Կարծիք

30.05.2020 17:43


Լա՞վ ես մտածել

Լա՞վ ես մտածել

Բայց ասեք, որ տիկին Աննան (վարչահրամայապետի կինը, էլի), մարդկանց հիմարի տեղ է դնում։ Ասում է` մամուլը և սոցիալական ցանցերը, ձեռք ձեռքի տված, միտումնավոր խեղաթյուրում են իրականությունը. «Մենք չգիտենք`մարդիկ քննադատո՞ւմ են, թե՞ չեն քննադատում, որովհետև մենք չունենք ինֆորմացիայի աղբյուր։ Մենք չգիտենք` ժողովուրդը գո՞հ է, թե՞ դժգոհ է, որովհետև մենք չունենք ինֆորմացիայի աղբյուր»։

Լա՛վ, բա որ «ինֆորմացիայի աղբյուր» չունեք, չգիտեք` մարդիկ քննադատո՞ւմ են, թե՞ չեն քննադատում, գո՞հ են ձեզնից, թե՞ դժգոհ, առաջ ձեզ տեսնելիս` «ինչ էին անում, հիմա շրջվում են», էդ ո՞նց իմացաք, որ «հասարակությունը ձեզ շատ լավ է ճանաչում, և մարդկանց հնարավոր չէ ծախել մեր մասին կեղծ ինֆորմացիա»։

Եվ ի՞նչ նկատի ունեք, էլի, «կեղծ ինֆորմացիա» ասելով. մեր աչքի տեսա՞ծը` վարչապետի համար օրենքով չնախատեսված, ասել է թե` զավթված կառավարական շքեղ ամառանոցում բյուջեի հաշվին կատարված սուպերշքեղ վերանորոգո՞ւմը, ձեզ և Մարիամիկին սպասարկող մեկ միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ ավտոմեքենանե՞րը, ձեր ոչ բարով «հեղափոխությունը» հեռվից սիրող «լոսահայության» հետ հանդիպումից չուշանալու համար կազմակերվպած չարտերային թռի՞չքը, որ հարկատուների վրա կես միլիոն դոլար նստեց, անգամ կորոնաճգնաժամի նեղ «մաջալին» ձեր հետ քայլածներին ու դրանց հավասարեցված անձանց բաժանվող «գյուռ-գյուռ» պարգևավճարները։

Գուցե ա՞յն, որ «մարդ ու կնիկ», կորոնավիրուսն ում շունն է` ասելով, արհեստական մարդկային կուտակումներ ստեղծելով, «Այո»-ի բուկլետներ բաժանելով` ամեն ինչ արեցիք, որ ժողովուրդը մատների արանքով նայի կորոնավարակին, և հիմա պատասխանատվությունը փորձում եք «ծախել» ժողովրդի վրա՞...

Այդքանից հետո ուզում եք` մեր աչքի տեսածին չհավատանք, ձեր ասածին հավատա՞նք` հալած յուղի տեղ ընդունենք, որ ձեր կյանքում ոչինչ չի փոխվել, ու միակ բանը, որի մասին ընտանյոք հանդերձ երազում եք, երրորդ մաս վերադառնալն է և առաջվա պես «չաղ ու բախտավոր» ապրե՞լը։
Լո՞ւրջ եք ասում...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը