Լրահոս

29.05.2020 19:25


Խնջույքներն ու սգո արարողությունները դառնում են վարակի բռնկման աղբյուր. Արատվազդ Վանյան

Խնջույքներն ու սգո արարողությունները դառնում են վարակի բռնկման աղբյուր. Արատվազդ Վանյան

Համաճարակային առումով Հայաստանում լարված իրավիճակ է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը, պարետատան նիստից հետո կայացած բրիֆինգի ժամանակ նշեց, որ ի սկզբանե իրականացված հակահամաճարակային միջոցառումների շրջանակում նպատակ են դրել հայտնաբերել բոլոր վարակվածներին, անգամ նրանց, ովքեր չեն ունեցել ախտանշաններ: Կիրառվել են սահմանափակումներ՝ նվազեցնելով շփումները:

«Հասկանալի է, որ դա հնարավոր չէ երկար պահել: Այսօր մենք ևս խնդիր ենք դրել վաղ հայտնաբերել ու մեկուսացնել հիվանդներին, կոնտակտավորներին: Հաջորդ կարևոր գործընթացը կապված է տնտեսավարողների հետ: Պետք է հասկանան, որ վարակի արագ տարածման հավանակությունը մեծ է, հետևաբար կոչ ենք անում պարետատան կողմից սահմանված կանոններն անպայման պահպանել: Դա պետք է լինի մշակույթ, որովհետև դեռ երկար ենք ապրելու կորոնավիրուսի հետ»,-ասաց Արտավազդ Վանյանը:

Հաջորդ կարևոր քայլը կապված է բնակչության հետ: Այդ առնչութամբ մասնագետը հորդորում է կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորոթյունը և ձեռքերի հիգիենան: Նա վստահեցրեց, որ այդ պարագայում նվազեցվում են վարակման ռիսկերը:

«Վերջին դեպքերը ցույց տվեցին, որ խնջույքները, ծննդյան առիթները, սգո արարողությունները եղել են բռնկումների օջախներ: Հուղարկավորությանը մասնակցելով՝ մի ամբողջ գյուղ վարակվել է, որովհետև այնտեղ եղել է մեկ հիվանդ, ով անախտանիշ վիճակում է գտնվել: Ես հորդորում եմ, որ յուրաքանչյուր անձ պահպանի անվտանգության կանոնները: Մյուս դեպքին անդրադառնամ: Մանկապարտեզի աշխատողը վարակվել էր, նա մասնակցել էր ընդամենը 7 հոգանոց ծննդյան արարողության: Այնտեղ գտնված վեց անձի մոտ վարակ է հաստատվել: Այս օրինակները վկայում են, որ վիրուսը շատ արագ տարածվում է: Պահպանելով այն ուղերձները, որոնք մենք ենք ուղղում ենք, հնարավոր կլինի կանխել տարածումը: Հարգելի բնակիչներ, Հայաստանը պատմության ընթացքում շատ է առնչվել վարակների, համաճարկների, այսօր ևս ունենք մարտահրավեր: Մենք միասին սա նույնպես կարող ենք հաղթահարել»,-հավելեց Արտավազդ Վանյանը:

Այս խորագրի վերջին նյութերը