Կարծիք

24.03.2011 19:26


Քաղաքական զարգացումների տրամաբա– նությունը

Քաղաքական զարգացումների տրամաբա– նությունը

Ընդդիմության վերջին հանրահավաքները ակնհայտորեն մարդաշատ էին: Վերջին տարիներին  երբեք այդքան շատ մարդ չէր եկել մատենադարանի հարակից տարածք: Սրա պատճառը շատ պարզ է` վարչապետ Տ. Սարգսյանի վարած տնտեսական քաղաքականությունը և ՀԱԿ  առաջնորդի ելույթներում հայտնված սոցիալական թեմաները:

Մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ հնչեցրած իշխանությանը ուղղված 15 կետանոց պահանջներում սոցիալականը զգալի տոկոս էր կազմում, իսկ հաջորդած օրերին հենց նրանք էին դարձել հասարակության լայն շերտերի քննարկման և սպասումների առարկան:

Ընդունենք, որ գործից, ընտանիքը պահելու միջոցներից, բուժման հնարավորությունից, աշխատատեղից և, վերջապես, տարրական չափանիշներով ապրելու հնարավորությունից զրկված մարդուն  Ղարաբաղը, Թուրքիան, քաղբանտարկյալները, մարտի 1-ի հետաքննությունը  հետաքրքրում են ոչ ամենասկզբում:

Մինչև մարտի 17-ի հանրահավաքը մարդիկ սպասում էին,  որ իրենց խնդիրները հստակ ձևակերպված և դասակարգված կներկայացվի քաղաքակն ուժի կողմից ու նրանք կարող են լուծումների գնալ։

Արձանագրենք, սակայն, որ մարտի 17-ին ՀԱԿ առաջնորդը, մեծ հաշվով, ուրացավ հասարակ մարդկանց խնդիրները՝ շեշտադրումները լայն շերտերի սոցիալական խնդիրներից  «մերձՀԱԿային» խնդիրներ տեղափոխելով ու իշխանության հետ գործարքներից խոսելով:

Հասարակությունը վերադարձավ կոտրած տաշտակին։ Այսինքն՝ ունենք  իշխանություն, որը հարյուր հազարավոր  մարդկանց չքավորության պատճառ դարձավ, և լևոնական ընդդիմություն, որի համար լայն հասարակության սոցիալական խնդիրները առաջնահերթ օրակարգային չեն: Կոպիտ ասած, ժողովուրդը մնաց անտեր:  Ու այս պայմաններում պարզ է դառնում, թե իշխանությունն ու լևոնական ընդդիմությունն ինչու էին մի քանի շաբաթ առաջ  ձեռք ձեռքի տված պայքարում  Գագիկ Ծառուկյանի դեմ:

Վերջին տարիներին Ծառուկյանի բարձր վարկանիշը ձևավորվել է հիմնականում ժողովրդի լայն շերտերի շահերի պաշտպանության արդյունքում: ԲՀԿ խմբակցությունը մի քանի անգամ ցուցադրաբար  դեմ քվեարկեց կառավարության օրինագծերին, որոնք սկիզբ էին դնում սեփական քրտինքով բիզնես անողների խավերի ոչնչացմանը: Այս առումով, պատմության առաջ ԲՀԿ ղեկավարը մաքուր է: Հիմա խնդիրը ընթացիկ կյանքն է:

Որևէ կոալիցիոն նոր կամ հին հուշագիր չի կարող արգելել Ծառուկյանին և նրա թիմին  պաշտպանել փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների շահերը: Իսկ այս մարդկանց թիվը հասնում է հարյուրավոր հազարների:

Ոչ ոք չի կարող արգելել ԲՀԿ-ին աջակցել այդ շերտերին, բարձրացնել նրանց  խնդիրները, ուժերի ներածին չափով օգնել: Այս սոցիալական շերտերը կանգնած են ջախջախման և սնանկացման եզրին ու ոչ ոք չի կարող արգելել Ծառուկյանին շարունակել համերաշխության ձեռք մեկնել նրանց:

Ահա հենց սրանից են իշխանությունները և լևոնական ընդդիմությունը միասին  զգուշանում: Ժամանակ առ ժամանակ նրանց հակածառուկյանական քայլերը զարմանալիորեն սինխրոն են:

Այժմ Ծառուկյանն ինքը կանգնած է դժվար ընտրության  առաջ: Եթե նույնիսկ փորձի խուսափել ակտիվությունից, ապա միևնույն է այլևս որևէ  կողմից չընկալվող, և անտեսվող ժողովրդի ահռելի սոցիալական շերտը ակնկալիք է ունենալու նրանից՝ այն պարզ պատճառով, որ մնացածներն իրենց դավաճանել են:  Այսպիսով՝ Ծառուկյանը դատապարտված է ակտիվ համագործակցել սոցիալական շերտերի հետ։

Որքան էլ զավեշտ թվա, բայց այս գումարման ԱԺ-ի միայն վերջին տարում «Բարգավաճ Հայաստանը» ստացավ պատմական հնարավորություն ակտիվ աշխատելու և հաջորդ ընտրություններում քաղաքական բեկում մտցնելու համար: Կամ ԲՀԿ-ն Ծառուկյանի գլխավորությամբ ընդառաջ կգնա մարդկանց պրոբլեմներին,  կվաստակի համընդհանուր հեղինակություն ու շանս կունենա իր կարևոր տեղն զբաղեցնել քաղաքական դաշտում, կամ ստիպված կլինի  անօգուտ դիմակայել դավիթշահնազարյանների և իշխանական  PR–ի համատեղ հարձակումներին:

Արման Սահակյան

Այս խորագրի վերջին նյութերը