Աշխարհ

02.06.2020 11:17


Ռումինիայի վարչապետը տուգանք է վճարել փակ տարածքում դիմակ չկրելու համար (լուսանկար)

Ռումինիայի վարչապետը տուգանք է վճարել փակ տարածքում դիմակ չկրելու համար (լուսանկար)

Ռումինիայի կառավարության ղեկավար Լյուդովիկ Օրբանը ստիպված է եղել հակահամաճարակային սահմանափակումների, այդ թվում՝ դիմակ կրելու ռեժիմը խախտելու համար տուգանք վճարել, հայտնում է euractiv.com կայքը։

«Ռումինիայի վարչապետ Լյուդովիկ Օրբանը 3000 լեյի (617 եվրո) չափով տուգանք է վճարել կարանտինային ռեժիմը խախտելու՝ շենքում ծխելու և առանց դիմակ գտնվելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ սկանդալը ծագել է այն բանից հետո, երբ շաբաթ սոցցանցերում լուսանկարներ են հրապարակվել, որոնցում Օրբանը մի քանի նախարարի հետ իր գրասենյակում նստած ծխում է։ Միևնույն ժամանակ բոլոր ներկաներն առանց դիմակի են․ պաշտպանական միջոցները դրված են սեղանին։

Օրբանն ընդունել է իր մեղքը՝ նշելով, որ մայիսի 25-ին կառավարության մի քանի անդամի հետ երկար աշխատանքային օրվանից հետո սենյակում իր 57-ամյակի կապակցությամբ են հավաքվել։ Կառավարության ղեկավարը համաձայնել է, որ եթե օրենքը խախտվում է, ապա դրան պետք է հաջորդի պատիժը։

Մայիսի 15-ին ավարտված 60-օրյա խիստ կարանտինային ռեժիմից հետո Օրբանի կառավարությունն անվտանգության կանոններին հետևելու 30-օրյա ռեժիմ է սահմանել, որի արդյունքում դիմակների օգտագործումը հանրային տրանսպորտում և հասարակական վայրերում պարտադիր է դարձել (միևնույն ժամանակ ծխելը դրանցում 2016 թվականից ի վեր արգելված է)։

Համավարակի սկզբից երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 19․133 դեպք, որից 1253-ը՝ մահվան ելքով:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը