Կարծիք

23.05.2020 16:31


Մի խումբ մարդկանց համար այդ պարզ սխեման ավարտվում է առաջին կետից հետո

Մի խումբ մարդկանց համար այդ պարզ սխեման ավարտվում է առաջին կետից հետո

Ուրեմն էս «պետություն» կոչվածը շատ հստակ մեխանիզմներով է աշխատում։ Կա մարմին, որն օրենքներ է ընդունում, և կան մարմիններ, որոնք կոչված են հետևել, որ հասարակությունը չխախտի օրենքները, պատկան մարմինների կարգադրությունները։ Պարզ, ես կասեի՝ որոշ առումներով անգամ պրիմիտիվ սխեմա։

Բայց արի ու տես, որ մի խումբ մարդկանց համար այդ պարզ սխեման ավարտվում է առաջին կետից հետո։

Հիմա որ հայտարարել եք, որ խանութներում, սրճարաններում, գեղեցկության սրահներում և այլ հանրային փակ տարածքներում առանց դիմակի ու ձեռնոցների մուտքն արգելվում է, ո՞վ պիտի այդ ամենին հետևի։ Ո՞վ պիտի հետևի, որ հասարակությունում անընդհատ կոնֆլիկտային իրավիճակներ չլինեն։ Որ խանութներում վաճառողների ու հաճախորդների միջև կոնֆլիկտ չլինի (ընդհուպ մինչև վիրավորանքներ, ինչին գրեթե ամեն օր ականատես եմ մեր տան մոտ գտնվող խանութում), որ տրանսպորտ նստելիս քաղաքացիները չմտնեն առանց դիմակ, որ խանութներում վաճառողները նույնպես պահպանեն կանոնները ու անընդհատ դիմակը կեղտոտ ձեռքերով չհանեն, հետո նորից դնեն, հետո էլի հանեն, հետո էլի դնեն (ու տենց անվերջ)։

Ո՞վ պիտի հետևի։ Հասարակությո՞ւնը: Դե եթե հասարակությունը, ապա էլ ինչո՞ւ ենք հարկեր վճարում երկրում կարգ ու կանոն հաստատող կառույցներին պահելու համար։ Թե՞ կասեք, որ այսքան ոստիկանություն չկա, օրինակ։

Լավ, ենթադրենք (թեև, բողոքի ցույցերի ժամանակ, օրինակ, ոստիկանության պակաս, կարծես թե, չի լինում, իսկ հենց գործը հասնում է իսկապես կարևոր խնդրին, պարզվում է, որ դեֆիցիտային երկրի ենք այդ առումով): Կան ուրիշ մեխանիզմներ, ինչպես, օրինակ, ԽՍՀՄ-ում այսպես կոչված «дружинник»-ները (կրկնեմ, ընդամենը օրինակ, ոչ մեկ չի ասում, որ հենց սա է մեզ պետք, ուղղակի օրինակ)։

Ինչի՞ն ենք ձգտում։ Ուզում ենք, որ վիճակն անհսկելի՞ դառնա, որ հետո, օրինակ (ՕՐԻՆԱԿ, ընդամենը) Թորոսյանը կանգնի ու ասի. «Այ, տեսե՛ք, մենք ճիշտ էինք, բայց դուք մեզ չլսեցիք»։ Մանկապարտեզու՞մ ենք, հա՞։

Լավ, իսկապես չեմ հասկանում՝ ինչի՞ են ձգտում մեր ղեկավարները։ Ի՞նչն է ուզածը։ Եթե մտածում են, որ սենց աղետալի վիճակում երկիր լիքը փող է գալու, օրինակ, օգնության տեսքով, ապա չի գալու, կոպեկներ են գալու (բարևներ ԱՄՆ դեսպանին՝ 1մլն դոլարանոց ահռելի աջակցությունով), որոնք չեն կարողանալու փակել այն տնտեսական վնասը, որը հասցվեց մեր երկրին այս երկու ամսվա ընթացքում։ Իսկ եթե դրա մասին չեն մտածելու, ապա ի՞նչն է ուզածը։ Ինչո՞ւ չեն հետևում, որ իրենց իսկ հրահանգները կատարվեն։

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը