Տնտեսական

27.05.2020 14:50


ՏՄՊՊՀ-ն բժշկական ձեռնոցների շրջանառության ոլորտում վարույթ է հարուցել որոշ տնտեսվարողների նկատմամբ

ՏՄՊՊՀ-ն բժշկական ձեռնոցների շրջանառության ոլորտում վարույթ է հարուցել որոշ տնտեսվարողների նկատմամբ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ վարչական վարույթ է հարուցվել մի շարք տնտեսվարողների նկատմամբ 2020 թվականի մարտի 16-ից մինչև մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում լատեքսից ու նետրիլից պաշտպանիչ և բժշկական ձեռնոցների շրջանառության ոլորտում գերիշխող դիրքի հնարավոր չարաշահումների և/կամ հնարավոր հակամրցակցային համաձայնությունների վերաբերյալ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՏՄՊՊՀ-ն։

«Հարկ է նշել, որ վարույթի ընթացքում տնտեսվարողների ցանկը կարող է ընդլայնվել:

Ուսումնասիրությունն իրականացվել է՝ հաշվի առնելով ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» թիվ 298-Ն որոշումը:

Ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ ապրանքների մանրածախ և մեծածախ իրացման ոլորտներում մի շարք տնտեսվարող սուբյեկտների կողմից վարվող գնային քաղաքականությունը, ինչպես նաև ապրանքային շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա ազդեցությունը կարող է պարունակել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտման հատկանիշներ:

Մեծածախ իրացնողների և առևտրային ցանցերի կողմից 2020 թվականի մարտ-մայիս ամիսներին ձեռնոցների իրացման ոլորտում նկատվել են հնարավոր չհիմնավորված բարձր գներով իրացման դրսևորումներ, արդյունքում՝ տվյալ ժամանակահատվածում վերջնական սպառողը դրանք ձեռք է բերել բարձր գներով։ Մասնավորապես՝ մեկ զույգ ձեռնոցի մեծածախ վաճառքի գինը 2020 թվականի մայիսին միջինում եղել է 31-86 դրամ, իսկ մանրածախ իրացման գինը՝ միջինում 34-90 դրամ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հանձնաժողովի որոշմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։

Այս խորագրի վերջին նյութերը