Մեկնաբանություն

22.05.2020 10:20


Նիկոլ Ենոքավանցու վերջին շանսը հրաժարական տալն է և իշխանությունից անաղմուկ «թռնելը»

Նիկոլ Ենոքավանցու վերջին շանսը հրաժարական տալն է և իշխանությունից անաղմուկ «թռնելը»

Փաշինյանը վերջապես մի ճիշտ բան ասաց` հաստատեց, որ տապալել է կորոնավարակի դեմ պայքարը` «մեր գործերը լավ չեն», «իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան մենք կարող ենք պատկերացնել»...

Իհարկե, էլի փորձել է «կռուտիտ» անել, մեղքը գցել քաղաքացու` իրեն ոչ այն է ռեկետի, ոչ այն է` ծխախոտի, ադամանդի «կոնտրաբանդայի», դիմակի և այլ բիզնեսներում «փայ մտնելու», ոչ այն է` ընդմիջմանը մարդ ուտելու համար վարչապետի աթոռին «նստացրած» հպարտ քաղաքացու անհատական անպատասխանատվության վրա, բայց մենք հո գիտենք, որ ինքն էլ իր ասածին չի հավատում։

Կորոնավարակի հաղթարշավը, սակայն, Փաշինյանի ձախողումների անվերջանալի շղթայի օղակներից ընդամենը մեկն է` երևացող ու չերևացող ծանրագույն հետևանքներով հղի մի դրվագ, որի տակից դուրս գալու հեռանկարն օր օրի ավելի մշուշոտ է դառնում։ Առնվազն`«Նիկոլի թվին»։

Ձախողումներն ամենուր են, շոշափելի և տեսանելի`անգամ անզեն աչքի համար։ Սկսած դատաիրավական լիակատար բեսպրեդելից, վերջացրած քաղաքական, հասարակական, սոցիալ-տնտեսական, բարոյա-հոգեբանական համատարած դեգրադացիայի ամենատարբեր դրսևորումներով։ Բայց մեծագույն կորուստը, որ ունեցել ենք Նիկոլի անփառունակ կառավարման «արդյունքում, եթե դա ընդհանրապես կարելի է կառավարում համարել, գրանցել ենք արտաքին քաղաքականության ոլորտում` Ռուսաստանի հետ հարաբերություններում և առաջին հերթին` Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում։

Առաջին ջախջախիչ հարվածը, որ Նիկոլ Ենոքավանցին հասցրեց մեր բանակցային և ոչ միայն բանակցային դիրքերին, ապրիլյան պատերազմում զոհված տղաների արյան գնով ձեռք բերված դիվանագիտական դիվիդենտները հողին հավասարեցնելն էր` շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ստեղծելու և մոնիտորինգի հնարավորություններն ընդլայնելու վերաբերյալ Վիեննայի և Սանկտ-Պետրեբուրգի պայմանավորվածությունները «քիչ կրակելու» մասին ոտքի վրա` վերելակում համաձայնեցված բանավոր պայմանավորվածությամբ ջրելն էր։

Արցախին և Հայաստանին թիկունքից հասցված երկրորդ «գլոբալ», հուսանք` ոչ ճակատագրական հարվածի մասին բարձրաձայնեց արտգործնախարար Լավրովը. «աչքալուսանք տվեց», որ մի տարուց ավելի ժողովրդից թաքուն` ծածուկ բանակցվող փաստաթղթի հիմքում (որի գոյությունը համառորեն և հետևողականորեն հերքում էին, այսօր էլ շարունակում են «հերքել»` չհերքելով, որ «ինչ պետք ա` էն էլ բանակցում են») փուլային կարգավորումն է։ Այսինքն` Արցախը փուլ առ փուլ «հանձնելը»` սկուտեղի վրա Ադրբեջանին մատուցելը։

Սա դեռ ամենը չէ։ Պարզվում է, իրավիճակն իսկապես «շատ ավելի լուրջ է, քան կարող էինք պատկերացնել». մայիսի 19-ին Եվրոպայի խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է մեզ համար, մեղմ ասած, վտանգավոր մի բանաձևի նախագիծ, որտեղ «վերահաստատում է ԵՄ հանձնառությունը Արևելյան գործընկերության երկրների (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ուկրաինա, Մոլդովա, մի քիչ էլ`Բելառուս-Լ.Պ.) ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, քաղաքական անկախության հարցում`իրենց միջազգայնորեն ճանաչված սահմաններում և սատարում այս սկզբունքներն ամբողջապես պարտադրելուն/հարկադրելուն/իրականացնելուն ուղղված նրանց ջանքերը, ընդգծում այս առումով անդամ-պետությունների միասնության ու համերաշխության կարևորությունը»։

Այսքանը քիչ համարելով`մի բան էլ կոչ է անում արևելյան գործընկերների «ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և քաղաքական անկախության» նկատմամբ ենթադրաբար ոտնձգություն գործած երկրներին`«անհապաղ դուրս բերել օտարերկրյա զորքերը բոլոր օկուպացված տարածքներից», և ամրագրում, որ «ժամանակավոր տեղահանված անձինք պետք է վերադառնան իրենց բնակավայրերը»: Ում է ուղղված այս «սպառնալի ուղերձը», և ով է դրա շահառուն, երևի պետք չէ բացատրել։

Բանաձևը դեռ չի ընդունվել`քննարկվելու և քվեարկության է դրվելու հունիսի 23-ին, բայց, ըստ ամենայնի, կընդունվի` նկատի ունենալով, որ, ինչպես իրավացիորեն արձանագրում է Դավիթ Շահնազարյանը, Հայաստանում խորհրդարանական դիվանագիտություն, որպես այդպիսին, չկա` մեկուկես տարի է, մեռած է, թաղած չէ։ Մասնավորապես, ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության հայաստանյան պատվիրակությունը, որի ղեկավարը «վաստակավոր» քայլարած Արման Եղոյանն է, ուղտի ականջում քնած է` մատը մատին չի խփում, մինչ ադրբեջանական կողմը, քափ-քրտինք մտած, «կառուցողական» ջանքեր է գործադրում`եվրոպական համայնքից կորզելու հերթական հակահայ փաստաթուղթը։

Ի՞նչ է ստացվում։ Նիկոլ Ենոքավանցին ի լուր աշխարհի հայտարարում է, որ Ադրբեջանը շատ կառուցողական է տրամադրված`ինքն էլ, Ալիևն էլ ուզում են լուծել խնդիրը։ Միակ խանգարող հանգամանքը Հայաստանի «ապակառուցողական» ընդդիմությունն է, որ կապում է իր ձեռքերը, կաշկանդում է, չի թողնում հանգիստ խղճով բանակցի` «ինչ պետք է»։

Դե, եվրոպացիները հանրությանն էլ փորձում են «օգնել»` «իշմար են տալիս», որ Ադրբեջանի «ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և քաղաքական անկախությունը» սակարկության առարկա չէ, և եթե համառենք` դուրս չգանք «օկուպացված տարածքներից», լուրջ խնդիր կունենանք։ Ավելին`կսատարեն Ադրբեջանին, եթե վերջինս «իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և քաղաքական անկախությունը» հարկադրելու և պարտադրելու ջանք գործադրի։ Այսինքն` կանխավ լեգիտիմացնում են Ադրբեջանի ռազմական էքսպանսիան Արցախի դեմ։

Պատահական չէ, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն օպերատիվ արձագանքեց նախագծի հաստատման փաստին. «Պատերազմը դեռ չի ավարտվել, և Ադրբեջանը իրեն լիակատար իրավունք է վերապում` ապահովելու իր տարածքային ամբողջականությունը իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում բոլոր անհրաժեշտ միջոցներով։ Հայաստանի ղեկավարության սադրիչ գործողությունները (նկատի ունի մասնակցությունը Արցախի նախագահի երդմնակալության արարողությանը) գործնականում զրոյի են հավասարեցնում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերը և նպաստում են ռազմական դիմակայության հետագա զարգացմանը։ Թո՛ղ ոչ մեկը չկասկածի, որ օկուպացված տարածքները կազատագրվեն, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կվերականգնվի և կապահովվեն բռնի տեղահանվածների հիմնարար իրավունքները»։

Սա՛ է Նիկոլի «գերկառուցողական» քաղաքականության հետևանքը։ Սրան է հասել` մերժելով իրենից առաջ բանակցված փաստաթղթերը, «կարգավորումն իր կետից» սկսելով և «կառուցողական» Ալիևի հետ քիրվայական խաղեր տալով։

Եվ հիմա, միակ բանը, որ կարող է և պետք է անի` հրաժարական տալն է և հնարավորինս անաղմուկ իշխանությունից «թռնելը»...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը