Մեկնաբանություն

24.05.2020 09:39


Հեղափոխության «կուսազրկումը»

Հեղափոխության «կուսազրկումը»

Նիկոլ Փաշինյանին ծխախոտային սկանդալը նյարդայնացնում է ոչ թե գումար կորցնելու, այլ շատ ավելի լուրջ պատճառով։

Բանն այն է, որ ծխախոտի պատմությունը լրջորեն հարվածել է «թավշյա» հեղափոխության և հատկապես դրա առաջնորդ Փաշինյանի իմիջին։

Հեղափոխությունը, այսպես ասած, կուսազրկվել է։ Դրա ստերիլությունը վերացել է։ «Լայվերի» աղմուկի տակ փորձ է արվել թաքցնել հեղափոխության իրական կերպարը։

Եթե մինչև վերջերս իշխանությունները դրոշակ էին դարձրել այն, որ կոռումպացված չեն ու թալանով չեն զբաղվում, ապա հիմա այդ խաղաքարտը վերացավ։

Եթե մինչև վերջերս կադրային հարցերում արդարանում էին, թե բա փորձառու չենք ու համապատասխան որակներ չունենք, բայց «զատո» փող չենք լափում, ապա հիմա նման բաներ չեն կարող ասել։ Այլևս չի անցնում «Մենք անգրագետ ենք ու անփորձ, բայց նախկիններից տարբերվում ենք նրանով, որ կոռումպացված չենք» բանաձևը։ Պարզվեց, որ հա՛մ անգրագետ են, հա՛մ անփորձ, հա՛մ կոռումպացված։

Այն, որ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո սկսվել էր «թավշյա» թալանը, խոսում էին դեռևս 2018–ին։ Հիմա այդ ամենը շատ առարկայական տեսք ունի։ Դա է «ժողովրդի» վարչապետի նյարդայնության պատճառ դարձել։ «Զատո թալանչի չենք»–ն այլևս չի աշխատում։

Այս ամենի ֆոնին մարդկանց հունից հանում են շարունակական պարգևավճարները, հարևանների փոխարեն կոմունալները վճարելու կոչերը, «գնացեք ձեր գլխի ճարը տեսեք» ոճի հայտարարությունները։

Հեղափոխությունը «կուսազրկվել» է։ Իսկ դա իշխանության կորստի առաջին նախանշանն է։ Մարդիկ հանդուրժում էին անփորձությունն ու անգրագիտությունը՝ պայմանով, որ թալան չի լինելու և արդարություն է հաստատվելու։ Հիմա պարզել են, որ անփորձությունն ու անգրագիտությունը վերաբերում են թալանի կազմակերպմանը։ Իսկ արդարության խնդիրն ավելի է սրվել։ Դժվար չէ կռահել, թե ինչպիսի հանգուցալուծում է սպասվում։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը