Կարծիք

27.03.2011 12:45


Անկեղծության պակասը եւ կոնգրեսը

Անկեղծության պակասը եւ կոնգրեսը

Մի քանի օր առաջ Հայ ազգային կոնգրեսը կրկին հանդես եկավ հայտարարությամբ՝  պատասխանելով բոլոր նրանց, ովքեր համարձակվում էին քննադատական խոսք ասել Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ ընդհանրապես կոնգրեսին: Բայց հայտարարության սկզբում մեկ անգամ եւս շեշտվում է, թե մարտի 17-ի հանրահավաքը շրջադարձային էր: Հանրահավաքն, իրոք, շրջադարձային էր. Ազատության հրապարակ մտնելուց հետո մարդիկ Լեւոն Տեր-Պետրոսյանի պահանջ-հրամանով շրջվեցին եւ տուն գնացին:

Հայտարարության հեղինակները նշում են, թե ժողովուրդը կրկին ապացուցեց, որ գտնվում է սեփական երկրին տեր դառնալու ճանապարհին: Կոնգրեսի առաջնորդները, ամենայն հավանականությամբ չգիտեն, որ մեր ժողովուրդը միշտ էլ իր երկրի տերն է, պարզապես մի խումբ մարդիկ, այդ թվում եւ Կոնգրեսի որոշ առաջնորդներ, կարծում են, թե տերն իրենք են, իսկ ժողովուրդն էլ ճորտ է: Կոնգրեսի ղեկավարները պետք է մշտապես հիշեն, որ ժողովուրդը միշտ էլ իր երկրի տերն է, պարզապես մեր ժողովուրդի բախտը առաջնորդների առումով վերջին շրջանում համառորեն չի բերում:

Անդրադառնանք հայտարարության այլ ուշագրավ հատվածներին: Շեշտվում է, որ երբ փողոց է դուրս գալիս հարյուր հազար մարդ, իշխանությունները հասկանում են, որ ուժի կիրառումը հավասարազոր է ինքնասպանության: Կոնգրեսի առաջնորդները մաթեմատիկայից փայլուն գիտելիքներ ունեն եւ տեսողությունից էլ առանձնապես չեն կաղում, բայց չգիտես ինչու, չեն կարողանում տեսնել, թե իրականում քանի մարդ է մասնակցում հանրահավաքին: Մարտի 1-ին ասեցին, թե փողոց է դուրս եկել 50 հազար մարդ, իսկ  արդեն 17-ին` 100 հազար: Ստացվում է, որ առնվազն մարդկանց թիվը կրկնապատկվել էր: Նույնիսկ հանրահավաքի ամենաակտիվ մասնակիցները կպնդեն, որ ոչ թե կրկնապատկվել էր, այլ մի փոքր ավելացել: Ինչ վերաբերում է հանրահավաքի մասնակիցների թվին, ապա մարտի 1-ին հանրահավաքին եւ երթին մասնակցում էր առավելագույնը 20-22 հազար, իսկ մարտի 17-ին մոտ 22-25 հազար մարդ:

Եթե մի պահ հիշենք, որ Հայաստանում այսօր ընդամենը երկու միլիոն մարդ է ապրում, ապա երբ փողոց է դուրս գալիս մոտ 30 հազար մարդ. ապա դա արդեն բավական լուրջ թիվ է: Դա նույն է, երբ Ռուսաստանում միաժամանակ փողոց դուրս գա 3 միլիոն մարդ, կամ Եգիպտոսում` 1 մլն 200 հազար մարդ: Այլ կերպ ասած, փողոց դուրս եկած մարդկանց թիվը հուշում է, որ մարդկանց վճռականությունը ավելի քան մեծ է փոխել առկա իրավիճակը: Հիմա հարց է առաջանում, իսկ ի՞նչ կարիք կա խաբել բոլորին՝ հայտարարելով, թե հանրահավաքին մասնակցում է հարյուր հազար մարդ, բայց իշխանափոխություն կլինի, եթե փողոց դուրս գա 200 հազար մարդ: Ախր Կոնգրեսի առաջնորդները շատ լավ գիտեն, որ սա ֆանտաստիկայի տիրույթներում կարող է միայն լինել: Ստացվում է, որ Կոնգրեսն իր անհասկանալի կամ էլ շատ հասկանալի մարտավարությունն ուզում է արդարացնել, իբր քիչ թվով ցուցարարների հետ: Կարծում եմ, կլինեն ուղղափառ լեւոնականներ, որոնք կասկածի տակ կդնեն իմ ասածները: Ես նրանց առաջարկում եմ գնալ Հրազադան մարզադաշտ: Այդ մարզադաշտը տեղավորում է մոտ 60 հազար մարդ: Երբ դուք ուշադիր նայեք մարզադաշտին, ապա կհասկանաք, թե ինչ ասել է հարյուր կամ երկու հարյուր հազար մարդը:

Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե վարչախումբն ուժ չի գործադրի, երբ մեծ թվով ցուցարարներ լինեն, ապա այս տեսակետը եւս շատ թույլ է եւ խոցելի: Չմոռանանք, որ մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ քիչ թվով մարդիկ չէին հավաքվել: Այնպես որ, ուժի գործադրել-չգործադրելը կախված են բազմաթիվ այլ գործոններից, այդ թվում եւ ընդդիմության առաջնորդների վճռականությունից:

Կոնգրեսը կրկին պնդում է, թե Հայաստանում լեգիտիմ ժողովրդավարական իշխանության հաստատման սահուն գործընթացի կողմնակից է: Իսկ պատճառն էլ այն է, որ միայն այդ դեպքում հնարավոր կլինի խուսափել արյունահեղությունից եւ ավերածություններից: Փաստորեն, Կոնգրեսը ամբողջ ժողովրդին ասում է, որ եթե մենք հիմա կանգնենք հրապարակում եւ պահանջենք Սերժ Սարգսյանի եւ խորհրդարանի լուծարումը, ապա զոհերն ու ավերածություններն անխուսափելի կլինեն: Եւ միթե ավելի ազնիվ չէր լինի ասել, թե սիրելի ժողովուրդ, մենք գնում ենք խորհրդարանի ընտրության եւ ինչքան տեղեր էլ ստանանք, դա կհամարենք սահուն գործընթացի շրջանակներում եւ մեզ երջանիկ կզգանք:

Նույն հայտարարությունից պարզ է դառնում, որ Կոնգրեսի առաջնորդներին լուրջ անհանգստություն է պատճառում այն, որ ամեն օր մեծանում է արմատական գործողություն պահանջողների թիվը: Ակնհայտ է, որ հայտարարության երկրորդ հատվածն ամբողջովին ուղղված է վարչախմբին` Սերժ Սարգսյանին: Կոնգրեսականները տագնապ են բարձրացնում: Նրանք Սերժ Սարգսյանին ամենապարզ ձեւով ասում են, որ այլեւս ի վիճակի չեն զսպել ժողովրդին եւ կարող է այլեւս չկարողանան վերահսկել վիճակը եւ ի հայտ եկող նոր քաղաքական ուժն իրենց կսրփի եւ կտանի:

Տպավորությունն այնպիսին է, որ կարծես թե նրանք վարչախմբից օգնություն են ակնկալում: Կոնգրեսը ակնարկում է վարչախմբին, որ զսպի ՀՀԿ-ական պատգամավորներին, վարչախմբի ենթակայության տակ գտնվող լրատվամիջոցներին, որոնք արդեն չեն էլ թաթցնում իրենց հիացմունքը Կոնգրեսի նկատմամբ: ՀԱԿ-ը շատ պարզ ասում է` խնդրում եմ այլեւս մեզ մի գովեք, թե չէ այլեւս սուտը թաքցնելն անհնար է դարձել: Բայց գործընթացն արդեն սկսված է եւ այն գրեթե անշրջելի:

Մի՞թե կարող է փողոց դուրս եկած մերկ կինը բոլորին համոզել, թե ինքը մերկ չէ, որքան էլ հայտնվեն մարդիկ, որոնք պնդեն , թե նա մերկ չէ: Ո՛չ, հաստատ չեն կարող: Հիմա էլ Կոնգրեսի առաջնորդները որքան էլ մարդկանց հրավիրեն ազատության հրապարակ հեղափոխություն անելու, միեւնույնն է, շատ շատերն են արդեն հասկացել, որ այսպես հեղափոխություն չեն անում: Այսպես գնում են հերթական ընտրություններին եւ Հայաստանի նման երկրներում նայում վարչախմբի ձեռքին՝ տեսնելու համար, թե իրենց քանի տոկոս են տալիս:

Կոնգրեսը վստահ է, որ հիմա իր հեղինակությունը կբարձրանա, եթե ազատ արձակվեն քաղբանտարկյալները, Ազատության հրապարակը կրկին բացվի եւ վարչախումբն էլ հայտարարի, թե անպայման կբացահայտի մարտի 1-ը: Ահա այսպիսի վիճակ է հիմա Հայաստանում: Բայց այս ամենի մեջ մի շատ դրական բան կա. վարչախումբի եւ կոնգրեսի աչքի առաջ ու հակառակ իրենց կամքի, նոր առողջ քաղաքական ուժ է ձեւովորվում, որը նրանց ծրագրերի մեջ չէր մտնում: Ապագայում տեղի է ունենալու այն, ինչ եղավ 2008թ. փետրվարի 26-ին: Հրապարակում հավաքվածները պարզապես շատ բարի ժպիտով Կոնգրեսի առաջնորդներին խնդրելու են մի կողմ քաշվել եւ տեղը զիջել նրանց, ովքեր չեն պատրաստվում խաբել, ծաղրել եւ խաղալ ժողովրդի հույզերի հետ:

Վերջում կրկին անդրադառնալով Կոնգրեսի մարտի 23-ի հայտարարությանը, ասեմ, որ արտահերթը ընտրությունների հարցերով բանակացությունների մասին խոսակցությունները միայն ծիծաղ են առաջացնում: Իրականում, ինչպես ցույց է տալիս համաշխարհային պատմությունը, ընդդիմությունն իր գործողություններով հասցնում է նրան, որ կառավարությունները հրաժարական են տալիս եւ նշանակվում արտահերթ ընտրություններ, եւ ոչ թե պահանջում են բանակցել արտահերթ ընտրությունների հարցի շուրջ:

Կոնգրեսն առաջարկում է ապրիլի 8-ի հանրահավաքի վերաբերյալ առաջարկներով հանդես գալ: Շատ լավ, ընդունեք մի առաջարկ: Այդ օրը հայտարարեք, որ դուք հեղափոխության կողմնակից չեք եւ նաեւ հայտարարեք, որ եթե գործը հասնի հերթական ընտրություններին եւ եթե կոնգրեսը ստանա տեղերի կեսից պակասը, ապա կհրաժարվի մանդատներից: Հայտարարեք, եւ մի փոքր կվերականգնվի ձեր վստահությունը:

Վարդան Մխիթարյան

Այս խորագրի վերջին նյութերը