Աշխարհ

18.05.2020 22:10


Մայիսի 19-ին Թուրքիայում կարգելվի ծաղկեպսակ դնել Աթաթյուրքի հուշարձանին

Մայիսի 19-ին Թուրքիայում կարգելվի ծաղկեպսակ դնել Աթաթյուրքի հուշարձանին

Թուրքիայում կորոնավիրուսի դեմ պայքարում իրականացվող միջոցառումների շրջանակում մի շարք սահմանափակումներ են հայտարարվել և արգելվել է նաև տոնական ու զանգվածային միջոցառումների կազմակերպումը։

Թուրքիայի Սևծովյան Սամսուն նահանգի նահանգապետարանն այս տարի արգելել է մայիսի 19-ին կազմակերպվող միջոցառումները։

Նշենք, որ 1919 թվականի մայիսի 19-ին Սամսուն է ժամանել Թուրքիայի Հանրապետության ապագա հիմնադիր Մուստաֆա Քեմալը, որն էլ այդտեղից սկսել է ծավալել իր գործունեությունը։ Այդ օրը թուրքական պաշտոնական պատմագրությունը համարում է քեմալական շարժման (թուրքական կողմն անվանում է «Ազատագրական պատերազմ») սկիզբն ազդարարող ամսաթիվ և նշվում է որպես ազգային տոն։

Թուրքիայի հանրային միացյալ աշխատանքի համադաշնության Սամսունի ներկայացուցիչ և կրթական աշխատանքի արհմիության Սամսունի մասնաճյուղի ղեկավար Ռյուսթեմ Քարան մայիսի 4-ին դիմել է Սամսունի նահանգապետարան, որպեսզի մայիսի 19-ին 8-10 հոգանոց խմբին թույլատրվի ծաղկեպսակ դնել Աթաթյուրքի հուշարձանին։

Այդ դիմումին 11 օր անց պատասխանել է փոխնահանգապետ Հասան Բալջըն՝ նշելով, որ երկրի 15 նահանգներում արգելվում է փողոց դուրս գալ և այդ պատճառով հարմար չեն գտնում, որ ծաղկեպսակ դրվի։

Այդ համադաշնության ներկայացուցիչներից մեկը որոշման հետ կապված իր բողոքն է հայտնել։ Վերջինս օրինակ է բերել՝ ասելով, որ երկրի իշխանությունները մայիսի 1-ին՝ աշխատավորների օրը, Ստամբուլում թույլ են տվել ծաղկեպսակ դնել Թաքսիմի հուշարձանին։

Նրա խոսքով՝ իրենց դիմումով նախատեսվում էր, որ միջոցառման մասնակիցները պահպանելու էին սոցիալական հեռավորություն և կրելու էին դիմակներ։

«Բացի այդ բաց են առևտրի կենտրոնները և գեղեցկության սրահները։ Նույնիսկ եթե ցանկանան անուշադրության մատնել Աթաթյուրքի անունը, կատարած գործերը, դա նրանց չի հաջողվի։ Մենք դատապարտում ենք այդ որոշումն ընդունողներին»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ 1919 թվականի մայիսի 19-ին Մուսթաֆա Քեմալը՝ որպես 9-րդ բանակի տեսուչ, ծովային ուղիով ժամանում է Սամսուն, իսկ հունիսի 22-ին Ամասիայում հայտարարում է, որ երկրի անկախությունը գտնվում է սպառնալիքի տակ: Արդեն հուլիսի 8-ին Քեմալը լքում է օսմանյան բանակի շարքերը, ինչի համար սուլթանական կառավարությունն արձակում է նրա ձերբակալման հրամանը, իսկ ավելի ուշ նրան դատապարտում է մահվան, ինչը, սակայն, ի կատար չի ածվում:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը