Մեկնաբանություն

03.06.2020 10:20


Կորոնավարակի հաղթարշավը սահմանադրախախտության շքահանդեսին վնաս չէ

Կորոնավարակի հաղթարշավը սահմանադրախախտության շքահանդեսին վնաս չէ

Նիկոլն ու իր թրաշամանկլավիկները Ռոբերտ Քոչարյանին անպայման փակի տակ պահելու հողի վրա այնքան են խախտել և խախտում օրենքներն ու Սահմանադրությունը, որ արդեն մոռանում ենք` ինչը ինչից հետո է եղել, ինչու և ինչպես։

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Նիկոլը, իրավաբանի դիպլոմ ունեցող իր կիսագրագետ խորհրդականների «ռեկոմենդացիաները» հալած յուղի տեղ ընդունելով, որոշեց, որ կարելի է թքել («թավշերեն» ասած` «խնչել») նախագահի անձեռնմխելիության սահմանադրական նորմի վրա։ Ու իր սրտի ՀՔԾ-ին հանձնարարեց «Մարտի 1»-ը «սաղացնել» երկրորդ նախագահի վրա`սեղմելով «թավշյա» սահմանադրաիրավական բեսպրեդելի կոճակը։

Քանի որ Հայաստանում հակասահամանադրականության հաղթարշավը կանգնեցնելու լծակներ և քաղաքական կամք ունեցող միակ մարմինը Սահմանադրական դատարանն էր (մյուսներին կարելի էր ճնշել, ահաբեկել, շանտաժի ենթարկել, կարելի էր բողոքարկել և վնգստացող դատավորների միջոցով սրբագրել «Նիկոլի ասածին չէ ասած» հատուկենտ դատավորների որոշումները, մինչդեռ ՍԴ որոշումները վերջնական են ու բողոքարկման ենթակա չեն), բացահայտ քաղաքական ինքնադատաստանների մամլակն ամբողջ թափով իջավ Սահմանադրական դատարանի և «մեր թվարկությունից` Նիկոլի թվից առաջ նշանակված կամ ընտրված «հին» դատավորների, առաջին հերթին` ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի վրա։

Երբ տեսան, որ շանտաժի մեխանիզմը չի օգնում, փորձեցին կաշառել անհնազանդ դատավորներին` օրենք ընդունեցին աշխատավարձերին համարժեք կլորիկ կենսաթոշակների և սոցիալական ապահովության այլ երաշխիքների դիմաց նրանց վաղաժամկետ տուն ուղարկելու վերաբերյալ։ Երբ դա էլ չծառայեց իր նպատակին, որոշեցին անցնել Սահմանադրությունը «ոտի շոր» դարձնելու նոր`«ավելի բարձր» աստիճանի. վերևից ներքև հակասահմանադրական մի նախագիծ բերեցին խորհրդարան, որով առաջարկվում էր փոխել Սահմանադրության արդեն իսկ ամբողջությամբ իրացված`ուժը կորցրած 217-րդ անցումային հոդվածը, և «գեղական կարգով» ուծել հարցը` թքած ունենալով դատավորների անփոփոխելիության սահմանադրական նորմի վրա։

Վենետիկի հանձնաժողովի և ԵԽԽՎ համազեկուցողների նախազգուշական հայտարարություններից հետո փոշմանեցին. որոշեցին դիմել «ժողովրդին»`ոտքից գլուխ հակասահանադրական մի հանրաքվե անցկացնել և ստանալ անգրագետ պողոսների թուլտվությունը`ազատվելու անբարեհույս «հին» դատավորներից։ Բայց արի ու տես, որ այս դեպքում էլ խոփը քարին դեմ առավ. հիմա էլ կորոնավիրուսը խառնեց «պրոֆեսիոնալ սահմանադրախախտների» պլանները` ոչ այն է հասարակական կարծիքի ճնշման տակ, ոչ այն է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումով հայտարարված արտակարգ դրության ուժով հետաձգեցին հանրաքվեն և... «առոք-փառոք» տապալեցին կորոնավարակի դեմ պայքարը։

Եվ հիմա, երբ դպրոցականին էլ պարզ է, որ բանը բանից անցել է` «Այո»-ի գնացքը դուրս է եկել կառամատույցից ու սլանում է անհայտ ուղղությամբ, փորձում են հետ պտտել պատմության անիվը` չեղարկել հանրաքվեն, ինչի իրավասությունը չունեն (ո՛չ Սահմանադրությամբ, ո՛չ օրենքներով նման ընթացակարգ նախատեսված չէ). ՍԴ-ն սեփական տնամերձը դարձնելու` կամակատարների դատարան ստեղծելու հարցը վերադարձնել խորհրդարան և պատվիրակել կոճակ սեղմող անպատասխանատու մեծամասնությանը։

Օգտակարը համատեղելով հաճելիի հետ` որոշել են ձեռքի հետ նաև սահմանափակել ՍԴ՝ Սահմանադրությամբ նախատեսված լիազորությունները. «նենգափոխել» սահմանադրական արդարադատության ինստիտուտը, ամրագրել, որ ՍԴ-ն իրավասու է սահմանադրական «բարեփոխումների» մասին կարծիք հայտնել միայն այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է Սահմանադրության անփոփոխելի հոդվածների հետ հնարավոր հակասություններին։ Իսկ մնացած դեպքերում ՍԴ-ն անելիք չունի`իրենք ունեն կոճակ սեղմողների անհրաժեշտ և բավարար մեծամասնություն, և ինչ ուզեն`կանեն։

Հետաքրքիր է, որ Վենետիկի հանձնաժողովը նույն նիստում (հունիսի 20-ին) գնահատական է տալու և՛ ՍԴ «սեփականաշնորհման» հարցը ԱԺ հլու-հնազանդ մեծամասնությանը վերապահելու իրավաչափությանը` պատասխանելով արդարադատության երիտնախարար Բադասյանի հարցերին, և՛ ներկայացնելու է իր խորհրդատվական կարծիքը 300.1 հոդվածի կիրառման վերաբերյալ ՍԴ դիմումի մասին։

Հիշեցնենք, որ հանձնաժողովը՝ ի դեմս քայլարածների աչքի փուշ Ջիաննի Բուքիքիոյի, արդեն արձանագրել է` անթույլատրելի է դատավորների կամքին հակառակ փոխել ՍԴ հիմնական կազմը և զրկել նրանց ՍԴ վարույթում գտնվող գործերով որոշում կայացնելու հնարավորությունից` նկատի ունենալով նախ և առաջ Քոչարյանի գործով լսումները։

Եվ եթե հանձնաժողովը հանկարծ 180 աստիճանի շրջադարձ անի իր դիրքորոշումից և ընդառաջ գնա Նիկոլի ամբողջատիրական նկրտումներին, դա կնշանակի մեկ բան. խնդիրը այլևս դուրս է եկել իրավական դաշտից և տեղափոխվել քաղաքական հարթություն։

Այսինքն, գործ ունենք պարզ գործարքի հետ` դու ինձ, ես`քեզ. կշեռքի մի նժարին դրված է ձեռնասուն դատական համակարգ ստեղծելու «թավիշների» մարմաջը, մյուս նժարին` Արցախի հարցի հայանպաստ լուծումն է և մեր ավանդական արժեհամակարգը` Ընտանիք, Եկեղեցի, Պետություն...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը