարանը բոլորովին այլ կերպ պետք է մոտենան հարցին, հստակ չափանիշ դնեն, թե ինչն է հայհոյանք եւ ինչը ոչ: Իսկ մեր դատարանը, քանի որ անորոշ օրենքն է դա թույլ տալիս, բռնում ու կացնահարում է լրատրվամիջոցին` հասարակական ֆիգուր Փիլիպոսին «վիրավորելու համար»` առանց խորանալու հարցի մեջ, որ տպագրվածը ոչ թե վիրավորանք է, այլ անձնական կարծիքի ազատ արտահայտություն:

Հաճախ նաև հայերենի իմացության խնդիր է առաջանում դատարաններում: Խայտառակ լեզու ունենք, ի՞նչ արած: Մի բան ասում ես` բոլորավին այլ բան է դուրս գալիս: Բայց սրա հնարն էլ կա: Կարելի է, օրինակ, այսպիսի օրենք ընդունել. «Այսուհետ «ղասաբի շուն» եւ «Փիլիպոս» բառերը չգործոծել նույն նախադասության մեջ, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա հիշյալ բառերի միջև ընկած հեռավարությունը սահմանել 10 բառից ոչ պակաս»: Կատակը մի կողմ, բայց բանն արդեն այստեղ է հասնում: Ու դա նաև այն պատճառով, որ Փիլիպոսի փորացավն ուրիշ է: Իսկ թե ո՞րն է, մենք արդեն ասացինք: Նորից կարդացեք այս հոդվածի առաջին երկու նախադասությունը:

Էդիկ Անդրեասյան

Այս խորագրի վերջին նյութերը