Կարծիք

18.05.2020 11:15


Բացահայտում. որտեղի՞ց է հրահանգներ ստանում Փաշինյանը

Բացահայտում. որտեղի՞ց է հրահանգներ ստանում Փաշինյանը

Հայաստանյան իշխանությունները որոշել են չեղարկել Սահմանադրական դատարանի հետ կապված հանրաքվեն... Գիտակցելով, որ հետարտակարգաիրավիճակային շրջանում անցկացվելիք հանրաքվեում կարող են պարտություն կրել` Փաշինյանի վարչակարգը կորոնավիրուսի համաճարակի ձգձգվելու պատրվակի ներքո որոշել է այլ մեթոդներով հաշվեհարդար տեսնել իր "աջը չպաչած" ՍԴ դատավորների նկատմամբ... Այդ մեթոդների փնտրտուքի մասին Փաշինյանը և իշխանության ներկայացուցիչներն արդեն արտահայտվել են և բոլորը նշում են, որ այդ հարցի վերաբերյալ իրենք դիմել են Վենետիկի հանձնաժողովին... Դա այն հանձնաժողովն էր, որի ղեկավար Ջիանի Բուքիքիոյին Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչները և նրանց երկրպագուները բացահայտորեն վիրավորում էին, քանի որ վերջինս հանդգնել էր ՍԴ-ի շուրջ ստեղծված կոնֆլիկտի կողմերին զսպվածության կոչով դիմել...

Բայց հարցն այդ չէ, որ գրավեց իմ ուշադրությունը...
Առաջին անգամ մայիսի 15-ին ՍԴ-ի վերաբերյալ հանրաքվեի չեղարկման մասին հայաստանյան իշխանության ներկայացուցիչներից խոսեց "Իմ քայլը" խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը... Սակայն խնդիրն այն է, որ առաջին անգամ այս մասին ընդհանրապես խոսել է ԱՄՆ Պետքարտուղարի փոխտեղակալ, Պետդեպարտամենտի եվրոպական և եվրասիական հարցերով բյուրոյի ներկայացուցիչ Ջորջ Քենթը մայիսի 6-ին, ով անդրադառնալով Հայաստանի ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին, հայտարարել էր. "Կարծում եմ, որ հայերը դատական համակարգի սովորականից ավելի արմատական վերափոխում են առաջարկում: Մենք առաջարկել ենք նրանց դիմել Վենետիկի հանձնաժողով՝ որպես լավագույն խորհրդատու մարմին":

Այսինքն` Փաշինյանը ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի պահով դիմել է Վաշինգտոնին, որտեղից էլ նրան խորհուրդ են տվել դիմել նիկոլականների կողմից չսիրված Վենետիկի հանձնաժողովին, որից հետո ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հարցեր է ուղղել Վենետիկի հանձնաժողովին, իսկ Ռուբինյանն էլ այդ մասին գրառում է անում՝ տեղեկացնելով հանրությանը... Բավականին հետաքրքիր բացահայտում էր...

Ստացվում է՝ Նիկոլը, ով նախկին իշխանություններին մեղադրում էր Հայաստանը ռուսական "գուբեռնյա" դարձնելու մեջ, ինքն է, գալով իշխանության, Հայաստանը դարձրել է ամերիկյան նահանգ ու մեր երկրի ներքին հարցերը քննարկում ու հրահանգներ է ստանում Վաշինգտոնից, որտեղից էլ մեզ տեղեկացնում են, թե ինչ է մեզ սպասում, օրինակ՝ ՍԴ-ի հարցի շուրջ...

Փաշինյանը մի բան պետք է լավ հասկանա... Ամեն մի ապօրինություն, որը նա գործում է ու դրա համար "հենարաններ" փնտրում՝ լինի դա Ռուսաստանում, թե՛ Արևմուտքում, առաջնայինն այդ ամենից օգտվում են այդ "հենարանները"՝ թուլացնելով իր լեգիտիմությունը և Հայաստանը...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը