Կարծիք

28.03.2011 10:23


Բարեփոխումնե՞ր, թե՞ նահանջ երգով

Բարեփոխումնե՞ր, թե՞ նահանջ երգով

Հիմա էլ մոդայիկ դարձան բարեփոխումները: Օրերս ամենաբարձր մակարդակով հնչեցին մեկը մյուսից որոտընդոստ հայտարարություններ, որոնք, թերեւս, կոչված են վստահություն ներշնչել, թե մեզանում համակարգային բարեշրջումների մեկնարկն այլեւս տրված է: Ուրեմն` տարագիր հայաստանցին այսուհետ ստիպված չի լինի ծերը ծերին հասցնելու հույսով հայացքը հառել մոտ ու հեռու ռուսաստաններին, կմնա ընտանիքի հետ, կաշխատի եւ արժանապատվորեն կվաստակի իր հանապազօրյա հացը:

Համենայն դեպս` սրան է հանգում բարեփոխումների տրամաբանությունը: Չէ որ պետության կողմից ձեռնարկվող ցանկացած քայլ պետք է ուղղված լինի ոչ միայն եւ ոչ այնքան իշխանության հենարան հանդիսացող պետական կառույցների աշխատողների անձնական բարեկեցությանը, որքան հասարակության յուրաքանչյուր անդամի կենսամակարդակի բարձրացմանը, հայրենիքում նրա ամրացմանն ու ներուժի ամբողջական օգտագործմանը, ինչով, անտարակույս, նաեւ ազգային անվտանգության խնդիր է լուծվում: Սա է, ի վերջո, դրական փոփոխությունների իմաստը, մնացածը հռետորաբանության ոլորտից է` օգտակար գործողության գործակցի իր զրոյական արդյունքով:

Մեր դեպքում` չնայած դեռ չկա որևէ տեսանելի ցուցանիշ, և չէր էլ կարող լինել, քանի որ միայն օդ տատանելը բավական չէ լուրջ արդյունք ունենալու համար, տարբեր տրամաչափի պաշտոնյաներ այս օրերին լծվել են չեղած բարեփոխումները կամ դրանց հետ կապված ծրագրերն աշխուժորեն թմբկահարելու վսեմ առաքելությանը: Հայրենի քարոզիչներից ետ չեն մնում Երեւան ժամանող եվրոչինովնիկները, ովքեր, կարծես թե, մերոնց գլուխները շոյելու հատուկ հանձնառություն ունեն, հետն էլ` գովաբանելու  քաղաքական ու տնտեսական բարեփոխումների նրանց ընտրած ճանապարհը, ձեռք բերած հաջողությունները, որոնց երեսը մեզ այդպես էլ բախտ չվիճակվեց տեսնել: Ամենասրամիտները նույնիսկ գովազդվող բարեփոխումներին հարմար անուն կպցրին` նահանջ երգով: Կամ, եթե կուզեք, մուղամով:

Եվ իսկապես` միամիտները միգուցե, բայց ժողովրդի մեծամասնությունը դժվար թե հավատա շրջադարձային, իրական փոփոխություններ խոստացող այն հեքիաթներին, որոնցով մեզ ժամանակ առ ժամանակ «կերակրում են» ՀՀ ոստիկանության, պետական եկամուտների կոմիտեի, կրթության եւ գիտության, առողջապահության, գյուղատնտեսության նախարարությունների, բազմաթիվ այլ գերատեսչությունների պատասխանատուները` վստահեցնելով, թե ծրագրվող բարեշրջումներն էապես լավացնելու են մեր կյանքի որակը եւ այլն, եւ այլն: Իսկ ժողովուրդը դրական փոփոխության ոչ մի ակնկալիք չունի, որովհետեւ, ինչպես ասում են` աչքը տեսածից է վախենում:

Բարեփոխումներ կոչվածը, որն ըստ էության մինի հեղափոխություն է, նախեւառաջ պետք է տեղի ունենա մարդկանց` տվյալ պարագայում իշխող էլիտայի գլխում եւ վարքագծում, դառնա պաշտոնատար անձանց գոնե գերակշիռ մասի կամքի ու հոգեկերտվածքի մի անքակտելի տարրը: Բայց, ցավոք, այդպես չէ: Մի երկրում, որտեղ անգամ դեղորայքն է կեղծվում` մարդուն հասցնելով մահվան դուռը, մի երկրում, որտեղ ինն օր է պահանջվում, որպեսզի պուճուրիկ մի վրան տեղադրվի հացադուլավոր քաղաքացու համար, որտեղ անվերահսկելիորեն հանքեր են շահագործում` ապականելով, թունավորելով կենսոլորտը` այդպիսի մի երկրում քանի± գրոշ արժեն իշխանավորի խոսքը, իրավիճակը բարեփոխելու նրա հավաստիացումները:

Ընդհանրապես` քրեաօլիգարխիկ-կլանային համակարգում, ինչպիսին մերն է, դժվար է պատկերացնել արմատական բարեփոխումներ անցկացնելու ունակ իշխանություն: Եթե հարգարժան վարչապետը, ով դժվարանում է կարգուկանոն հաստատել Կենսաթոշակային հիմնադրամում (որտեղ տնօրենին անաղմուկ հեռացնելուց հետո էլ շարունակում են զարտուղի ճանապարհով միլիոններ գրպանել), բարեփոխումների իր տեսլականը փորձում է տեղավորել, ասենք, կովերի կուրծքը գոլ ջրով լվանալու «հույժ անհրաժեշտության» ծիրում` ուրեմն շեշտակի առաջընթացի մասին բարձրագոչ հայտարարություններն ընդամենը փուչիկ են, ոչ ավելին: Չնայած կաթնատու անասունների հիգիենայի խնդիրը նույնպես կարեւոր է, եւ այդ համատեքստում խիստ մտահոգիչ է փաստը, որ Երեւանի խանութներում վաճառվող պանրի մեջ վերջերս հայտնաբերվեց թույլատրելի նորման, ուշադրություն, 200 անգամ գերազանցող մանրէների քանակություն:

Լավ, եթե բարեփոխումների ձեռնարկը խնամքով փաթեթավորված բլեֆ է, ուրեմն ի±նչ են դրանով շահում իշխանությունները, ո±րն է նրանց բուն նպատակը: Եզրահանգումը, կարծես թե, պարզ է` հերթական անգամ «փափուկ բարձ» է դրվում վերջին շրջանում ակտիվացած եւ իրենց իրավունքների ու օրինական պահանջների համար պայքարի պատրաստ հոծ զանգվածների գլխի տակ: Որովհետեւ միայն այդպես հնարավոր կլինի կանխել կամ գոնե մեղմել սոցիալական պայթյունի վտանգը, որով հագեցած է հայաստանյան մթնոլորտը:

Այսինքն` առկա իրավիճակի միակ մեղավորը իշխանությունն է, ով հանրային ընդվզումով հղի բազմաթիվ բացթողումներով հարուցել է մարդկանց սոցիալական դժգոհությունը, եւ ինքն էլ հիմա ջանում է շտկել-վերացնել իր իսկ անհեռատես քայլերի հնարավոր հետեւանքները` այս անգամ իբրեւ ծխածածկույթ օգտագործելով «բարեփոխումներ» եզրը: Դա ժողովրդական հուզումների դեմն առնելու հին, բազմիցս փորձարկված հնարք է, որին պարբերաբար դիմում էին նաեւ կոմունիստները եւ որը միառժամանակ աշխատում էր հօգուտ իշխող վարչակարգի:

Չմտնելու համար պատմության խորխորատները` հիշենք, որ խորհրդային վերջին այդօրինակ փորձը «պերեստրոյկա» անունը ստացած գորբաչովյան բարեշրջումն էր: Թե ինչով ավարտվեց այն` մեր հայրենակիցների միջին եւ ավագ սերունդները լավ գիտեն, որովհետեւ սեփական մաշկի վրա զգացել են այդ վերակառուցում կոչեցյալի պերճանքն ու թշվառությունը: Իրական բարեփոխումներն, ինչ խոսք, առաջընթացի եւ բարօրության ազդու խթան են, եւ պատմությունը նաեւ դրա վառ օրինակներն ունի: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ ռեֆորմների արգասիքը միշտ ուշ է դուրս գալիս «ջրի երես», եւ ամենավերջում է միայն երեւում` իսկապե±ս բարեփոխումներ էին ձեռնարկվածը, թե± նահանջ երգով: Կամ, եթե կուզեք, մուղամով:

Գևորգ Լալայան

Այս խորագրի վերջին նյութերը