Մեկնաբանություն

05.06.2020 09:44


Կորոնավիրուսը պահանջում է Փաշինյանի հրաժարականը, իսկ Փաշինյանը՝ ժողովրդի

Կորոնավիրուսը պահանջում է Փաշինյանի հրաժարականը, իսկ Փաշինյանը՝ ժողովրդի

Կորոնավիրուսը ոչնչացրեց Նիկոլ Փաշինյանի քարոզչական մեխանիզմը։ Նաև՝ իրեն։ Բառիս քաղաքական իմաստով, ուրիշ բան չմտածեք (թո՛ւ, թո՛ւ, թո՛ւ)։

Եթե մինչև համաճարակը Փաշինյանն իր բոլոր ձախողումները վերագրում էր նախկին իշխանություններին, չվեթինգված դատավորներին, «սևերին», «հակահեղափոխականներին» և իրեն չմուծված, այսինքն՝ սեփականատեր չդարձած օլիգարխներին, ապա կորոնավիրուսի դեպքում այդ «տրյուկը» չի աշխատում։ Հո չի՞ կարող ասել, թե կորոնավիրուսն իր քաղաքական ընդդիմախոսների դավադրությունն է։ Ճիշտ է, մի պահ փորձեց ֆեյքերի օգնությամբ Բիլ Գեյթսին «սև» հանել ու գլուխը պրծացնել, բայց քանի՞ չորքոտանի կա, որ կհավատա, թե Գեյթսը վիրուսը ստեղծել է հատուկ այն բանի համար, որ Նիկոլին վնասի։

Վիրուսն է՛լ ավելի բացահայտեց նիկոլական իշխանության ապաշնորհությունն ու անարդյունավետությունը։ Կորոնավիրուսը դարձավ այն ընդդիմությունը, որի դեմ քայլ չունի Փաշինյանը։ Քայլն այն կլիներ, որ նա ոչ թե քամահրանքով վերաբերվեր համաճարակին, այլ լծվեր գործին ու ապացուցեր, որ ոչ միայն հրապարակներում ու փողոցներում գոռգոռալ ու դատարկաբանել գիտի, այլ նաև կաբինետում աշխատել։ Չստացվե՛ց։

Հիմա Փաշինյանի միակ գործը դարձել է սեփական կոպիտ սխալների և մահվան ելքով դեպքերի պատասխանատվությունը ժողովրդի վրա դնելը կամ առնվազն պատասխանատվությունը կիսելը։ «Գործ տալու» համացանցային ֆլեշմոբը, որը շատերի կողմից արժանացել է «խլեշմոբային» հակադարձման, միտված է մեղավոր հանել «անպատասխանատու և անգիտակից» քաղաքացիների բազմությանը, որոնց մի ժամանակ Նիկոլը սիրում էր, հպարտանում նրանցով ու խոնարհվում նրանց առաջ։

«Հպարտ քաղաքացին» Նիկոլի գնահատմամբ այժմ «սրիկա քաղաքացու» է վերածվել, ով չի լսում վարչապետի՝ դիմակ կրելու հրահանգները և «սևաբար» վիրուս է տարածում։

«Ես ի՞նչ կարող եմ անել, տեսեք, թե ինչ անպատասխանատու և տականք ժողովուրդ ունենք»․ սա՛ է վերջին օրերին Նիկոլի քարոզչության մեխը։ Ու ինչքան համաճարակը տարածվում է ու մարդկային կյանքեր խլում, այնքան ագրեսիվ է դառնում Նիկոլի հակաժողովրդական քարոզը։

Փաշինյանը պահանջում է ժողովրդի հրաժարականը։ Ժողովուրդը հակառակ կարծիքին է։

Փաշինյանը դեռ դիմադրում է։ Ինքը վարակված լինելով՝ մեկ րոպե անգամ չի ուզում աթոռն այլոց զիջել, քանզի իր գլխավոր խնդիրն աթոռն է։ Նիկոլն իր փոխարեն հեռուստացույց էր դրել կառավարության նիստում, որ հանկարծ որևէ մեկն իր աթոռին չնստի ու կառավարության նիստ չվարի։ Սա արդեն հոգեբանության ոլորտից է։ Պաթոլոգիաների տեսության ոլորտից։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը