Քաղաքական

01.06.2020 19:48


Անբացատրելի է այն համառությունն ու չհիմանվորված ինքնավստահությունը, որը ցուցաբերում է վարչապետ Փաշինյանը՝ անընդհատ խախտելով օրենքները. ՀՅԴ ԳՄ

Անբացատրելի է այն համառությունն ու չհիմանվորված ինքնավստահությունը, որը ցուցաբերում է վարչապետ Փաշինյանը՝ անընդհատ խախտելով օրենքները. ՀՅԴ ԳՄ

Հանրությունը այլևս չի զարմանում քաղաքական իշխանության կողմից Սահմանադրությունն ու օրենքները խախտելու դեպքերի մասին լսելիս: Սակայն անբացատրելի է այն համառությունն ու չհիմանվորված ինքնավստահությունը, որը ցուցաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անընդհատ խախտելով օրենքները:

Հերթական փաստը շրջակա միջավայրի նախարարի պաշտոնում օրենքով նախատեսված ժամկետում թեկնածու չառաջադրելն է:

Նախկինում առիթ ունեցել ենք անդրադառնալու նմանատիպ դեպքերի, երբ, խախտելով Սահմանադրության և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի պահանջները, վարչապետը չէր առաջադրում կառավարության անդամների թեկնածուներ՝ պատճառաբանելով կառավարության կառուցվածքի սպասվելիք փոփոխությունները կամ, երբ 2018թ. հոկտեմբերի 2-ին զավեշտի հասնող վարքագծով Ազգային ժողովի բակում ազատում էր կառավարության անդամներին: Սա՝ այն դեպքում, երբ վարչապետը կառավարության անդամներ՝ նախարար և փոխվարչապետ, նշանակելու կամ ազատելու իրավունք չունի: Այս իրավունքը պատկանում է Հանրապետության նախագահին: Վարչապետը իրավունք ունի ներկայացնելու առաջարկություններ: Ընդ որում, օրենքով սահմանված են առաջարկներ ներկայացնելու պարտադիր դեպքեր և ժամկետներ: Իսկ ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը: Չառաջարկելով նախարարի թեկնածու, նա փոխնախարարին վերապահեց կառավարության անդամի լիազորություններ: Բացի այն, որ վարչապետը չունի նման իրավասություն, այն փաստացի յուրացրեց նաև Հանրապետության նախագահի սահմանադրական լիազորությունը: Այս պարզ կանոնի խախտումը լի է այնպիսի հետևանքներով, որոնք հանգեցնում են քաղաքացիների, կազմակերպությունների և պետական մարմինների իրավունքների և օրինական շահերի ոտնահարմանը:

Առավել ցայտուն օրինակը 2019թ. մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանին նախարարի պարտականությունների լիազորումն էր, ով իր հրամանով աշխատանքից ազատեց «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կոնստանտին Օրբելյանին: Վերջինս ստիպված էր դատական կարգով պաշտպանել իր իրավունքները: Դատարանը անվավեր ճանաչեց «նախարարի պարտականությունները կատարող անձի» հրամանը, վերականգնեց նրան աշխատանքի և պարտադրեց պետական կազմակերպություններին՝ կատարել փոխհատուցումներ ու վճարումներ, որոնք ի վերջո հանրային (պետական միջոցներ էին): Այլ խոսքով, վնասը կրեց պետությունը: Պատկերացրեք՝ ի՞նչ հետևանքների կհանգեցնի այսպիսի նշանակումների (իսկ դրանք անցյալ տարի վերաբերում էին հինգ նախարարությունների) և դրանց հիման վրա փոխնախարարներին վերապահված ապօրինի լիազորությունների իրականացման բոլոր դեպքերի հանրագումարը: Թվում էր` այս ապօրինության հետևանքը դաս կլինի վարչապետի համար: Սակայն ոչ, նա շարունակում է նույն համառությամբ և ոգով՝ իրեն համարելով Սահմանադրությունից ու օրենքից վեր պաշտոնյա: Շրջակա միջավայրի նախարարի թեկնածու չառաջադրելով` նա շարունակում է արհամարհել Սահմանադրության և դրա հիման վրա ընդունված օրենքի պահանջները: Այսպես, Սահմանադրութան 131-րդ հոդվածի համաձայն վարչապետի առաջարկությամբ՝ Հանրապետության նախագահը, փոփոխություններ է կատարում Կառավարության կազմում: «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի համաձայն, վարչապետը Հանրապետության նախագահին, որպես կանոն, միաժամանակ ներկայացնում է Կառավարության անդամի նոր թեկնածուին: Իսկ եթե Կառավարության նոր անդամի թեկնածուն միաժամանակ չի ներկայացվում, ապա վարչապետը Կառավարության նոր անդամի թեկնածուին Հանրապետության նախագահին է ներկայացնում 15-օրյա ժամկետում:

Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը թափուր է 2020թ. մայիսի 5-ից: Մինչև մայիսի 21-ը պետք է ներկայացվեր նախարարի թեկնածու: Սակայն, ինչպես տեսնում ենք, այն ներկայացված չէ: Պարզ չէ, թե այս ընթացքում ի՞նչ որոշումներ է կայացվել այս նախարարության անունից, և ինչպիսի՞ հետևանքների դրանք կարող են հանգեցնել: Թերևս ժամանակը ցույց կտա: Հիմա պարզ մի քանի հարցադրում.

1. Ինչո՞ւ է վարչապետ Նիկոլ Փաշինյանը արհամարում Սահմանադրության և օրենքի պահանջները:

2. Գիտակցո՞ւմ է, արդյոք, նա, որ իր այս վարքագծով խեղաթյուրում է պետական կառավարման համակարգը:

3. Պատկերացնո՞ւմ է, արդյոք, որ այսպիսի գործողությունը (անգործությունը) իշխանության յուրացում, պաշտոնեական անփութություն կամ լիազորությունների չարաշահում է։

ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի մասնագիտական ոլորտային հանձնախմբերի գրասենյակ

Այս խորագրի վերջին նյութերը