Լրահոս

19.05.2020 16:25


Դատավոր Աննա Դանիբեկյանը տուժող է ճանաչվել՝ քթի վիրահատության վերաբերյալ քրեական գործով

Դատավոր Աննա Դանիբեկյանը տուժող է ճանաչվել՝ քթի վիրահատության վերաբերյալ քրեական գործով

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանը տուժող է ճանաչվել՝ քթի վիրահատության վերաբերյալ տեղեկատվությունը հանրայնացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Ռիմա Եգանյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահի և մյուսների գործով մարտի 17-ին նշանակված դատական նիստը չէր կայացել, թեեւ մինչ այդ դատավոր Աննա Դանիբեկյանի աշխատակազմից տեղեկացրել էին, որ այն կայանալու է ու պաշտպանական կողմը ներկայացրել էր ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը։ Դատական նիստի հետաձգումը պատճառաբանվել էր դատավորի վատառողջ լինելու հանգամանքով, սակայն հետագայում պարզվեց, որ նա ներկայացրել է անաշխատունակության թերթիկ ՝ դեռեւս մարտի 13-ի ամսաթվով ։ Ավելի ուշ՝ ապրիլի 9-ին մամուլում տեղեկություն հայտնվեց, որ Աննա Դանիբեկյանը պետպատվերի շրջանակներում վիրահատել է քիթը։

Հրապարակումներից 5 օր անց՝ ապրիլի 14-ին, ԲԴԽ-ն հայտարարություն տարածեց, թե դատավոր Աննա Դանիբեկյանի քթի վիրահատության վերաբերյալ մամուլի հրապարակումների առնչությամբ հրավիրել է գլխավոր դատախազության ուշադրությունը՝ օրենքով սահմանված կարգով դրանց քրեաիրավական գնահատական տալու համար: Մասնավորապես՝ ԲԴԽ-ն գտել է, թե հրապարակել են օրենքով պաշտպանված տեղեկություններ /բժշկական գաղտնիք պարունակող, անձնական կյանքին վերաբերող/։ Ապրիլի 16-ին դատախազությունից հայտնեցին, որ մամուլի հրապարակումներն ուղարկվել են ոստիկանություն՝ նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ։ Նույն օրը հայտնի դարձավ, որ դատավորը վերադարձել է աշխատանքի և կրկին մեկնել հերթական արձակուրդը՝ դատական նիստի օր նշանակելով մայիսի 8-ին։

Նախապատրաստված նյութերով ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածի և 145-րդ հոդվածի հատկանիշներով՝ մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններն առանց նրա համաձայնության օգտագործելը կամ հրապարակային ելույթներով, հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործություններով կամ լրատվության միջոցներով այդպիսի տեղեկություններ տարածելու և բժշկական գաղտնիք հանդիսացող տվյալներ հրապարակելու համար։ Քրեական գործով նախաքննության կատարումը հանձնարարվել է Քննչական կոմիտեին։

Այս խորագրի վերջին նյութերը