Քաղաքական

05.06.2020 12:56


Սա մարդու իրավունքների խախտում է․ վարչապետն անցել է հոգեբանական ահաբեկչության. Լարիսա Ալավերդյանը՝ վարչապետի հրապարակած լուսանկարների մասին

Սա մարդու իրավունքների խախտում է․ վարչապետն անցել է հոգեբանական ահաբեկչության. Լարիսա Ալավերդյանը՝ վարչապետի հրապարակած լուսանկարների մասին

Սա մարդու իրավունքների և ազատությունների, անձնական տարածքի անձեռնմխելիության խախտում է: Վարչապետը մասնավոր անձ չէ՝ պետությունն է․ նշանակում է՝ նա՝ որպես պաշտոնատար անձ, մտնում է անձնական դաշտ՝ անձի անձեռնմխելիությունը ոտնահարելով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան, ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված լուսանկարներին ու տեսանյութերին, որոնք հանրայնացավում են առանց քաղաքացիների թույլտվության։

«Ամբոխը վարչապետի կողմից ուղղվում է անձի կամ անձանց ուղղությամբ: Կարծես թե օրվա վարչապետը սկսում է կիրառել իր ասած «սամասուդը»: Բոլորովին չտիրապետելով կառավարման մեթոդներին՝ օգտագործվում է այս դատապարտելի մեթոդը:Մարդու իրավունքները պաշտպանված են այնտեղ, որտեղ կառավարումը լավ է իրականացվում, դա փաստում են բազմաթիվ վերլուծություններ, քանզի մարդու իրավունքների բազմաթիվ ոտնահարումներ տեղի են ունենում հենց վատ կառավարման հետևանքով: Վարչապետն անցել է յուրահատուկ ահաբեկչության մեթոդի: Ամբողջովին դատապարտելի է մարդու անձնական տարածք կոպիտ և բիրտ միջամտությունը»,-ասաց իրավապաշտպանը:

Վերջինս նշեց նաև, թե այդ լուսանկարների և տեսանյութերի հրապարակմանը կարող է հաջորդել նաև իրավական գործընթաց. «Անձի անձեռնմխելիության խնդիրն է, և եթե հմուտ ձևով ներկայացվի, ՄԻԵԴ մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայով հնարավոր է սկսել գործընթաց»,-նշեց Ալավերդյանը:

Նա ընդգծեց՝ քաղաքացիների կողմից պարետատան սահմանած կանոններրի խախտումը անընդունելի է, բայց դրա համար կա համապատասխան վարչական պատասխանատվություն, ոչ թե վարչապետի կողմից ամբոխին այդ անձանց դեմ ուղղելը:

«Հասարակության մի անհատի կամ մի քանի անձի նկատմամբ մերժողական վերաբերմունք է ձևավորվում, բայց չպետք է մոռանալ, որ մեր կյանքն այս մի պահից չէ բաղկացած: Սա հոգեբանական ահաբեկչություն է: Ինձ համար վերջին դրսևորումները շոկային են, ես պահանջում եմ վերջ դնել այս ամենին»,-ասաց իրավապաշտպանը:

Անդրադառնալով դիտարկումներին, թե իշխանությունները, վարչապետը կորոնավիրուսի տարածման առաջին օրերից մեղավորներ են փնտրում, Ալավերդյանն արձագանքեց. «Մենք գործ ունենք մի երևույթի հետ, որտեղ ոչ միայն և ոչ այնքան անձը, այլ կառավարման համակարգը պետք է պատասխանատվություն կրի: Այժմ խայտառակ իրավիճակ է: Երբ աշխարհում ամենածանր իրավիճակներից պետութունները դուրս են գալիս, մենք սըրնթաց գնում ենք վարակի տեմպերի անընդհատ աճի»։

Այս խորագրի վերջին նյութերը