Քաղաքական

02.06.2020 10:52


Իշխանության մանիպուլացիոն գործողություններն առաջացրել են հանրային առողջապահական ճգնաժամ, որի պատասխանատուն կառավարությունն է՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ. Փաստահավաք խումբ

Իշխանության մանիպուլացիոն գործողություններն առաջացրել են հանրային առողջապահական ճգնաժամ, որի պատասխանատուն կառավարությունն է՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ. Փաստահավաք խումբ

«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Հայաստանում նոր կորոնավիրուսի առաջին վարակակրի հաստատման օրվանից՝ 2020թ. փետրվարի 28-ից, արվել է 58 668 թեստավորում, որոնց 16,1 տոկոսը՝ 9492 , եղել է դրական արդյունքով ։

2020թ. մարտին անցկացվել է 3154 թեստավորում, որոնցից դրական արդյունքով են եղել 571-ը՝ 18,1 տոկոսը։ Ապրիլին անցկացվել է 18 905 թեստավորում, որոնցից 1577-ն է եղել դրական՝ 8,3 տոկոսը։ Մայիս ամսին անցկացվել է 36 491 թեստավորում, որոնց արդեն 20 տոկոսն՝ 7344-ն է դրական արդյունքով եղել։

Այս տվյալները ցույց են տալիս, որ մարտ ամսից սկսած կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ իշխանության կողմից ձեռնարկված քայլերն անարդյունավետ և ուշացած են եղել, ինչպես նաև չեն ունեցել կորոնավիրուսի տարածումը կանխարգելող բնույթ:

Մարտի 16-ին Հայաստանում մտցված արտակարգ դրության ընթացքում կորոնավիրուսի տարածման տեմպը ոչ միայն չի նվազել, այլ աճել է՝ մայիսի վերջին թեստավորվածների 20 տոկոսի մոտ դրական արդյունք է եղել՝ նախորդ ամսվա համեմատ աճելով 11,7 տոկոսով։

«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը գտնում է, որ նոր կորոնավիրուսի համավարակի լայնորեն տարածումը Հայաստանում կանխելու կարևոր քայլերից մեկը վարակակիրների հնարավորինս շուտ հայտնաբերումն է, ինչի համար պետք է անցկացվեն անհամեմատ ավելի շատ թեստավորումներ, քան արվում է։

Մայիսի 7-ի դրությամբ ՀՀ-ում առկա է եղել 54 476 ՊՇՌ թեստ, ինչը նշանակում է, որ այժմ, եթե թեստերի նոր խմբաքանակ ձեռք չի բերվել պատկան մարմինների կողմից, ապա թեստավորումների փոքր թվաքանակը պայմանավորված է կորոնավիրուսի թեստերի սղությամբ։

Օրվա կտվածքով քիչ թեստավորումներ անցկացնելու մեկ այլ պատճառ կարող է լինել նաև իշխանության կողմից դեպքերի իրական թվաքանակը թաքցնելու միտումը՝ շատ թեստավորումներ անելու դեպքում կորոնավիրուսի վարակակիրների թիվն անհամեմատ ավելի մեծ կլինի ներկայացվող թվերից։

«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը հերթական անգամ հայտարարում է, որ իշխանության կողմից անպատասխանատու, մանիպուլացիոն գործողությունների արդյունքում առաջացել և շարունակում են առաջանալ ծանր հետևանքներ, հանրային առողջապահական ճգնաժամ, ինչի ամբողջ պատասխանատվությունը կրում է ՀՀ կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»։

Այս խորագրի վերջին նյութերը