Կարծիք

30.05.2020 10:15


Անգրագետ պետական կառավարման հետևանքը

Անգրագետ պետական կառավարման հետևանքը

2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունը բացառիկ հնարավորություն էր Հայաստանի քաղաքակրթությունը և զարգացումը թռիչքաձև առաջ մղելու համար: Սակայն այն, ինչ տեղի ունեցավ 2 տարում, անշրջելիորեն մեզ հետ է շպրտել այդ օրակարգից: Այսօր մեր հասարակությունը վերածվել է ընդդիմախոսներին հայհոյողների, քրեական գործերից ուրախացողների, բամբասանք տարածողների և այլն: Եվ սա տեղի ունեցավ անգրագետ պետական կառավարման հետևանքով, իշխանությունը բառացիորեն մսխեց այն դրական էներգետիկան, որ ձևավորվել էր իր շուրջ իշխանության գալիս:

Եթե տնտեսական հեղափոխություն է լինում և մարդու գրպանում հազար դրամ չի ավելանում կամ չեն ստեղծվում հազար դրամ ավելացնելու նախադրյալներ, առաջ է գալիս քրեական դատավարությունը, և հանրության ուշադրությունը շեղվում է հազար դրամի բացակայությունից: Ամեն մեկը, երբ ուրախանում է, որ նախկին է ձերբակալվել, պետք է հարց տա իրեն` ի՞նչ փոխվեց իր կյանքում, իսկ եթե համոզվում է, որ բան չի փոխվել, շարունակի ապրել իր կյանքը առանց այդ թեմայով կերակրվելու:

Ազգային համերաշխության և միաբանված հասարակություն կառուցելու գործում բաժանումները սևերի և սպիտակների, պիցցայակերների և խավիարակերների, նախկինների և նորերի ոչ մի ձև չեն նպաստելու այդ նպատակների նվաճմանը: Երբ որ ԱԺ փոխխոսնակը հանգամանքների բարեհաջող զուգորդմամբ հայտնվում է պաշտոնին և սպառնալիք-վիրավորանք է հասցնում դեմոկրատական արժեհամակարգի հենասյուններից երկուսին` փաստաբանությանը և մեդիային, երբ որ պատգամավորը էժանագին ձևով խախտում է իշխանություների տարանջատման արեքաբանությունը և իշխանական մեկ այլ թևի ներկայացուցչին անվանարկում` ի ցույց դնելով իր ծագումնաբանությունը, երբ որ երկրի ղեկավարը սատարում է այս ամեն ինչը ու էլ ավելի խորացնում հակասությունները, մենք մնալու ենք հիվանդ, քրեական գործերից ուրախացող հասարակություն` իր բոլոր հետևանքներով:

Ալեքսանդր Կոչուբաևի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը