Աշխարհ

03.06.2020 21:35


Ռաքել Դինքին ուղարկված սպառնալից նամակը նման է Հրանտ Դինքի սպանությունից առաջ ուղարկված նամակներին

Ռաքել Դինքին ուղարկված սպառնալից նամակը նման է Հրանտ Դինքի սպանությունից առաջ ուղարկված նամակներին

Հրանտ Դինքի անվան հիմնադրամի իրավաբաններից Ֆեթհիյե Չեթինը «Bianet» լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտնել է, որ մայիսի 31-ի գիշերը հիմնադրամի էլեկտրոնային հասցեին ևս մեկ սպառնալից նամակ է ուղարկվել։

Նա ընդգծել է, որ Հրանտ Դինքի կնոջը՝ Ռաքել Դինքին և հիմնադրամին ուղարկված սպանության սպառնալիքով նամակները չունեն անհատական բնույթ, որի առկայությունը թեև պնդում են թուրք իրավապահ մարմինները և իշխանության ներկայացուցիչները։

Չեթինի խոսքով՝ նամակները ունեն գրեթե նույն այն բովանդակությունը, ինչը եղել է Հրանտ Դինքի սպանությունից առաջ։

Նա նաև նշել է, որ առաջիկայում կբացահայտվի, որ կասկածյալի էլեկտրոնային նամակները և սոցցանցերում արված գրառումները լեզվական, խոսույթի, ոճի և նպատակի առումով կապ ունեն ինչ-որ խմբի հետ և վերջինիս կողմից համաձայնեցված են։

«Այս խմբի օգտագործած լոզունգները, սիմվոլները, կեղծանունները միշտ նույնն են։ Պետք է լրջորեն հետաքննել կասկածյալի ողջ նամակագրությունը և գրառումները։ Մյուս ապացույցը, որ հարձակումները չունեն անհատական բնույթ, այն է, որ դրանք շարունակվում են»,-ասել է Չեթինը։

Նա շեշտել է, որ հարձակումների հեղինակներն այդ խիզախությունը ստանում են ամեն օր աստիճանաբար աճող բևեռացնող, մեկուսացնող, պառակտող, ատելություն պարունակող խոսքերից և անպատժելիությունից, որը Թուրքիայում արդեն գրեթե բնական երևույթ է։

«Դժբախտաբար, երկրի ղեկավարության հռետորաբանությունը խրախուսում է նմանատիպ հարձակումները և ատելության խոսքը։ Այս հարձակումները հասարակության վրա քաղաքական գործիչների կողմից օգտագործված ատելության խոսքի արտացոլումն են։ Քանի որ քաղաքական գործիչների հռետորաբանությունը նրանց և՛ քաջալերում է, և՛ նաև այդ անձանց մոտ հետևյալ ընկալումն է ձևավորում․ «Պետությունը մեզ կպաշտպանի և չենք պատժվի»»,-ասել է Չեթինը։

Նշենք, որ Ստամբուլում գործող Հրանտ Դինքի հիմնադրամը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ անհայտ անձը կամ անձինք մայիսի 27-28-ին հիմնադրամի էլեկտրոնային հասցեին սպառնալից նամակ են ուղարկել, որում տեղ են գտել պնդումներ, թե Հրանտ Դինք հիմնադրամը «եղբայրության հեքիաթներ» է պատմում։ Նամակի հեղինակները սպառնացել էին սպանել Հրանտ Դինքի այրուն՝ Ռաքել Դինքին և հիմնադրամի իրավաբանին։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը