Մեկնաբանություն

25.05.2020 16:20


Դիմակահանդես է, վարակը՝ բոլ-բոլ... քո շնորհիվ է՝ Փաշինյան Նիկո՛լ

Դիմակահանդես է, վարակը՝ բոլ-բոլ... քո շնորհիվ է՝ Փաշինյան Նիկո՛լ

Առհասարակ, կոշիկը նորոգելու համար ժամագործին չեն դիմում: Հա, կույր աղիքի բորբոքման դեպքում էլ ակնաբույժին դիմելը մի քիչ տարօրինակ կդիտվի:

Նույն զուգահեռությամբ, եթե կորոնավարակի ու շնչադիմակ կրելու հետ կապված խնդիրներ կան, ապա ցանկալի, եթե ոչ՝ անհրաժեշտ է, որ այդ ամենը հանրությանը մարդավարի բացատրեն համաճարակաբանները, այլ ոչ թե վարչապետի պաշտոնն զբաղեցնող նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանը:

Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ոչ միայն վարչապետն է, այլև գլխավոր օրենսգետը, դատավորը, դատախազը, շեֆ-խոհարարը, գրականագետը, ֆինանսիստը, անասնապահն ու այգեգործը, իսկ այս դեպքում նաև՝ ՀՀ գլխավոր համաճարակաբանը, ստիպված ինքն է բացատրում, թե որքա՜ն կարևոր է դիմակ կրելն ու դրանով այս անիծյալ կորոնավարակից պաշտպանվելը:

Իսկ եթե, այնուամենայնիվ, ավելի լուրջ, ապա իսկապես էլ ցանկալի է, որ բժշկության, առողջապահության հետ կապված խնդիրները ներկայացնեն ու մեկնաբանեն բժիշկները, տվյալ դեպքում՝ համաճարակաբանները, առողջապահության ոլորտի մասնագետները: Միայն թե, ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ էլ՝ Արսեն Թորոսյանը: Նրանցից առաջինը ոչինչ չի հասկանում այդ գործից, իսկ երկրորդն այնպիսի դեմք է ընդունում ու այնպիսի չարագուշակ բաներ ասում, որ քեզ թվում է, թե ոչ միայն վարակված ես, այլև արդեն «էն աշխարհում»:

Նիկոլ Փաշինյանի կողմից «դիմակահանդես» կամ այս վարակի հետ կապված որևէ բան ներկայացնելը անցանկալի տարբերակ է նաև այն իմաստով, որ վարակի դեմ պայքարը տապալած ու երկրի ամբողջ հասարակության առողջական վիճակը լրջորեն վտանգող կառավարության ղեկավարի, վարչապետի խոսքը չի կարող վստահելի լինել: Մարդիկ, որ 4-5 կամ 10-15 օրը մեկ փոխում են իրենց մոտեցումները, իրենք էլ չեն կողմնորոշվում, թե ինչ են ասում և անում, չեն կարող մնացած բոլորին ասել, թե՝ ինչպես վարվեն: Չեն կարող, թեկուզ ոչ միայն աշխատասենյակում դիմակով նստեն, այլև դիմակով քնեն-արթանան:

Հա, բայց շնչադիմակով շրջելը նույն այդ կառավարությունն ու վարչապետը այսօրվանից դարձրել են պարտադիր, տուգանքներ են սահմանված, այն էլ շատ խիստ: Իսկ ներկայիս թավշյա ոստիկանաբռնապետությունը տեսնելով, կարելի է չկասկածել, որ այդ մի հարցում, այսինքն՝ մարդկանց տուգանելու, վիրավորելու, պախարակելու հարցերում այս լուզերների թիմը չի հապաղի:

Ի դեպ, դիմակ էլ կա, դիմակ էլ Բայց թավշյա կառավարիչներն ու կառավարչապետը դա կարծես հաշվի չեն առնում: Նախ, կորոնավարակի դեպքում ամեն շնչադիմակ չէ, որ կարող է արդյունավետ պաշտպանության միջոց համարվել: Անգամ, եթե մեկը երկու դիմակ միաժամանակ է կրում, դա էլ կարող է ցանկալի արդյունք չապահովել:

Բացի դրանից, այն էժանագին, բայց թանկ վաճառվող դիմակները, որոնք կրում է բնակչության մեծամասնությունը, պետք է 3-4 ժամը մեկ փոխել: Նորը դնել, իսկ կրածը դեն նետել կամ հատուկ միջոցներով ախտահանել՝ վերստին օգտագործելու համար: Հարց է ծագում՝ գոնե այդ մի պարզունակ խնդրում «ժողովրդական», «ժողովրդին սիրո՜ղ», «ժողովրդով հպարտացող» և այլն (իբր թե) կառավարությունը ժողովրդի համար մի բան արե՞լ է: Ասենք, այդ դիմակները արդեն 10 դրա՞մ արժեն կամ որպես կառավարության սոցիալական նախաձեռնություն՝ բաժանվո՞ւմ են ամեն քայլափոխի:

Ու ընդհանրապես, դիմակն ու ձեռնոցը ինքնին բավարար չեն վարակին դիմակայելու համար: Դրանք բաղկացուցիչ միջոցներ են, քանի որ նման համաճարակների դիմակայելը ենթադրում է գործողությունների ու քայլերի, միջոցների համալիր ու դրանց միաժամանակյա կիրառում:

Իսկ ո՞րն էր Փաշինյանի գլխավորած կառավարության հակահամաճարակային քաղաքականությունը: Մի օր՝ կորոնավիրուսն ում շունն է, մի օր դիմակը չի պաշտպանում, մյուս օրը անհրաժեշտ է, մի օր՝ ոչ ոք տեղից չշարժվի, մյուս օրը՝ էսպես չի լինի, տնտեսությունը պետք է գործի, մի օր կոմունալների մասին չմտածեք, մյուս օրը՝ կանջատենք, եթե չմուծեք:

Պարտադիր դիմակակրում են պահանջում, սոցիալական հեռավորություն են պահանջում պահպանել, ասենք, ի՜նչ պահանջել, պարտադրում են՝ տուգանքի սպառնալիքով, բայց տեսնում ես, որ իրենք անդիմակ քեֆ են քաշում:

«Դիմակահանդես» է, վարակը՝ բոլ-բոլ,
Քո շնորհիվ է՝ Փաշինյան Նիկո՛լ...

Համեմատաբար դրական է թերևս մեկ բան կա: Եթե այս կորոնավարակը հասարակությանը ստիպեց համատարած շնչդիմակ կրել, ապա «թավշյա» նորիշխաններին ստիպեց հանել դիմակները, և արդեն շատերը տեսան նրանց իրական նկարագիրը, պատկերն ու անձեռնահասությունը:

Եվ էլի. Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանափոխությունը երբեմն զուգահեռում են Քաջ Նազարի պատմության հետ: Բայց դա երկու տարի առաջ էր: Հիմա լրիվ Ձախորդ Փանոս տարբերակն է:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը