Մեկնաբանություն

29.05.2020 13:55


Դուք վիճակ կառավարող չեք, դուք անկառավարելի վիճակ ստեղծող եք, պրն․ Փաշինյան

Դուք վիճակ կառավարող չեք, դուք անկառավարելի վիճակ ստեղծող եք, պրն․ Փաշինյան

Կզարմանաք, բայց պետք է ասեմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավացի էր, երբ «կորոնավարակային» կամ «պարետանիստ» վերջին ճեպազրույցում հայտարարեց. «Վերլուծությունը ցույց է տալիս, որ վարակի ամենամեծ օջախը Երևանն է»:

Ասեմ ավելին, վարակի վերաբերյալ ներքին լրահոսի անգամ հպանցիկ դիտարկումը ցույց է տալիս, որ վարակի ամենամեծ օջախը Հայաստանի ամբողջ տարածքն է: Համենայն դեպս, տարածաշրջանում այսօր, ում հնարավոր է, վարակի ու դրա տարածվածության առումով, կներեք, տվել-անցել ենք: Ու դրանում չափազանց մեծ և նշանակալի է Նիկոլ Փաշինյանի ու իր գլխավորած կառավարության ներդրումը: Սա՝ աներկբա ու միանշանակ է:

Որքան էլ պարոն Փաշինյանը ջանա այս ծանր վիճակի պատասխանատվությունը «պատվիրակել» ժողովրդին, միևնույն է, ինքն ու իր «թիմը» հիմնական պատասխանատուն են: Այ թե ո՛ւմ գործունեությունը ուսումնասիրող հանձնախումբ է պետք ձևավորել: Ո՜չ, ոչ թե խորհրդարանական, այլ հանրային հանձնախումբ, որը կքննի Նիկոլ Փաշինյանի ձախողակ կառավարության գործունեությունը՝ արտակարգ իրավիճակում, կորոնավարակի հետ կապված:

Դեռ մի կողմ թողնենք դիմակների, դրանց կրման պարտադրանքի, դիմակ գնելու փոխարեն տանը ձեռքի տակ եղած կտորեղենով, բինտ-բամբակով դիմակ պատրաստելու մասին գերգործնական և սուպեր-իմաստուն դատողությունները, որ անում է Նիկոլ Փաշինյանը: Դատողություններ, որ սազական չեն որևէ մեկին, ով տվյալ պահին կրում է «ՀՀ վարչապետ» կոչումը: Չեմ ասում՝ պատասխանատվությունը, որովհետև տվյալ պահին «ՀՀ վարչապետ» կոչվող գործիչը ամեն գնով ձգտում է խուսափել պատասխանատվությունից, իսկ յուր «քայլակիցներն» էլ աշխատում են իրենց «թավշյա» առաջնորդից հետ չմնալ այդ «գործում»:

Մեկ այլ, շատ ավելի ուշագրավ պահ կա: Նույն ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարում է. «Մեր խնդիրն է՝ կարողանալ կարանտինին չվերադառնալով՝ կառավարելի պահել իրավիճակը»:

Ախր, դուք անգամ ձեր իսկ հայտարարած ու կիրառած կարանտինային պայմաններում չկարողացաք վարակի հետ կապված վիճակը կառավարելի պահել, ուր մնաց, թե՝ «կարանտինին չվերադառնալով՝ կառավարելի պահեք իրավիճակը»:

Կարանտինային պայմաններում, հիշեցնեմ, վարակի նորանոր օջախներ ի հայտ եկան, վարակվածների թիվը, հենց միայն պաշտոնական տվյալներով, սկսեց աճել երկրաչափական պրոգրեսիայով (բազմապատկական, էլի, եթե որևէ մեկը միջնակարգ դպրոցում հանրահաշվի այդ դասից «փախած» է եղել)։

Եվ ինչպե՞ս է նման կառավարությունը՝ իր վարչապետով հանդերձ, ոչ կարանտինային պայմաններում վիճակը կառավարելի պահալու: Տանը կարած դիմակներո՞վ, առավոտից մինչև երեկո ոստիկանական բարձրախոսներով մարդկանց լսելիքը կոշտուկելո՞վ:

Իսկ կլինի՞ այս կառավարությունը, այս իշխանությունը փեշից քարերը թափի, հրապարակայնորեն ներողություն խնդրի ինչպես իր ընտրողներից, այնպես էլ ամբողջ ժողովրդից, խոստովանի, որ իր մեղքով վիճակը դուրս է եկել վերահսկողությունից: Այս պայմաններում միակ օգտակար բանը, որ կարող է անել այս կառավարությունը, այն է, որ գոնե միառժամանակ մի կողմ քաշվի ու տեղը զիջի ճգնաժամային կառավարման փորձ ու կարողություն ունեցողներին և առողջապահության ոլորտի բանիմաց գործիչներին:

Եվ առհասարակ, իրավիճակ կառավարելու կամ վերահսկելու մասին:

Պարոն Փաշինյան, Դուք բարդ իրավիճակներ կառավարող չեք: Ձեր հունարն ու շնորհքը իրավիճակ խառնելն է, շփոթ ու անկառավարելի վիճակներ ստեղծելը: Դուք դրա մասնագետն ու վարպետն եք, այլ ոչ թե ծանր կամ բարդ իրավիճակներ կառավարելու:

Հիշեք, թե 2008-ի մարտի 1-ին ինչ իրավիճակ ստեղծեցիք Մյասնիկյանի արձանի մոտ ու հետո ինչ եղավ:

Հիշեք, թե ինչպես ձեր մի խումբ «քայլակիցներով» ներխուժեցիք ռազմականացված պահպանության ռեժիմ ունեցող պետական օբյեկտ՝ Հանրային ռադիոյի տարածք:

Հիշեք, թե ինչպես, լինելով արդեն վարչապետ, նախաձեռնեցիք գրոհներ նախ՝ Ազգային ժողովի վրա, ապա երկրի դատական իշխանության:

Բոլոր այդ դեպքերում Դուք փայլել եք (օբյեկտիվորեն) որպես իր անհատական կամ խմբային-քաղաքական շահերը բավարարելու նպատակով լարվածություն, շփոթ, խառնակ ու անկառավարելի վիճակ ստեղծող: Իսկ երբ չի հաջողվել ուղղակիորեն հասնել նպատակին, կա՛մ «թռել» եք պատասխանատվությունից, կա՛մ հետագայում պատասխանատվությունը բարդել եք այլոց վրա:

Այնպես որ, ձերը ցանկացած վիճակ շիլաշփոթի վերածելն է, քանդելը, խառնակչություն ու թշնամանք գցելը, վիճակները անկառավարելի դարձնելը: Ու ցավ է երկրի համար, որ անգամ վարչապետ դառնալով՝ այդպես էլ... վարչապետ չդարձաք:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը