Աշխարհ

21.05.2020 21:35


Ֆրանսիացի գիտնականները ահազանգում են՝ պետք է զանգվածային թեստավորում

Ֆրանսիացի գիտնականները ահազանգում են՝ պետք է զանգվածային թեստավորում

Ֆրանսիան վերաբացվում է, սակայն գիտանականները առաջարկում են զանգվածային թեստավորում՝ իրավիճակը վերահսկելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ամերիկայի ձայն»-ը տեղեկացնում է, որ համաճարակաբանները կողմ են զանգվածային համակարգված թեստավորման, քանի որ սահմանափակումների մեղմացումից հետո երկրում հայտնաբերվել են կորոնավիրուսի ռիսկային նոր գոտիներ:

«Եթե մենք հայտնաբերենք նրանց և իրականացնենք թեստավորում` մեկուսացնելով շրջապատից, ապա կշարունակենք վերահսկել համաճարակը»,- ասում է ֆրանսիացի համաճարակաբան Դոմինիկ Կոստագլիոլան:

Իր հերթին Քեթրին Հիլը, ով ղեկավարում է համաճարակաբանության ծառայությունը «Gustave Roussy» քաղցկեղի բուժման կենտրոնում, քննադատում է իշխանություններին Ֆրանսիայում ավելի վաղ շրջանում թեստերի բացակայության համար և առաջարկում բնակչությանը զանգվածային թեստավորման ենթարկել՝ վիրուսը հայտնաբերելու համար:

Ապրիլին Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը հայտարարել էր, որ Ֆրանսիան կանցնի ագրեսիվ դոկտրինային COVID-19 թեստավորման հարցում՝ նպատակ ունենալով շաբաթական անցկացնել 700 հազար թեստավորում:

Հիլը նշում է, որ միայն ախտանիշներ ունեցողների և նրանց հետ շփման մեջ մտած անձանց համար թեստերը սահմանափակելու կառավարության որոշումը բավարար չէ վիրուսը հաղթահարելու համար:

«Մենք թեստավորում ենք ախտանիշ ունեցող մարդկանց, բայց նրանց հայտնաբերման համար ժամանակ է հարկավոր: Հետո մենք թեստավորում ենք այն մարդկանց, ում հետ նրանք կապ են ունեցել, և դա ևս արագ գործընթաց չէ: Պետք է բնակչության զանգվածային թեստավորում անցկացնել»,- նշել է Հիլը:

Նա նաև պաշտպանում է կորոնավիրուսի նշաններ հայտնաբերելու համար կոյուղաջրերը թեստավորելու գաղափարը, ինչպես դա սկզբնական շրջանում արվել է Ֆրանսիայում, Նիդեռլանդներում և Ավստրալիայում: Դա կարող է օգնել վերահսկելու դեպքերի տարածումը և ժամանակին արձագանքել բռնկումներին:

Գիտնականները ենթադրում են, որ վիրուսի փոքր մասնիկներ կարող են մնալ կոյուղաջրերում, ուստի դրանց լայն մասշտաբով ուսումնասիրությունը ևս կնպաստի համավարակի տարածման դեմ պայքարին:

Քանի որ Ֆրանսիան աստիճանաբար մեղմացնում է սահմանափակումները և վերաբացվում, գիտնականները չեն բացառում համավարակի երկրորդ ալիքը, եթե դադարեցվի թեստավորումը:

Առողջապահության նախարարության տվյալներով Ֆրանսիայում հետևողականորեն արձանագրվում է դեպքերի ու մահերի թվաքանակի անկում:

Այս խորագրի վերջին նյութերը