Մեկնաբանություն

18.05.2020 14:40


Մենակ մարդը

Մենակ մարդը

Նիկոլ Փաշինյանի վերջին երկարաշունչ ասուլիսն ամենաչստացվածներից էր։ Մյուսներն էլ մի բան չէին։ Բայց սա գերազանցեց մյուսներին։

Մարդն ինչքան պետք է ասելիք չունենա և ինչքան պետք է չհարգի սեփական աջակիցներին, որ նրանց վրա փորձի որպես փաստ–ձեռքբերում ներկայացնել նավթի միջազգային գների կտրուկ անկմամբ պայմանավորված բենզինի գնի իջեցումը Հայաստանում, ընձառյուծի զբոսանքը Տավուշի մարզում և Աննա Հակոբյանի տուգանվելը ՃՈ–ի կողմից։

Ասուլիսում բացի դատարկաբանությունից հնչեց նաև մի շատ ուշագրավ միտք։ Փաշինյանը փաստացի խոստովանեց, որ ինքը ընտանիքապետություն է կառուցում՝ փաշինյանական միապետություն։ Նա ասաց, որ քաղաքական գործընթացներում, մեծ հաշվով, ապավինում է միայն սեփական ընտանիքին, որտեղ նույնիսկ անչափահասներ կան։ Այլ կերպ ասած՝ Փաշինյանը խոստովանեց, որ համախոհներ չունի։ Չունի նաև մշտական թիմակիցներ և դա է պատճառը, որ իր նախկին գործընկերների հետ հիմա կա՛մ սառը (ՀԱԿ), կա՛մ թշնամական («Լուսավոր Հայաստան») հարաբերություններ ունի։

Նկատենք, որ սա այն եզակի դեպքերից է, երբ Փաշինյանը չի ստել ու անկեղծացել է։ Նրա համար, իրոք, չկան թիմակիցներ։ Նա թիմակիցներին կարող է փոխել թաշկինակի կամ բժշկական դիմակի պես։ Ինքն ընտանիքով է կառավարում։ Նիկոլն է, Աննան է, աներձագ Հրաչն է, աղջիկներն են, եղբոր տղան է։ Նույնիսկ փոքրիկ Արփիին են որոշակի դերակատարում տվել․ հենց Նիկոլը «կատոկի» տակ է ընկնում, անմիջապես Արփիի հետ լուսանկար են հրապարակում, որ «լայքեր» կորզեն։

Մարդիկ Նիկոլի համար զիբիլ են։ Ինքը, ծանր մանկությամբ ու խոր կոմպլեքսներով պայմանավորված, առնվազն ենթագիտակցական մակարդակով ատում է մարդկանց։ Նա չարացած է աշխարհից ու չի վստահում մարդկանց։ Դրա համար էլ մենակ է մնացել։

Նա պատերազմ է հայտարարել ոչ միայն «սևերին», հակահեղափոխականներին, հիասթափվածների, այլ նաև սեփական թիմ կոչվածին։ Նա առանց աչքը թարթելու «փուռը» կտա բոլորին։ Առաջին հերթին իր կողքը գտնվողներին, քանզի առաջնորդվում է «լիազորություններն ու «կայֆերն» ինձ, իսկ պատասխանատվությունը՝ բոլորին» կարգախոսով։

Նիկոլի համար կան ինքն իր ընտանիքով և ամբոխը, որին նա ժողովուրդ է կոչում ու իրեն նույնացնում այդ «ժողովրդի» հետ։ Մյուսներն օգտագործվող «մատերիալ» են։

Նայեք, թե ովքեր են Նիկոլի կողքը։ Այսպես կոչված հին ընկերներից որևէ մեկը չկա։ Նորերն էլ այնքանով որքանով են ընկեր։ Որովհետև նա երբեք ու ոչ մեկին չի կարող ընկերանալ իր էությունից ելնելով։

Վախկոտ մարդն ընկեր չի ունենում։ Աշխարհից նեղացած ու մարդկանց վրա չարացած մարդն ընկեր չի կարող ունենալ։

Նիկոլը մենակ մարդ է։ Ինքը միայն զրոներ է փնտրում։ Ինքն իրեն մեկ է համարում, իսկ մյուսներին՝ զրո։ Իսկ ինչպես հայտնի է՝ միավորի ու զրոյի արտադրյալը զրո է։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը