Երբեք հավակնություն չեմ ունեցել յուրօրինակ մեկը երևալ. Ազնավուրն այսօր կտոներ ծննդյան 96-ամյակը
«Այն պահից, երբ ոտք եմ դրել հրաշքներով լի, սակայն բարդ արտիստական աշխարհ, սոփեստություն չեմ արել, ինքս ինձ չեմ կեղծել: Կարծում եմ՝ մարդամոտ մեկն եմ: Ծնվել եմ գաղթականի որդի, գաղթականի որդի էլ մնացել եմ: Մարդ իրեն չի կարող փոխել»,- «Կյանքից կառչած» գրքում գրել է մեծանուն երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ, դերասան, Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրը: Նա մայիսի 22-ին կդառնար 96 տարեկան:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` յուրաքանչյուր տարի շանսոնյեի ծննդյան կապակցությամբ Հայաստանում Ազնավուրի արվեստը արժևորող միջոցառումներ են կազմակերպվում՝ համերգներ, ցուցահանդեսներ և այլն:
Կորոնավիրուսի տարածման պատճառով այս տարի նախաձեռնություններն օնլայն հարթակում կանցկացվեն:
«Ազնավուր» հիմնադրամը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում մայիսի 22-ին Ազնավուրի տարեդարձը կնշի վիրտուալ տոնակատարություն-համերգով, որի ընթացքում տարբեր սերունդների արտիստներ կկատարեն Շառլ Ազնավուրի երգերը։
TM Production-ը, որն ամեն տարի Ազնավուրին նվիրված բացօթյա համերգային ծրագիր էր կազմակերպում մեծ հայի անունը կրող հրապարակում, այս տարի առաջարկում է մայիսի 22-ին միանալ #ՔաղաքըԱզնավուրէԼսում ֆլեշմոբին` հնչեցնելով աշխարհահռչակ շանսոնյեի կատարումները սրճարաններում, մեքենաներում, պատշգամբներում և այլուր, միասին ունկնդրել հայազգի լեգենդ Շառլ Ազնավուրի երգերը` վերածելով նրա ծննդյան օրը համազգային տոնակատարության:
Շառլ Ազնավուրի (Վաղինակ Ազնավուրյան) հայրը՝ Միշան, ծնվել է Վրաստանի Ախալցխա քաղաքում, մայրը՝ Թուրքիայի Իզմիր քաղաքում: Շառլի ընտանիքն ամուր կապված էր ազգային սովորույթներին, մայրենի լեզվին, եկեղեցուն: Ծնողները մասնակցում էին հայերի կազմակերպած թատերական ներկայացումներին, որոնց ներկա էր լինում նաև Վաղինակը: Մանկուց մեծ հետաքրքրություն ուներ արվեստի նկատմամբ: Հաճախում էր թատերական դպրոց: Ծնողներին օգնելու համար պատանի Շառլը ելույթներ էր ունենում փոքր ներկայացումներում, երգում եկեղեցում:
Ավելի ուշ սկսել է երգեր գրել ժամանակի ճանաչված երգիչների համար: 1946-ին ծանոթացել է հանրահայտ երգչուհի Էդիտ Պիաֆի հետ, և նրանք միասին շրջագայել են համերգներով: Սկզբնական շրջանում երգել է Պիեռ Ռոշի հետ:Համընդհանուր ճանաչման է արժանացել 1959 թվականին՝ Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում մենահամերգից հետո: Երգել է աշխարհի գրեթե բոլոր լավագույն բեմերում, համերգներով հանդես է եկել նաև Երևանում:
Ազնավուրը գրել է հազարից ավելի երգ. «Սա է վերջը», «Մամա», «Իզաբել», «Երկու կիթառ», «Սիրուց հետո», «Ջահելություն» և այլն: Նրա երգերի սկավառակները թողարկվել են միլիոնավոր օրինակներով, բանաստեղծությունները թարգմանվել և լույս են տեսել առանձին գրքերով: Նա իր երգերի լավագույն կատարողն է: Ազնավուրը երգել է Լուչանո Պավարոտիի, Պլաչիդո Դոմինգոյի, Լայզա Մինելիի, Միրեյ Մաթյոյի, Պատրիսիա Կաասի և այլ մեծանուն երգիչների հետ:Դստեր՝ Սեդայի հետ կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը: Գրել է նաև օպերետային երաժշտություն:
Ազնավուրը նկարահանվել է վաթսունից ավելի կինոնկարներում՝ «Հռենոսի անցումը», «Սատանան և տասը պատվիրանները», «Հայր Գորիո» և այլն, իսկ «Գլուխը՝ պատը» ֆիլմի համար արժանացել է «Բյուրեղյա աստղ» մրցանակի: Ուշագրավ է նրա դերակատարումը Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմում, որը նվիրված է Հայոց ցեղասպանությանը:
1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո նա բազմիցս այցելել է Հայաստան, եղել աղետի գոտում: Փարիզում ստեղծել է երկրաշարժից տուժածների օգնության «Ազնավուրը՝ Հայաստանին» հիմնադրամը, որի ներկայացուցչությունը բացել է Երևանում: Երգիչ և կոմպոզիտոր Ժորժ Կառվարենցի հետ գրել է «Քեզ համար, Հայաստան» երգը, թողարկել տեսահոլովակ` Ֆրանսիայի 90 երգչի ու դերասանի մասնակցությամբ: Կուբայում Չ. Վալդեսի հետ թողարկել է ալբոմ:
Ազնավուրը 1995 թվականից ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով պատվավոր դեսպանն է, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական պատվիրակ: 2009-ին նշանակվել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Շվեյցարիայում:
Արժանացել է Հայաստանի ազգային հերոսի կոչման, պարգևատրվել ԼՂՀ «Գրիգոր Լուսավորիչ» և Թեքեյան մշակութային միության ադամանդակուռ «Արարատ» շքանշաններով, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի 2 շքանշանով: 2009-ին ճանաչվել է XX դարի լավագույն երգիչ:
Գրել է «Ազնավուրն Ազնավուրի մասին», «Անցած օրեր», «Կյանքից կառչած», «Մեղմ շշուկով» հուշագրությունները:
Ազնավուրի անունով կոչվել են հրապարակ Երևանում, Վաղարշապատի դրամատիկական թատրոնը, իսկ 2000 թվականին Գյումրիում՝ նրա անվան հրապարակում, կանգնեցվել է հուշարձանը: Ազնավուրի մոմե արձանը 2004 թ. դրվել է մադամ Տյուսոյի թանգարանում: 2009-ին Երևանում բացվել է Ազնավուրի թանգարանը:
Շառլ Ազնավուրը կյանքից հեռացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին՝ աշխարհին թողնելով երաժշտական հարուստ ժառանգություն:
Երբեք հավակնություն չեմ ունեցել յուրօրինակ մեկը երևալ. Ազնավուրն այսօր կտոներ ծննդյան 96-ամյակը
«Այն պահից, երբ ոտք եմ դրել հրաշքներով լի, սակայն բարդ արտիստական աշխարհ, սոփեստություն չեմ արել, ինքս ինձ չեմ կեղծել: Կարծում եմ՝ մարդամոտ մեկն եմ: Ծնվել եմ գաղթականի որդի, գաղթականի որդի էլ մնացել եմ: Մարդ իրեն չի կարող փոխել»,- «Կյանքից կառչած» գրքում գրել է մեծանուն երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ, դերասան, Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրը: Նա մայիսի 22-ին կդառնար 96 տարեկան:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` յուրաքանչյուր տարի շանսոնյեի ծննդյան կապակցությամբ Հայաստանում Ազնավուրի արվեստը արժևորող միջոցառումներ են կազմակերպվում՝ համերգներ, ցուցահանդեսներ և այլն:
Կորոնավիրուսի տարածման պատճառով այս տարի նախաձեռնություններն օնլայն հարթակում կանցկացվեն:
«Ազնավուր» հիմնադրամը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում մայիսի 22-ին Ազնավուրի տարեդարձը կնշի վիրտուալ տոնակատարություն-համերգով, որի ընթացքում տարբեր սերունդների արտիստներ կկատարեն Շառլ Ազնավուրի երգերը։
TM Production-ը, որն ամեն տարի Ազնավուրին նվիրված բացօթյա համերգային ծրագիր էր կազմակերպում մեծ հայի անունը կրող հրապարակում, այս տարի առաջարկում է մայիսի 22-ին միանալ #ՔաղաքըԱզնավուրէԼսում ֆլեշմոբին` հնչեցնելով աշխարհահռչակ շանսոնյեի կատարումները սրճարաններում, մեքենաներում, պատշգամբներում և այլուր, միասին ունկնդրել հայազգի լեգենդ Շառլ Ազնավուրի երգերը` վերածելով նրա ծննդյան օրը համազգային տոնակատարության:
Շառլ Ազնավուրի (Վաղինակ Ազնավուրյան) հայրը՝ Միշան, ծնվել է Վրաստանի Ախալցխա քաղաքում, մայրը՝ Թուրքիայի Իզմիր քաղաքում: Շառլի ընտանիքն ամուր կապված էր ազգային սովորույթներին, մայրենի լեզվին, եկեղեցուն: Ծնողները մասնակցում էին հայերի կազմակերպած թատերական ներկայացումներին, որոնց ներկա էր լինում նաև Վաղինակը: Մանկուց մեծ հետաքրքրություն ուներ արվեստի նկատմամբ: Հաճախում էր թատերական դպրոց: Ծնողներին օգնելու համար պատանի Շառլը ելույթներ էր ունենում փոքր ներկայացումներում, երգում եկեղեցում:
Ավելի ուշ սկսել է երգեր գրել ժամանակի ճանաչված երգիչների համար: 1946-ին ծանոթացել է հանրահայտ երգչուհի Էդիտ Պիաֆի հետ, և նրանք միասին շրջագայել են համերգներով: Սկզբնական շրջանում երգել է Պիեռ Ռոշի հետ: Համընդհանուր ճանաչման է արժանացել 1959 թվականին՝ Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում մենահամերգից հետո: Երգել է աշխարհի գրեթե բոլոր լավագույն բեմերում, համերգներով հանդես է եկել նաև Երևանում:
Ազնավուրը գրել է հազարից ավելի երգ. «Սա է վերջը», «Մամա», «Իզաբել», «Երկու կիթառ», «Սիրուց հետո», «Ջահելություն» և այլն: Նրա երգերի սկավառակները թողարկվել են միլիոնավոր օրինակներով, բանաստեղծությունները թարգմանվել և լույս են տեսել առանձին գրքերով: Նա իր երգերի լավագույն կատարողն է: Ազնավուրը երգել է Լուչանո Պավարոտիի, Պլաչիդո Դոմինգոյի, Լայզա Մինելիի, Միրեյ Մաթյոյի, Պատրիսիա Կաասի և այլ մեծանուն երգիչների հետ: Դստեր՝ Սեդայի հետ կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը: Գրել է նաև օպերետային երաժշտություն: