Մեկնաբանություն

04.06.2020 14:35


Փաշինյանի հեռանալու ժամանակն է, կորոնավարակը ապալեգիտիմացրել է նրան

Փաշինյանի հեռանալու ժամանակն է, կորոնավարակը ապալեգիտիմացրել է նրան

Առավոտյան Փաշինյանն ասում էր, որ ինքը հիվանդի տեսք չունի: Նաև ասաց, թե իր խնդիրն է՝ բացատրել իրավիճակի լրջությունը:

Դեռ թողնենք այն հարցը, որ որևէ մեկը որևէ բան կարող է բացատրել, երբ նա ինքն արդեն այն հասկացել կամ ընկալել է: Մի ամբողջ ամիս մի ամբողջ «ֆեյսբուք», իսկ ավելի ճիշտ՝ հիմնականում առկա իշխանության նկատմամբ քննադատական դիրքավորում ունեցող ամենատարբեր անձինք, գործիչներ ամեն օր Նիկոլ Փաշինյանին ու նրա կառավարիչներին բացատրում էին իրավիճակի լրջությունը՝ կորոնավարակի սպառնալիքի հետ կապված: Նրանց արհարմարհեցին, պիտակավորեցին, անիծեցին: Այնքան, մինչև իրավիճակը լրջացավ: Հետո, կարծես թե «թավշապետերը» սկսեցին «իրար գալ», հետո՝ «իրար խառնվեցին»: Ի վերջո, այն, ինչը երկու-երեք ամիս առաջ վարակի սպառնալիք էր, արդեն առօրյա դաժան ու մղձավանջային իրականություն է:

Այո՛, արտաքուստ, որ նայում ես, առավոտյան «լայվի» ժամանակ Նիկոլ Փաշինյանը հիվանդոտ տեսք չուներ (անձնապես, Աստված թող առողջություն տա բոլորին, ախտահարվածներին էլ՝ ապաքինում):

Հա, հիվանդի տեսք չուներ: Բայց Նիկոլ Փաշինյանը կոտրված, թևաթափված, էլի՝ պարտված և հեռացող ղեկավարի տեսք ուներ: Հենց տեսք: Խոսքն ու դրա, հաճախ՝ հակասական, բովանդակությունը մի կողմ:

Բայց ավելի շատ ուշադրության արժանի են նախօրեի ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունները: Չէ, նկատի չունեմ «անցյալ տարվա մահացածները այս տարի կորոնավարակից են մահացել» կամ այդ կարգի զավեշտական, «ֆեյսբուքահայության» երեկոյան զվարճանքի առարկան դարձած, «Գալուստ Սահակյան» մրցանակի արժանի ֆրազները: Դա, եթե բարով-խերով այս կորոնաճահճից դուրս պրծնենք, ապագայի երգիծաբանների համար արձանագրելիք է:

Խոսքը կորոնավարակի համաճարակի դեմ «հանրային վերահսկողությամբ» կամ «հանրային հակահամաճարակային վերահսկողության թիմ»-ով, «շարժումով» պայքարելու, պետական մարմինների անվստահելի զեկույցների թեմայով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին է:

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը ինչի մասին խոսում է, ինչ խնդրի բախվում է, պտտում-պտտում, բերում հանգեցնում է «հեղափոխություն անելուն», «միտինգի», «հրապարակում հավաքված բազմությամբ երկիր կառավարելու»: Սա ավելին է, քան պարզապես պոպուլիստ-ամբոխահաճ ու ամբոխավար (դեմագոգ) գործչի ակամա ինքնախոստովանությունը: Սա խորքում հակապետական ընկալում է և հակապետական մտածելակերպ:

Կորոնավարակի համաճարակի դեմ «հանրային վերահսկողության թիմ»-ով, «շարժումով» պայքարելու վրա հույսը դնելը նշանակում է, որ Փաշինյանի գլխավորած իշխանությունը

ա) չի վերահսկում իրավիճակը, ըստ այնմ՝ իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից,

բ) Փաշինյանի կառավարության ղեկավարած պետական օղակները՝ ոստիկանություն, առողջապահական համակարգ, ԱԻՆ, մի խոսքով՝ կառույցները որոնք ուղղակիորեն առնչվում են համաճարակի դեմ պայքարին կամ գործնականում չկան, կամ անտեսվում են, կամ այլևս անկարողունակ են, ռեսուրսները չեն բավարարում այլ կերպ՝ կաթվածահար կամ դրան մոտ վիճակում են:

«Հանրային վերահսկողության թիմով» վարակի դեմ պայքարելը մոտավորապես նույնն է, ինչ հանրահավաքային բազմությամբ պետություն կառավարելը: Նման բոլշևիկյան, այն էլ՝ 1918-22 թվականների բոլշևիկյան մտածողությամբ («պրոլետարիատի դիկտատուրա», «կարմիր տեռոր») կարելի է պետությունը ոչ թե կառավարել, այլ՝ կործանել ու ժողովրդին նոր աղետների մեջ գցել:

Նշված մոտեցումը նույնն է, թե պատերազմի ժամանակ կանոնովոր զորքը, բանակը դնես մի կողմ և փորձես հակառակորդին դիմադրել ապակենտրոն «պարտիզանական» ջոկատներով, ապակենտրոն այս կամ այն սարի վրա պատսպարված 2 ավտոմատ ու մի նռնականետ ունեցող 4-5 հոգանոց խմբերով:

Տպավորություն է, որ անցած 10-15 տարիներին Նիկոլ Փաշինյանը ոչ թե սոսկ իշխանության գալու համար էր պայքարում, այլ հենց պետականության դեմ, իսկ իշխանության հասնելուց հետո, արդեն երկու տարի է, ինչ ամենատաբեր քայլերով ու որոշումներով կազմաքանդում, քայքայում, թուլացնում, շփոթի է մատնում նույն այդ պետականությունը, պետական կառույցները:

Քանի դեռ «հետհեղափոխական էյֆորիա» կար ու «թավշյա տեռորն» ու հոգեբանական ահաբեկումն էլ հանրության մի մասի վրա ազդում էին, կարծես նրա համար ամեն ինչ հարթ էր ընթանում: Բայց այսօր արդեն դա չի աշխատում: «Էյֆորիան» շարունակում է ցնդել, ահաբեկումներն ու իշխանապաշտների անեծքները արդեն չեն ազդում հարազատներ կորցնող ու համատարած վարակի վտանգի առաջ անպաշտպան մնացած մարդկանց վրա: Մեծ հաշվով, կորոնավարակն ապալեգիտիմացրել է Նիկոլ Փաշինյանին և իր գլխավորած իշխանությանը: Նրա հեռանալու ժամանակն է: Դա կլինի ստեղծված վիճակում ամենից խելամիտ «ռեստարտը»:

Արմեն Հակոբյան

Հ.Գ. Մեկնումեկը ՀՀ ոստիկանապետի պաշտոնն զբաղեցնող հայրենակցին թող փոխանցի, որ ստուգայց է, այլ ոչ թե՝ ռեյդ: Հայերենը մի՛ կորոնավարակեք:

Այս խորագրի վերջին նյութերը