Աշխարհ

22.05.2020 16:46


Ադրբեջանի ՊՍԾ առափնյա պահպանության 6 բարձրաստիճան զինվորական ձերբակալվել է

Ադրբեջանի ՊՍԾ առափնյա պահպանության 6 բարձրաստիճան զինվորական ձերբակալվել է

Մայիսի 21-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) և գլխավոր դատախազությունը հայտնել են, որ ավելի վաղ Պետական սահմանապահ ծառայությունում (ՊՍԾ) անցկացված հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել են ՊՍԾ առափնյա պահպանության առնվազն 6 բարձրաստիճան սպա։

Ձերբակալվածների թվում են՝

  • Առափնյա պահպանության հրամանատար գեներալ֊լեյտենանտ Աֆղան Վալի օղլու Նաղըևը (Nağıyev Əfqan Vəli oğlu);
  • Գնդապետ Փանահով Նեմաթ Հաջը օղլուն (Pənahov Nemət Hacı oğlu);
  • Գնդապետ Սամիք Յուսիֆ օղլու Ազիզովը (Əzizov Samiq Yusif oğlu);
  • Փոխգնդապետ Էլչին Վագիֆ օղլու Վալիևը (Vəliyev Elçin Vaqif oğlu);
  • Փոխգնդապետ Սաքիթ Յուսիֆ օղլու Մուրադովը (Muradov Sakit Yusif oğlu);
  • Մայոր Մյուզաֆֆեր Ղաֆիլ օղլու Նամազովը (Namazov Müzəffər Qafil oğlu)։

Ըստ պաշտոնական հայտարարության՝ վերոնշյալ զինվորականները Կասպից ծովում ձկնորսություն անելու և ծով ազատ մուտքի թույլտվություն տալու համար Ադրբեջանի տարբեր քաղաքացիներից կաշառք են ստացել, որոնք ամեն ամսվա ավարտին տրվել են առափնյա պահպանության հրամանատար Աֆղան Նաղիևին։ Ստացված գումարների մի մասը Նաղիևը վերադարձրել է մյուս սպաներին։

Այժմ հարուցվել է քրգործ Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 308.1 (պաշտոնի չարաշահում) և 311.3.1 (մի խումբ անձանց կողմից կաշառքի ստացում) կետերով։

Քրգործեր են հարուցվել նաև քաղաքացիական անձանց (ձկնորսների) և այլ գերատեսչական կառույցների պաշտոնյաների նկատմամբ, այդ թվում՝ Էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության Ջրային ավազանի բիոռեսուրսների ավելացման և պահպանման վարչության Սումգայիթ֊Խաչմազ շրջանային բաժնի պետ Փաշաև Ֆիքրեթ Հասանաղա օղլուի (Paşayev Fikrət Həsənağa oğlu) և ԱԻՆ Փոքր նավերի վերահսկողության ու փրկարարության պետական ծառայության Բաքու֊Ապշերոն շրջանային բաժնի նախկին տեսուչ Բաբաև Ռահման Ռաշիդ օղլուի (Babayev Rəhman Rəşid oğlu) և նույն բաժնի տնօրեն Աբդուլլաև Աբդուլլա Աբյուլֆազ օղլուի (Abdullayev Abdulla Əbülfəz) նկատմամբ:

Հիշեցնենք, որ մայիսի 13-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի ՊԱԾ֊ն ու դատախազությունը հատուկ գործողություն էին իրականացրել ՊՍԾ֊ում, և ըստ պաշտոնական հայտարարության՝ կանխել էին ՊՍԾ-ի առափնյա պահպանության պաշտոնավոր անձանց ապօրինի գործողությունները:

Հիշեցնենք նաև, որ ձերբակալություններից առաջ՝ ապրիլի 30-ին Ղազախստանի սահմանապահները կրակ էին բացել որսագողությամբ զբաղվող ադրբեջանցիների վրա:

Նշենք որ վերջին շրջանում պետանվտանգության ծառայությունը գործողություններ էր իրականացրել երկրի մի քանի ՏԻՄ-երում և ձերբակալել ղեկավարների, իսկ մեկ շաբաթ առաջ նաև՝ մշակույթի նախարարությունում, որտեղից ևս կային ձերբակալվածներ:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը