Մեկնաբանություն

27.05.2020 11:45


Ի՞նչ «երկրորդ ալիքի» բռնկման մասին են խոսում անպատասխանատուները

Ի՞նչ «երկրորդ ալիքի» բռնկման մասին են խոսում անպատասխանատուները

Հայաստանի «թավշյա» կառավարությունը աշխարհին, ինչպես ասվում է՝ տվեց-անցավ: Խոսքն, իհարկե, նոր կորոնավարակի, գիտականորեն ասած՝ SARS-CoV-2 հարուցիչի առաջացրած covid-19 կորոնավիրուսային վարակի առումով մեր երկրում ստեղծված ծանր կացության և դրան դիմագրավելու, հաղթահարելու ուղղությամբ եղած իշխանության արած քայլերի, ձեռնարկած գործողությունների մասին է:

Արդեն երկրորդ անգամ երկարաձգված ու երրորդ ամիսը շարունակվող արտակարգ դրության պայմաններում ձևավորված պարետատան երեկվա նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանում կորոնավարակի երկրորդ ալիքն է սկսվել, ըստ էության՝ «երկրորդ ալիքի հետ գործ ունենք»:

Սա, միանգամից մի քանի առումով սենսացիոն հայտարարություն է:

Առաջինը. Հայաստանը դեռևս չի հաղթահարել այս չարաբաստիկ «նոր կորոնավիրուսի» վարակի բռնկման ու տարածման առաջին ալիքը, որ մի հատ էլ երկրորդ ալիքի բռնկման մասին խոսվի: Չի հաղթահարել ու մարել առաջին ալիքը, որքան էլ որ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը վարակի «ողնաշարը ջարդելու» կամ նման հույսերի մասին հայտարարի, չգիտեմ՝ «փռի ասֆալտին», «ծեփի պատերին», «թաթիկները կտրի» և այլն:

Ի՞նչ երկրորդ ալիքի մասին կարող են խոսել Հայաստանի կառավարման լծակների մոտ հայտնված անպատասխանատու գործիչները, եթե իրենց ցաքուցրիվ, հակասական գործողությունների ու հայտարարությունների հետևանքով այդ վարակի բռնկման առաջին ալիքը տարածվել է այնպես, որ արդեն, կներեք, ծփում է երկրով մեկ:

Երկրորդը. Հենց երեկ, այսինքն, հենց նույն օրը, երբ ՀՀ վարչապետը, ՀՀ պարետ-փոխվարչապետի և առողջապահության նախարարի ներկայությամբ ու չհակաճառելու պայմաններում հայտարարեց, թե՝ «երկրորդ ելիքն» է, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Արտակարգ իրավիճակների ծրագրի ղեկավար Մայք Ռայանը հայտարարեց, որ կորոնավարակի «երկրորդ ալիքը» սպասվում է ամիսներ անց: Ասել կուզի՝ աշխարհը դեռ պանդեմիայի առաջին ալիքի բռնկման կեսերում է (սա էլ հղումներ՝ անգլերեն և ռուսերեն իմացողների համար՝ ա) https://www.dailymail.co.uk/news/article-8355417/WHO-warns-second-peak-areas-COVID-19-declining.html բ) https://iz.ru/1015644/2020-05-26/voz-zaiavila-o-nakhozhdenii-mira-v-seredine-pervoi-volny-covid-19?utm_source=yxnews&utm_medium=desktop&utm_referrer=https%3A%2F%2Fyandex.ru%2Fnews)

Հարց է ծագում, թե Հայաստանն ինչպե՞ս «հաջողացրեց», վարակի բռնկման առաջին ալիքը չհաղթահարած, միանգամից «երկրորդ ալիքի» տակ ընկնել: Թե՞ դա զուտ ազգային առանձնահատկություն է: Թե՞ գոնե մի բանով «աշխարհի չեմպիոն» կոչվելու գերնպատակ կա:

Երրորդը. Բռնկման առաջին ալիքը լինի, երկրորդ, թե երրորդ (Աստված չանի), արդեն իսկ ակներև է, որ երկրի հիմնական պրոբլեմը ոչ միայն կամ ոչ այնքան կորոնավարակն է, որքան նման պայմաններում ձեռուոտ ընկնող, տատանողական ու անհստակ գործողություններ անող իշխանությունը՝ կառավարությամբ և ԱԺ մեծամասնությամբ հանդերձ: Կորոնավարակը, ցավոք, արդեն պարզ է, որ մարդկային և ռեսուրսային կորուստների գնով, մեր հասարակությունը վաղ թե ուշ կհաղթահարի: Բայց, այ, նման կառավարության, նման իշխանության «գործունեությունը» ամեն օրվա հետ բերում է նորանոր խնդիրներ, սաղմնավորում է նոր վտանգներ, որոնք երկիրը ու ժողովրդին կանգնեցնելու են նոր փորձությունների ու նաև դրանց դիմագրավելու անհրաժեշտության առաջ:

Մեկ այլ հարց էլ է ծագում: Փաշինյանի իշխանությանն ինչո՞ւ էր պետք հայտարարել «երկրրորդ ալիքի», կորոնավարակի տարածման պատրվակով սահմանափակումները նորից խստացնելու և նման բաների մասին:

Ի՞նչ կողմնակի (կամ գուցե հիմնական) շահ կա:

Տարբեր ենթադրությունների շարքում առավել խելամիտը թվում է այն, որ նման իրադրությունը թույլ է տալիս շարունակել «արտակարգ դրության» ռեժիմը և, այդ ռեժիմի ընձեռած գործնականում անսահմանափակ և անվերահսկելի լիազորություններից օգտվելով՝ ցրել հասարակության մեջ խմորվող ու արդեն բացահայտ դրսևորվող դժգոհությունները, կանխել դրանց մեկտեղման հնարավորություններն ու ճնշել հակակառավարական տրամադրությունները:

Ճիշտ է, դա կարող է և հակառակ էֆեկտ ունենալ և ունենում է, քանզի որքան ավելի շատ է իշխանությունը դիմում պատժողական մեթոդների և ոստիկանական մարմինների օգնությանը, այնքան մեծանում է հակազդեցությունը ու այն ինքնակազմակերպվում է: Հնարավոր է, Փաշինյանի հույսն այն է, որ մինչ այս-այն, իրավիճակը կփոխվի, իրեն կհաջողվի էքսցենտրիկ ելույթներով ու ժեստիկուլյացիայով մի հատ էլ «ֆռռացնել» հանրությանն ու պահպանել իշխանությունը: Բայց այս պահին շատ ավելի հնարավոր է թվում այն, որ «թավշյա» իշխանությունը, վարակի առաջին ալիքի տակից դեռ դուրս չեկած, իր հայտարարած «երկրորդ ալիքով» հեռանալու է: Ցանկալի է, կորոնավարակի հետ միաժամանակ լինի հեռացումը:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը