Մեկնաբանություն

17.05.2020 10:47


Ինչպես խորովել Հայաստանը

Ինչպես խորովել Հայաստանը

Նիկոլ Փաշինյանը մտածել, մտածել է ու վերջում գտել, որ բարեփոխումները պետք է համեմատել խորովածի հետ։ Սա արդեն ըստ Ֆրեյդի է ստացվել իր մոտ։ Ենթագիտակցություն է, ի՞նչ կարող ես անել։

Խորովածն ու լավ բանը նույնացնելը հոգեբանական խնդիր է։

Փաշինյանի մոտ սովածության զգացողությունը խորն է նստած։ Այն ոչ միայն իր ստամոքսում է եղել, այլ նաև գլխում։ Ստամոքսինն անցել է, իսկ ահա գլխինը՝ ոչ։

Հիմա, երբ նրա կյանքն ուրախ է, իսկ ապրուստը՝ հարկատուներիս հաշվին, միևնույն է սովածության զգացողությունը չի անցնում իր մոտ։ Դա ստամոքսում հաղթահարվելիք չէ արդեն։ Նրա աչքը վախեցած է։ Ավելի ճիշտ՝ անկուշտ։ Դաժան մանկությունը թողել է իր հետքը։ Ինչևէ։

Դատական համակարգում բարեփոխումը լավ եփած խորովածի հետ համեմատելը շատ խորհրդանշական ստացվեց։ Նիկոլն, իրոք, խորովում է իշխանության այդ ճյուղը՝ վնգստացող դատավորների խումբ ստանալու նպատակով։ Հիմա մի քանիսը շարժվում են օրենքով և արժանապատվությամբ։ Հենց դա է ուզում փոխել «ժողովրդի» վարչապետը։ Հենց հաջողեց, իրոք խորոված կանի և՛ դատական համակարգը, և՛ պետությունը։

Ի դեպ, շատ խորհրդանշական է նաև այն, որ «քաղաքացու օր» կոչվածը նույնացվում է Երևանի կենտրոնական փողոցներում գեղցիավարի խորոված սարքելու հետ։ Մարդը ոչ մի կերպ չի կարողանում հաղթահարել սովն իր գլխում, ի՞նչ կարող ես անել։

Խնդիրը, սակայն, նրա հոգևոր սովը չէ։ Խնդիրն այն է, որ «սոված» մարդն ագահաբար խորովում է Հայաստանը։ Նաև՝ ուտում։ Ուտում բառիս բուն և փոխաբերական իմաստներով։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը