Մեկնաբանություն

19.05.2020 14:25


Վարակի հանդեպ «թագի» անլրջության լուրջ հետևանքները

Վարակի հանդեպ «թագի» անլրջության լուրջ հետևանքները

Վերջերս նկատել եմ, որ երբ հերթական «եթերային» միացմամբ հանդես է գալիս պետության կառավարման պատասխանատու պաշտոնում հայտնված այս կամ այն անպատասխանատուն, «ալիքը փոխում» եմ: Չնայած, մասնագիտական գործունեության գրեթե 30 տարվա ընթացքում պետք է որ արդեն իմունիտետ ունենայի: Այսինքն՝ ունեմ: Բայց երբեմն արդեն անհնար է ունկնդրել, թե ինչեր են ասում, և պահպանել հավասարակշռությունը՝ արծարծվող խնդիրը հնարավորինս «սառը գլխով» և համակողմանի դիտարկելու համար:

Հետո, իհարկե, լսում եմ կամ ընթերցում հերթական ճառատորի ասածի շարադրանքը: Եվ ամեն դեպքում՝ չի լքում զգացողությունը, որ այս կամ այն նորապաշտոնյան ուղղակիորեն ձեռ է առնում կամ դիմացինին փորձում է հիմարի տեղ դնել:

Վերցնենք թեկուզ այն իրողությունը, որ սկսած Նիկոլ Փաշինյանից, վերջացրած Արսեն Թորոսյանով, վերջին օրերին խոսում, ինչ-որ տեղ նաև դժգոհում ու տրտնջում են, թե՝ հասարակությունը ոնց որ անլուրջ է վերաբերվում կորոնավարակի վտանգին, չկա հասարակության կողմից լուրջ վերաբերմունք, այս, այն:

Այ-այ-ա՛յ: Տեսնես ինչո՞ւ է այդ անպատասխանատու, ցածր գիտակցություն ունեցող հասարակությունը անլուրջ վերաբերվում «նոր կորոնավարակին» ու դրա վերաբերյալ այս իշխանավորների ասածներին, հորդորներին և սահմանափակումներին:

Հետաքրքիր է, նրանք, երբ դրա մասին արտահայտվում են, իսկապե՞ս չեն կռահում, թե՝ ինչո՛ւ:

Այդ պարագայում պետք է մարդասիրություն դրսևորել և միգուցե թեթևակի հուշե՞լ, թե ինչու է պատկերն այդպիսին:

Պարոնայք Փաշինյանն ու Թորոսյանը գոնե մեկ-մեկ հիշո՞ւմ են, թե իրենք ոչ այնքան վաղուց, օրինակ, մարտի սկզբներին, ինչեր էին ասում covid-19 վիրուսի և դրա տարածման վտանգի մասին: Դե, Նիկոլ Փաշինյանի դեպքը գրեթե անհույս է: Մարդն ասում է, թե չի հիշում: Դավթարներում չկա, դուք որքան կուզեք՝ «բարաթը» շրջանառեք: «Սեյվ» չի արել...

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գոնե պե՞տք է հիշի, որ ասում էր, թե՝ լուրջ բան չկա:

Հիմնականը. Պետության գլխավոր ղեկավար անձը՝ ի դեմս վարչապետի, և ոլորտային գլխավոր պատասխանատուն՝ ի դեմս առողջապահության նախարարի, ի սկզբանե ու հրապարակայնորեն անլուրջ վերաբերմունք են դրսևորել այդ վարակի ու դրա սպառնալիքի նկատմամբ: Այլ հանգամանքներում դա կարող է բնորոշվել որպես պաշտոնեական անփութություն՝ ՀՀ Քրեական օրենսգիրք, հոդված 315, մեր դեպքում՝ նշված հոդվածի երկրորդ մաս (ծանր հետևանքներ):

Բայց իրավականը թողնենք իրավաբաններին: Զուտ հանրային ընկալման տեսանկյունից բարձրաստիճան պաշտոնյաները իրենց նախնական հայտարարություններով, պատկերավոր ասած՝ անլուրջ վերաբերմունքի սերմեր են բռերով ցանել: Էհ, գարունն էլ տեղումնառատ էր, և այդ սերմերը անխղճորեն ծլել են: Ումի՞ց եք ինչ պահանջում: Վարակի հանդեպ կարծեցյալ «թագակիրներիդ» անլրջությունը բերեց այս լուրջ հետևանքներին:

Եվ, ի դեպ, այդ ինչպե՞ս պատահեց, պարոնայք, որ փողոցներ փակելիս, նախորդ գումարման ԱԺ-ի վրա հարայ-հրոցով վրա տալիս, ԱԺ արտահերթ ընտրություններում բոլշևիկական տոկոսներ ստանալիս հասարակությունը բարձր գիտակցություն ուներ, պատասխանատու էր և այլն, ու հո՛պ, մեկ էլ այդ «բոլոլայից» հազիվ մեկ տարի ու մի փոքր անց բոլորը կտրուկ դարձան անպատասխանատու, ցածր գիտակցություն ունեցող: Եթե նման կտրուկ փոփոխություն է եղել, ապա էլի ձեր «թավշյա» իշխանության ձեռքբերումն է:

Բայց հարցը միայն հայտարարությունները չեն: Հապա գործողություննե՞րը: Մարդիկ հրաշալի տեսան, որ Փաշինյանի գլխավորած «թավշյա ռեժիմը» հայտարարած արտակարգ դրությունն առավելապես օգտագործեց իր քաղաքական շահերին ծառայեցնելու և այդ պայմաններում իրենց «սևեռումներն» օրենսդրորեն «փաթեթավորելու» համար: Խոսքն, իհարկե, քաղաքացիների ազատությունները սահմանափակող, ում ասես՝ հետևելու լրացուցիչ ու անսահմանափակ հնարավորություններ տվող և այդօրինակ մյուս օրենքներն ԱԺ-ում դակելու մասին է:

Մարդիկ հրաշալի տեսնում են, որ վարակի վտանգին դիմակայելու նպատակով գործադիր իշխանության արած քայլերը հակասական են, ուշացած, նաև՝ ապարդյուն: Հակառակ դեպքում այդ ինչպե՞ս եղավ, որ հենց արտակարգ դրության պայմաններում վարակված հայրենակիցների թիվը առնվազն հարյուրապատկվեց, տասնյակներից հասանք հազարների: Ասում են, որ հենց միայն պաշտոնական թվերով, արդեն կորոնավարակի աշխարհի չեմպիոնության ենք հավակնում՝ հաշվի առնելով մեր բնակչության թվաքանակը:

Դա նշանակում է, որ կառավարությունը, իշխանությունները վատ են գործել, չեն կարողացել ապահովել իրենց իսկ պահանջած ու ներդրած սահմանափակումները, չեն կարողացել հասարակությանը բավարար արդյունավետությամբ բացատրել սահմանած կանոններին խստորեն հետևելու անհրաժեշտությունը:

Դա էլի շատ բաներ է նշանակում: Բայց շարունակությունն ավելի ճոխ է: Երկամսյա արտակարգ դրության պայմաններում վարակվածների քանակը երկրաչափական պրոգրեսիայով աճում է, և հենց այդ իրադրության մեջ, որոշվում է մի ամսով էլ երկարացնել արտակարգ դրությունը ու... «բացել» մեծ տեղատարողությամբ հանրային տրանսպորտը, տնտեսական գործունեությունը և այսպես շարունակ: Դա կարելի է համեմատել մի իրավիճակի հետ, երբ վատ ամբարտակ ես կառուցում, որքան հնարավոր է՝ ջուր ու տիղմ է այնտեղ կուտակվում, հետո բռնում ու քո վատ կառուցած ամբարտակը քանդում ես և հեղեղում մերձակայքը:

Չէ, վերջին շրջանում ամեն մի օրը կարծես բացվում է միայն այն բանի համար, որ ավելի շատ մարդիկ համոզվեն, որ «թավշյա ռեժիմն» արդեն սպառել է իրեն:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը