Աշխարհ

28.05.2020 20:05


Հնարամիտ հայի Instagram-ի ֆիլտրերը գրավել են Բեյոնսեին. երգչուհին պատասխանել է Արմենին

Հնարամիտ հայի Instagram-ի ֆիլտրերը գրավել են Բեյոնսեին. երգչուհին պատասխանել է Արմենին

Մոսկվայում բնակվող Արմեն Տոնոյանն անիմացված ֆիլտրեր է ստեղծում Instagram-ի համար. դրանց սովորաբար դիակներ են անվանում։ Այդպես, միլիոնավոր բաժանորդներ կարող են իրենց զգալ Բրիթնի Սփիրսի, Ռիհաննայի կերպարում կամ ինչ-որ հնդկական ֆիլմի հերոս «դառնալ»։

Արմենը վերջերս է սկսել դիմակներ հրապարակել Instagram-ում, սակայն նրան արագ հաջողվել է հարվածել թիրախին, նրա հրապարակումների վարկանիշը սրընթաց աճում է։ Ո՞րն է գաղտնիքը։

Պարզվում է`բավականին էքստրավագանտ լուսանկարի ու arabskyj.skakun մականունի հետևում բավականին սիրալիր երիտասարդ է թաքնված։ Նա ծնվել է Հայաստանում, մեծացել է Մոսկվայում։

«Այդ մականունը հաստատ չունի այն իմաստը, որն ամփոփվում է այդ բառերի մեջ։ Ոմանց թվում է՝ որևէ կապ ունեմ արաբների հետ, ոմանք էլ կարծում են, թե դա պարզապես «մաչոիզմ» է։ Իրականում ամեն ինչ շատ պարզ է․պանտոմիմա խաղալու ժամանակ շատ երկար էի գուշակում այդ արտահայտությունը։ Հիշեցի այդ մասին, երբ Instagram-ում գրանցվելիս մականուն էի հորինում», - ասաց Արմենը Sputnik Արմենիայի հետ զրույցում։ Նա կատակում է, որ մի օր «հայկական նժույգ» կդառնա։

Ինստագրամյան դիմակներ ստեղծելու գաղափարը մեկ տարի առաջ է ծնվել, երբ նա հայկական հեռուստաալիքներից մեկի Instagram-ի էջում նման մի բան է տեսել։ Սակայն ծրագրավորումից տեղյակ լինելով ՝ Արմենը հասկանում էր՝ որքան դժվար է դա տեխնիկական տեսակետից։

Նա կրթությամբ տնտեսագետ է ու աշխատում է մարքեթինգի ոլորտում, սակայն դեռ ավագ դասարաններում լուրջ տարվել է կայքեր մշակելով։ Ասում է, որ այն տարիներին (2006-2007) բոլորը չէ, որ համակարգիչ ունեին, իսկ նա խորացել էր ծրագրավորման մեջ ու օրերով սենյակից դուրս չէր գալիս։

«Հիմնական աշխատանքս ոչ մի կապ չունի ստեղծագործելու հետ։ Բայց միայն գումար վաստակելով` մարդ երջանիկ չի լինի... Երբ տեսա անիմացված ֆիլտրերը, շատ հավանեցի։ Այն ժամանակվանից անընդհատ մտածում էի՝ ինչպես կարելի է դա տեխնիկապես անել, բայց ժամանակ չէի գտնում դրանով զբաղվելու», - ասում է Արմենը։

Համավարակն ու կարանտին «օգնեցին» այդ հարցում․ ազատ ժամանակ շատ ունեցա։ Սկզբում Արմենը հիշել է 2000-ականների իր կուռքերին՝ Spice Girls, Բրիթնի Սփիրս։ Հետո հերթը հասավ ոչ միայն հայտնի տեսահոլովակներին, այլ հնդկական ֆիլմերին ու նույնիսկ Քարդաշյան ընտանիքին։ Նրա զվարճալի անիմացված ֆիլտրերը մեծ տարածում ստացան։

«Կարծում եմ՝ այստեղ առանցքային դերակատարություն ունեցավ հենց համավարակը, մարդիկ իսկապես շատ ժամանակ ունեցան սոցցանցերում անցկացնելու։ Եթե ուրիշ ժամանակ դա անեի, հնարավոր է՝ այդպիսի իրարանցում չառաջանար։ Շատերն ինձ շնորհակալություն էին հայտնում կարանտինի ընթացքում նվիրած հետաքրքիր ժամանցի համար», - ասաց Արմենը։

Եվս մեկ հայի՝ ռուսաստանցի հայտնի շոումեն ու բլոգեր Ռոման Կագրամանովի հետ մեր զրուցակցին հաջողվել է «հասնել» նույնիսկ Բեյոնսեին։ Արմենը Ռոմանի համար տեսաֆիլտր է սարքել՝ օգտագործելով երգչուհուն Single Lady տեսահոլովակի կադրերը։

Կագրամանովը հրապարակել է աշխատանքը «սթորիզում», որտեղ օրիգինալի փոխարեն նրա դեմքն է, ու մեգաաստղը տեսել է դա։ Ու ոչ միայն տեսել, այլևս պատասխանել նրան։

«You are crazy" («Դուք խենթ եք»), - գրել է երգչուհին և սմայլիկ ու սրտիկ է դրել։

Մեր զրուցակիցը խոստովանում է, որ ի սկզբանե ամեն ինչ արել է զվարճանալու համար, սակայն, տեսնելով, որ «դիմակները» հետաքրքրել են ոչ միայն սովորական օգտատերերին, այլև բլոգերներին ու հայտնի մարդկանց, մտածել է` իր նախագիծն առաջ տանելու մասին։

Հատկապես, որ ապագայում նա պատրաստվում է ֆրիլանսի անցնել ու պատմական հայրենիք տեղափոխվել։ Ասում է՝ աշխարհում ոչ մի տեղ իրեն չի զգում այնպես, ինչպես Հայաստանում, թեև մոլորակի շատ հիանալի անկյուններում է եղել։

Армен Тоноян

«Թավշյա հեղափոխությունից» հետո Արմենն արդեն մի քանի անգամ եղել է պատմական հայրենիքում։ «Կարծում եմ՝ ինչ- որ բան կտրականապես փոխվել է․էներգետիկան, մարդկանց տրամադրությունն այլ է... Ի դեպ, ընկերներիցս շատերն արդեն տեղափոխվել են ու հայրենիքում տարբեր նախագծեր են իրականացնում», - ասում է ինքնուս AR Creator-ը։

Արմենն իր ընկերների պես ուզում է ինչ-որ բան անել Հայաստանի համար։

23182081

23182079

23182085

Այս խորագրի վերջին նյութերը