Լրահոս

23.05.2020 12:19


Վանաձոր քաղաքի 30-ամյա բնակիչը կալանավորվել է՝ խոշոր չափերով շորթում և խուլիգանություն կատարելու համար

Վանաձոր քաղաքի 30-ամյա բնակիչը կալանավորվել է՝ խոշոր չափերով շորթում և խուլիգանություն կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Վանաձոր քաղաքի 30-ամյա բնակիչը, 2020թ. հունվարի 18-ին, բռնություն գործադրելու սպառնալիքով Վանաձոր քաղաքում գործող «Դիկտիս» ՍՊ ընկերության տնօրենից պահանջել է իրեն հանձնել ընկերության կողմից կազմակերպվող հասարակական տրանսպորտի վճարովի կանգառների գործունեության ղեկավարումը և դրանից առաջացած հասույթը:

Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ Վանաձոր քաղաքի վերոնշյալ բնակիչը նույն քաղաքի Մյասնիկյան հասցեում գտնվող «Աստերի» խորտկարանի հետնամասում, 2020 թ. մայիսի 14-ին՝ ժամը 13։20-ի սահմաններում բազամաթիվ քաղաքացիների ներկայությամբ ընդգծելով իր անձի առավելությունը, տևական ժամանակ վիճաբանել է մի շարք անձանց հետ, որի ընթացքում փոխադարձ քաշքշել և ձեռքերով հարվածներ են հասցրել միմյանց, բարձրաձայն հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ: Այդ ընթացքում 30-ամյա տղամարդը որպես զենք օգտագործվող ատրճանակով կրակոցներ է արձակել, շուրջ 3 րոպե դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վանաձոր քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի (շորթում) 2-րդ մասի 3.1 կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ (խուլիգանություն) հոդվածի 4-րդ մասով՝ նախատեսված հանցագործությունները առերևույթ կատարելու համար: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը