Մեկնաբանություն

05.06.2020 09:15


Զգուշացե՛ք, կարող ա պատահի`մեծ եղբայրը ձեզ հետևում ա

Զգուշացե՛ք, կարող ա պատահի`մեծ եղբայրը ձեզ հետևում ա

Եվ այսպես, Հայաստանը Փաշինյանի և իր թրաշամանկլավիկների զգայուն ղեկավարությամբ հերթական հակակորոնառեկորդը սահմանեց. հունիսի 4-ին, ժ. 11.00-ի տվյալներով, ընդամենը մեկ օրում հայտնաբերվել է վարակի ևս 697 դեպք, վարակակիրների պաշտոնապես հաստատված թիվը 11 221 է, գրանցվել է մահվան 176 դեպք` չհաշված նրանց, ովքեր, ըստ կորոնավիճակագիրների, վարակված են եղել, բայց ենթադրաբար մահացել են ավելի շուտ ուղեկցող «այլ հիվանդություններից», քան կորոնավիրուսից։

Այսքանով հանդերձ, «իրավիճակը շատ ավելի լուրջ է», քան թվում է առաջին հայացքից։ Փաշինյանը «մատից հոտ է քաշել» ու որոշել. «Այսօր երկրում կա մոտ 20 հազար վարակակիր, որոնք չգիտեն, որ իրենք վարակակիր են եւ նրանց շրջապատն էլ չգիտի: Հենց նրանք են դառնում վարակի հիմնական տարածողները: Այդ մարդիկ տրանսպորտում են, սրճարանում են, փողոցում են քայլում, աշխատավայրում են»:

Ի՞նչ պիտի աներ պետության ղեկավարը, որ գիտակցում է իրավիճակի լրջությունը, հասկանում է իր պատասխանատվությունը ճգնաժամի հաղթահարման հարցում և վճռական է` թեկուզև աններելի ուշացումով, արդյունավետ և հետևողական քայլեր ձեռնարկել վարակի հետագա առաջխաղացման դեմ։

Ճի՛շտ է, նախ և առաջ` առնվազն 20-30 օրով նորից «փակել» մայիսի 4-ից միայն իրեն հայտնի պատճառներով, առանց որևէ լուրջ հիմնավորման, «վերաբացված» տնտեսությունը` մանկապարտեզները, սրճարանները, վարսավիրանոցները, առևտրի կենտրոնները, արտադրությունները, որոնց աշխատելը կենսական անհրաժեշտություն չէ բնակչության համար, հասարակական տրանսպորտը և այլն։

Իսկ ի՞նչ է պատրաստվում անել դիմակների վրա սևեռված, դիմակ կրելը որպես համաբալասան ներկայացնող Փաշինյանը։ Պատրաստվում է է՛լ ավելի խստացնել փաստացի չգործող «դիմակակրության» ռեժիմը, սահմանել, որ «այսօրվանից դիմակ կրելը պարտադիր է տնից դուրս ամեն տեղ»։ Անգամ ավտոմեքենայի մեջ, որտեղ վարորդից բացի ոչ ոք չկա` ինքն իրեն հանկարծ հարվածի տակ չդնելու` ինքնավարակվելուց պաշտպանվելու համար։

Նույն տրամաբանությամբ շա՛տ հանգիստ կարելի է տանը դիմակով ման գալը, քնելը, ինչո՞ւ չէ` ուտելը ևս դարձնել պարտադիր, որովհետև այդ 20 հազար «ծպտյալ» վարակակիրները (ինչո՞ւ 20, ոչ թե, ասենք` 200 կամ 300 հազար` ի՛նքը կիմանա), որոնք չիմանալով` վտանգում են ուրիշների կյանքը, տուն, տեղ ունեն և կարող են վարակել նաև իրենց հետ նույն օդը շնչող ընտանիքի անդամներին, ինչպես ինքը` Փաշինյանն է, իր ասելով, չիմանալով`վարակել կնոջը և աղջիկներին։ Կարելի է նույնիսկ մի 50 հազար դրամի տուգանք նշանակել տանը դիմակ չկրելու համար և ավելացնել բյուջեի մուտքերը։

Կհարցնեք` իսկ ինչպե՞ս վերահսկել այդ ամենը։ Չէ՞ որ, ինչպես ափսոսանքով նկատել էր Փաշինյանն իր վերջին «միացումներից» մեկի ժամանակ, չկա՛ որևէ ուժային կառույց, որը ի վիճակի է տեղորոշել դիմակ չկրողներին և պատժել խստացված ռեժիմի կանոնները չարամտորեն խախտող հպարտ, ավա՜ղ, անգիտակից և անպատասխանատու քաղաքացիներին, որոնց, եթե չեք մոռացել, օրը մի քանի անգամ սիրում է... Որոնցով հպարտանում է, որոնց առջև խոնարհվում է, նկարները դնում է իր էջում` ի «հոշոտումն» ՖԲ-ում մոլեգնող իր «շների»։

Ահա՛ այստեղ է, որ Փաշինյանին օգնության է գալիս իր սիրած հասարակական վերահսկողության`«իրար հետևելու» և իրար վրա գործ տալու ինստիտուտը. «Ես երեկ համոզվեցի, որ մեր կիրառած ամենաարդյունավետ գործիքը հանրային վերահսկողությունն է: Մենք ձևավորում ենք հակահամաճարակային հանրային վերահսկողության թիմ: Ես ուրիշ խնդիր եմ դնում`Հայաստանում պետք է սկսի հակահամաճարակային շարժում: Ամեն մեկը պետք է նախ պահի կանոնները, երկրորդ` ուրիշներից պահանջի այդ կանոնների պահպանում, նաեւ կանոնների խախտման դեպքերը հրապարակի սոցցանցի իր էջում»:

Չգիտեմ` օրինախախտ վարորդների վրա գործ տալու` երթևեկության խախտումները հեռախոսով անմահացնելու և պատկան մարմիններին փոխանցելու «շարժումը» որքանո՞վ է արդարացրել իրեն, բայց Փաշինյանը կասկած չունի, որ միա՛յն այդպես կարելի է ասֆալտին փռել ու պատերով տալ կորոնավարակը, այնպես, որ ոչ մի վիրուս «չպլստա», չխուսափի «հասարակական հսկիչների» ամենագո և ամենատես հայացքից։ Պինցետով հանելն ու «արաղով» ախտահանելն էլ` կա ու կա։

Եվ ուրեմն` «կորոնավիրուսի» բանը բուրդ է. ինչպես ուրախությամբ հայտնում է չբացահայտված վարակակիրների գիշերային մղձավանջ Փաշինյանը, «արդեն իսկ պատկան մարմիններում ստեղծվել է մոնիտորինգի խումբ, որը հետեւելու է այդ հրապարակումներին։ Կոչ եմ անում բոլորին միանալ այդ շարժմանը»։ Այնպես որ, զգո՛ն եղեք` «մեծ եղբայրը ձեզ հետևում է»։

Դե, իսկ եթե էլի «խիյարը թարս բուսնի»` այս տարբերակն էլ չաշխատի, կարելի է այլ բան մտածել։ Տարբերակները շատ են։ Ուրիշ բան, որ մի գեղեցիկ օր կարող է պարզվել, որ տարբերակ կա՛, հա՛վ չկա հերթական տարբերակը փորձարկելու համար, ինչպես հայտնի անեկդոտում...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը