Մեկնաբանություն

19.05.2020 09:50


Արևմուտքի աջակցության գինը

Արևմուտքի աջակցության գինը

Շատերն են նկատել, որ ԱՄՆ Պետդեպը և ԵՄ ներկայացուցիչը վերջերս (ՌԴ արտգործնախարարի հայտնի հայտարարությունից հետո) «ջերմ սիրով» են լցվել Նիկոլի և իր խորովածահամ, խորովածահոտ «բարեփոխումների» նկատմամբ։

Այն աստիճան, որ «թավշյա բռնապետիկի» ամբողջատիրական նկրտումների, «նոր» Հայաստանում մոլեգնող դատաիրավական բեսպրեդելի վրա աչք փակելը քիչ համարելով` արդեն սկսել են բացահայտորեն պաշտպանել կոռուպցիայի դեմ պայքարի քողի տակ իրականացվող «ընտրովի արդարադատությունը» և «ժողովրդավարական բարեփոխումները»։

Էդ առաջ էր` 2003-2007թթ., հատկապես մարտիմեկյան անկարգություններից հետո, որ Պետդեպն ու եվրոպական կառույցները սարի պես կանգնած էին ընդդիմության թիկունքին։ Ակնդետ հետևում էին հայաստանյան ներքաղաքական զարգացումներին, և հե՛նց ճանճը մի քիչ այնպես չէր տզում, այնպիսի հարայ-հրոց էին բարձրացնում` խոշորացույցի տակ զննելով և արձանագրելով յուրաքանչյուր «շեղում» իրենց փայփայած ժողովրդավարական արժեքներից, կարելի էր կարծել` աշխարհը շուռ է եկել. դատապարտող բանաձևերի, զեկույցների և նախազգուշական հայտարարությունների պակաս չէր զգացվում։

ԵԽԽՎ համազեկուցողներն այնքան հաճախակի էին գալիս Հայաստան` «վերահսկելու» ընդդիմության հանդեպ անբարյացակամության դրսևորումները, որ թվում էր` չէին էլ հեռացել. գրանցված են Հայաստանում, մնում է` քաղաքացիություն ստանան, և վերջ։ Ամեն անգամ, իշխանական վերնախավին, խորհրդարանական խմբակցություններին հանդիպելուց բացի, որպես կանոն, փակ քննարկումներ էին անցկացնում «քաղաքացիական հասարակության» ներկայացուցիչների`պայմանական «իոաննիսյանների», դրսից ֆինանսավորվող ընդդիմադիր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, լսում նրանց կարծիքը և գրեթե նույնությամբ վերարտադրում իրենց զեկույցներում։ Հիմա հազարից մեկ են հիշում մեզ`տարին մեկ, և այնպես «աննկատելի» են գնում-գալիս, որ չենք էլ իմանում` երբ եկան, երբ գնացին, ում հետ հանդիպեցին և ինչ խոսեցին։

Նույն կերպ ԱՄՆ դեսպանը, ԵՄ ներկայացուցիչը գրեթե ամեն շաբաթ շփվում էին լրատվամիջոցների հետ և ասում «տղամարդու» իրենց խոսքը ընդդիմության հանդեպ եղած ու չեղած «ոտնձգությունների» մասին, դասեր տալիս իշխանություններին։ Այսօր այդ ամենը մոռացվել է. մարդկանց օրը ցերեկով քաղաքական հետապնդումների են ենթարկում`պարզապես Նիկոլի թրի տակով չանցնելու, իր ուզածը չասելու և չանելու համար։ Բավական է հիշել Քոչարյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդարի մեկուկես տարվա «էպոպեան», Հրայր Թովմասյանին, նրա սանիկներին, իր հետ փոխկապակցված այլ անձանց ամենաբիրտ մեթոդներով «քաղաքական սամասուդի» ենթարկելու փորձերը, ընդդիմադիր գործիչների վրա կարված շինծու գործերը, որոնց մասին ո՛չ եվրոպացիները, ո՛չ ամերիկացիները ծպտուն չեն հանում։

Հիմա բա՛ն է փոխվել` «լուռ համաձայնությունից» անցել են «թավշյա բեսպրեդելին» հրապարակավ «այո» ասելու հարթություն։ Առաջինը դա արեց «քեռի Սեմը»` ի դեմս ԱՄՆ Պետքարտուղարի փոխտեղակալ, Պետդեպարտամենտի եվրոպական և եվրասիական հարցերով բյուրոյի ներկայացուցիչ Ջորջ Քենթի։ Վերջինս մայիսի 6-ին, անդրադառնալով Լավրովի հայտարարությանը, հայտարարեց. «Նա մի շարք իրավիճակների վերաբերյալ բազմաթիվ ոչ այնքան օգտակար հայտարարություններով է հանդես եկել», և այդ հայտարարությամբ խոչընդոտել է խնդրի «խաղաղ կարգավորմանը»։

Ծանր են տարել, որ Լավրովը գաղտնազերծել է այն, ինչի մասին չէր կարելի ասել` իրազեկել է Հայաստանի հասարակությանը, ինչ փաստաթուղթ է դրված սեղանին, և ինչի մասին է բանակցում Փաշինյանը փակ դռների հետևում`առնվազն վերջին մեկ տարում։ Մինչդեռ, ինչպես նշված էր տարեսկզբին Ժնևում ընդունված հնգակողմ հայտարարության մեջ, պարտավոր էր պահպանել բանակցությունների կոնֆիդենցիալությունը`թաքցնել, որ բանակցությունները տխրահռչակ «փուլային» կարգավորման շուրջ են։

ՍԴ-ն ուզուրպացնելու`դատավորների կազմը «հեղափոխելու» մասին էլ ասել է, որ դա «դատական համակարգի սովորականից ավելի արմատական վերափոխում» է, և «այլընտրանքային լուծում» էր առաջարկել «թավիշներին»։ Այն է` կորոնավիրուսից տուժած` արտակարգ դրության պատճառով փակուղի մտած ապօրինի հանրաքվեին ապավինելու փոխարեն դիմել Վենետիկի հանձնաժողով, իբրև «լավագույն խորհրդատու մարմնի»։ Օրեր առաջ, ի լրումն, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը Նիկոլի «պատի թերթի»` դրսից ֆինանսավորվող, դրսի շահերն սպասարկող «Ազատություն» ռադիոկայանի եթերում մարդու իրավունքների և ժողովրդավարության հետ կապված «առաջընթաց» արձանագրեց։

Դե, Նիկոլենք էլ որոշեցին երկաթը տաք-տաք ծեծել` ինչպես կասեր «մաեստրո» Հովիկ Աղազարյանը, «տղա բերել» Հայաստանի վրա՝ հայցելով ՍԴ-ն գրավելու օրենսդրական նախաձեռնության հեղինակ Վահագն Հովակիմյանի համոզմամբ` «Սերժ Սարգսյանի կողմից կաշառված» Ջիաննի Բուքիքիոյի ղեկավարած կառույցի, այսինքն` Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը հակասահմանադրական հանրաքվեի «փոխարինիչ» գտնելու հարցով։ Այն հույսով, որ հանձնաժողովը թույլ կտա վերադառնալ ԱԺ-ի միջոցով հարցը լուծելու նախնական պլանին`շրջանցելով նախապես ՍԴ համաձայնությունը։

Վենետիկի հանձնաժողովը վաղուց է ասել իր տեսակետը` ի դեմս Բուքիքիոյի, անթույլատրելի է համարել ՍԴ անդամների «ճնշող մեծամասնությանը» հրաժարական պարտադրելը և ուշադրություն հրավիրել, որ դրանով խախտվում է դատավորների անկախության` քաղաքական կոնյունկտուրայից, իշխող ուժի ցանկություններից պաշտպանված լինելու պահանջը։

Եթե հանձնաժողովը 180 աստիճանով փոխի իր դիրքորոշումը` «դաբրո տա» ՍԴ ուզուրպացման «թավշյա ծրագրին», դա կարող է նշանակել մի բան. Արևմուտքը կանաչ լույս է վառում Նիկոլի առաջ՝ պայմանով, որ սա ուժ (դուխ) կգտնի`լուծել Արցախի խնդիրը Ադրբեջանի երազած տարբերակով։ Այսինքն` Արցախը հանձնելու «ղազագիր» ստորագրել։ Համ էլ` ստամբուլյան կոնվենցիան «սղղացնել», ինչպես «սղղացրին» Լանզերոտի կոնվենցիան։

Երկուսը` մեկում, ինչպես ասում են...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը