Մեկնաբանություն

05.06.2020 15:10


Փաշինյանն էժանագին «բլոգերությամբ» ոչնչացնում է իր իշխանությունը

Փաշինյանն էժանագին «բլոգերությամբ» ոչնչացնում է իր իշխանությունը

Ոմանք կարծում են, որ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի վերջին «բլոգերային» ժայթքումները կարող են կորոնավարակային ինքնամեկուսացմամբ պայմանավորված լինել: Ոմանք, անգամ եղանակային պայմաններին են հղումներ անում: Հին դարերում ապրեինք, գուցե պալատական աստղագետներ լինեին ու աստղերի և Լուսնի դիրքով պայմանավորված ինչ-որ բացատրություններ տային:

Ռեալության մեջ, իհարկե, կան վարչապետի պաշտոն ունեցող գործչի ակնհայտորեն անհավասարակշիռ պահվածքի շատ ավելի ռացիոնալ և հիմնավորված հնարավոր բացատրություններ:

Ամենից առաջինն, իհարկե այն է, որ Նիկոլ Փաշինյանը սկսել է տեսնել, որ կորոնավարակային այս շրջանում հանրության մեծ մասի համար բացահայտվել է իր գլխավորած կառավարության անճարակությունն ու անպիտանությունը: Ո՞ւմ է պետք որևէ կառավարություն, եթե նույնիսկ արտակարգ դրության պայմաններում չի կարողանում իր հիմնական պարտականությունները կատարել: Ո՞ւմ է պետք այնպիսի իշխանություն, որի ներկայացուցիչները, մեկը մյուսին հերթ չտալով, անհեթեթություններ են խոսում և նույնքան էլ անհեթեթ որոշումներ և օրենքներ ընդունում, պահանջներ դնում հանրության առաջ, ում վճարած հարկերի հաշվին վարձատրվում ու գերվարձատրվում են:

Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, փորձեց կիրառել իր գլխավոր «զենքերից» մեկը՝ հնարավորինս շատ աղմուկ հարուցել, ամեն ինչ ու բոլորին խառնել իրեր, մարդկանց տրամադրել մեկը մյուսի դեմ և, այդ շփոթից օգտվելով, ամրացնել իր խախուտ և արդեն ակնհայտորեն երերացող իշխանությունը: Իշխանություն, որ այսօր հենված է գերազանցապես բիրտ ուժի, ոստիկանականության, մեկ էլ՝ «անեծք-լուտանք»-ային ֆեյքերի կամ սեփական չարությունից ոչինչ չտեսնող ու ամեն ինչ տրորող մարդկային ցածր նկարագիր ունեցողների վրա:

Ամբոխավարական տարբերակով «անպատասխանատու հանրությանը» մեղավոր նշանակելուն հաջորդեց վարչապետի ֆեյսբուքյան էջը էժանագին «բլոգերության» հարթակ դարձնելը: Հարթակ, որն ավելի շուտ հասարակության տարբեր ներկայացուցիչների հասցեին փաշինյանապաշտների կողմից անձնական վիրավորանքներ լցնելու, անձի արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված արտահայտությունների վիրտուալ կեղտաման է հիշեցնում:

Ու «բլոգերությունն» էլ, Փաշինյանը իրականացնում է, ինչպես իր «Հայկական ժամանակ»-ն էր «վարում»: Երկու-երեք օրվա մեջ Փաշինյանը բազմիցս հրապարակեց լուսանկարներ ու տեսանյութեր, որոնցով, ըստ էության ապատեղեկատվություն էր տարածում, քանի որ այդ լուսանկարները կամ այլ ժամանակ էին արվել կամ տեսանյութն էր մի երկու տարվա, կամ նույնիսկ արված էր այլ երկրում: Ի լրումն, Նիկոլ Փաշինյանը, լինելով վարչապետ, սկսեց անել գրառում-հրապարակումներ, որոնցով կոպտորեն խախտում է մարդու անձնական կյանքի անձեռնմխելիության գրված ու չգրված նորմերը, խախտում է անձի պատվի և արժանապատվության հետ կապված տարրական պահանջները:

Դժվար է ասել, թե ով ինչի համար էր երազում ու տենչում, որ Նիկոլ Փաշինյանի նման մեկը լինի Հայաստան պետության ղեկավար, բայց հազիվ թե մարդիկ նման ինքնադրսևորումների համար Փաշինյանի օգտին քվեարկած լինեն:

Դեռ մի կողմ թողնենք վարչապետի ժամանակավոր կոչում-պաշտոնը: Նա անում է բաներ, որ անվայել են մարդուն, հայ մարդուն, առհասարակ՝ ընտանիքի հասուն տարիքի հորը, որ ինքն էլ դուստրեր ունի:

Դե, աղջնակի լուսանկարի հետ կապված խայտառակ պատմությունը, որով այսօր «արթնացավ» Ֆեյսբուքի հայագիր-հայախոս հատվածը, չվերարծարծենք: Բայց այն բնութագրական է:

Ընդ որում, Փաշինյանը մի քանի անգամ, երբ պարզվեց որ իրականությանը չհամապատասխանող, ապակողմնորոշող ապատեղեկատվություն է տարածում, ասես՝ ոչինչ չէր եղել, հեռացնում էր խնդրո առարկա գրառումը՝ նկարով ու տեսանյութով հանդերձ: Բանն այնտեղ հասավ, որ մի ռեստորանի ներկայացուցիչ հորդորեց վարչապետին ապատեղեկատվություն չտարածել, թե իրենց մոտ ինչ-որ «ընդհատակյա հարսանիք» է լինելու:

Դա, կներեք, արդեն իշխանության վերջն է: Չէ, ձևի առումով Նիկոլ Փաշինյանն ու իր ոչ բարով՝ «քայլը» դեռ իշխանություն են: Բայց բովանդակային առումով Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոչ միայն լեգիտիմ չէ այլևս, ոչ միայն չի արտահայտում հանրության տրամադրությունները, այլև լիովին սպառված է:

Ու որքան ավելի շատ հայրենակիցների է դա բացահայտ դառնում, այնքան երկրի քաղաքական օրակարգում առավել պարզորոշ է ուրվագծվում հիմնական հարցը. ինչպե՞ս անել, որ Փաշինյանի իշխանության վերջը չվերածվի Հայաստանի Հանրապետության վերջի:

Հնարավոր խելամիտ ելքի մեխանիզմը կարծես պարզ է. այս անօգուտ իշխանությանը համոզել կամ քաղաքական գործիքներով հարկադրել, որ հրաժարական տա, ձևավորել ժամանակավոր (անցումային) և հակաճգնաժամային կառավարություն, շտկել իրավիճակը՝ առողջապահական, սոցիալական, տնտեսական, հասարակության բարոյահոգեբանական վիճակը հնարավորինս վերադարձնել բնականոն հուն, որից հետո, ընտրությունների միջոցով ձևավորել նոր իշխանություն:

Պետության ղեկի մոտ Նիկոլ Փաշինյանի անցկացրած հաջորդող ամեն մի օրը նշանակում է էլի մի քայլով մոտենալ կործանման անդունդի եզրին:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը