Մեկնաբանություն

16.05.2020 14:45


Փաշինյանի համար «քը՛խ» Վենետիկի հանձնաժողովը հիմա էլ «պուպո՞ւշ» է դարձել

Փաշինյանի համար «քը՛խ» Վենետիկի հանձնաժողովը հիմա էլ «պուպո՞ւշ» է դարձել

«Թավշյա» ռեժիմը, օգտվելով համավարակի դեմ պայքարի համար (իբր թե, էլի) հայտարարած արտակարգ դրությունից, այս երկու ամսվա ընթացքում մի շարք խնդրահարույց օրենքներ դակեց «իրքայլական» Ազգային ժողովում: Խոսքն առավելապես այն օրինագծերի մասին է, որոնք լուրջ մտահոգություններ են հարուցում մարդկանց անձնական կյանքի, սեփականության, խոսքի ազատության սահմանադրական իրավունքների կամայական սահմանափակման և ոտնահարման տեսանկյունից:

Բայց ախորժակն ուտելիս է բացվում:

Փաշինյանական իշխանությունը «հանկարծ» վերհիշել է, որ Սահմանադրական դատարանի վրա կազմակերպած հարձակումը կիսատ է մնացել «համավարակով պայմանավորված» արտակարգ դրության պատճառով: Կարճ ասած՝ ապրիլի 5-ի հակասահմանադրական հանրաքվեն կամ «հեղափոխությանը մի անգամ էլ «հա» ասելու» միջոցառումը մնացել է «օդից կախված»: Եվ ահա, «թավշյա» պոլիտիկոսները մտածել-մտածել ու, ինչպես իրենց է թվում, ելք են գտել, թե ոնց անեն, որ արտակարգ դրության կամ համավարակի պայմաններում, առանց հանրաքվե անցկացնելու էլ «սղղացնեն» Սահմանադրական դատարանը զավթելու իրենց մտասևեռումը (դրան նաև «իդեա ֆիքս» են ասում):

Ինչպե՞ս: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, կարկառուն «իրքայլական» Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան գրառմամբ բացատրել է, թե՝ «ո՛նց», ավելի ճիշտ՝ թե ի՛նչ հարցով է արդարադատության երիտասարդ նախարար Բադասյանը դիմել Վենետիկի հանձնաժողովին: Ռուբինյանը մասնավորապես ավետել է, թե՝ «հաշվի առնելով, որ համաճարակը կարող է տևել բավականին երկար, մենք ուղիներ ենք փնտրում ՍԴ ճգնաժամը այլ ճանապարհով և ավելի արագ լուծելու ուղղությամբ։ Հենց այս համատեքստում օրերս արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հարցեր է ուղղել Վենետիկի հանձնաժողովին...»:

Բայց մեկ րոպե, մեկ րոպե: Այդ ո՞ր Վենետիկի հանձնաժողովին է դիմել Փաշինյանի գլխավորած կառավարությունը: Չէ՞ որ հենց նույն ՍԴ վրա «թավշյա» իշխանության հարձակողական գործողությունների վերաբերյալ նույն Վենետիկի հանձնաժողովը, ըստ էության, կոշտ գնահատականներ էր տվել: Միայն Վենետիկի հանձնաժողովի նախագահ Բուքիքիոն մի երկու անգամ հայտարարություններով հանդես եկավ:

Դա դեռ իր հերթին: Նիկոլ Փաշինյանի մերձավոր ու վստահելի զինակից, «իրքայլի» ոչ պակաս կարկառուն ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանը հիշյալ հայտարարությունների համար Վենետիկի հանձնաժողովին ու անձամբ Բուքիքիոյին մեղադրեց... կոռումպացված լինելու մեջ: Ու դա ընդամենը մի երկու ամիս առաջ էր, այս տարվա փետրվարին, երբ «թավշյաներն» ամեն գնով առաջ էին հրում հանրաքվե անելու իրենց մտասևեռումը:

Հա, գործող «թավշյա» իշխանությունը իր ներկայացուցչի միջոցով, կարելի է ասել՝ պաշտոնապես մեղադրեց Վենետիկի հանձնաժողովի նախագահին (գործնականում՝ հանձնաժողովին էլ)՝ «նախկին հանցավոր ռեժիմին» ծախված լինելու մեջ, քանի որ ՀՀ շքանշան է ստացել ու նման բաներ: Կարճ ասած՝ փաշինյանական իշխանության ընկալմամբ՝ Վենետիկի հանձնաժողովը` իր նախագահով հանդերձ, ծախված է, «քը՛խ» է, վատն է, հանցավոր է և այլն:

Իսկ մի երկու ամիս անց, ասես ոչինչ էլ չի պատահել, Փաշինյանը (դե, նախարարի միջոցով) դիմում է ահա այդ ծախվա՛ծ, կաշառակե՛ր, հանցագո՛րծ Վենետիկի հանձնաժողովին, թե բա՝ մի բան պատասխանեք, մի բան անենք էս Սահմանադրական դատարանի հետ: Էլ չասած այն մասին, որ նախքան այդ նույն Փաշինյանն ու իր, կներեք, թիմը լսել անգամ չէին ուզում իրենց հակասահմանադրական ձեռնարկումների վերաբերյալ գոնե ձևի համար Վենետիկի հանձնաժողովին դիմելու մասին: «Թավշյաների» գլխավոր մոտեցումն այն էր, թե՝ «մենք մեր ուզածը պըտի անենք, կակոյ-նիբուձ վենետիկյան հանձնաժողով չի կարա մեզ՝ ժողովրդական իշխանություններիս բան ասի...»:

Դժվար է, ասել, թե Վենետիկի հանձնաժողովը ինչպես կարձագանքի իրենց ծախված-կաշառակեր պիտակած իշխանության հարցմանը: Նրանք, որպես սահմանադրական իրավունքի ճանաչված ու հարգված եվրոպական փորձագետներ, բավականին դաստիարակված ու քաղաքավարի են՝ Հայաստանի պոպուլիստական նորիշխանավորներին ուղիղ տեքստով կանխատեսելի և որոշակի տեղ «գործուղող» պատասխան տալու համար:

Քաղաքավարությունը մեզ էլ խորթ չէ, բայց այդ ամենով հանդերձ, պետք է իրերն ու երևույթներն անվանել ու բնորոշել իրենց անուններով: Ըստ այդմ՝ Փաշինյանի իշխանության կողմից Վենետիկի հանձնաժողովին դիմելը ձեռառնոցի է:

Վատն այն է, որ Հայաստանում իշխանության ղեկին է հայտնվել մի խմբակ, որի ներկայացուցիչները կարծում եմ, թե իրենք այնքան «շուստրի» են, որ կարող են բոլորին անընդհատ «ֆռռացնել»:

Բայց «թավշյա» ռեժիմը գործնականում սպառել է իրեն ու արդեն բացահայտորեն ձեռքերը փրփուրներին է գցում:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը