Կարծիք

16.05.2020 09:47


Համընդհանուր սպասում ու տարբերություն․ ի՞նչ իրավիճակ է Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում

Համընդհանուր սպասում ու տարբերություն․ ի՞նչ իրավիճակ է Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում

Համավարակը որոշակի իմաստով համահարթեցում է: Համարյա բոլոր երկրների առջև նույն խնդիրները դրվեցին: Լուծումներն էլ առերևույթ նույնական էին: Բայց տարբեր արդյունքներ ստացվեցին:

Այս օրերին մենք խոսում ենք արտակարգ դրության երկարացման, բայց կարգ ու կանոնի որոշակի ազատականացման մասին: Համարյա միաժամանակ Ադրբեջանում հայտարարեցին, որ թույլատրում են միջքաղաքային հաղորդակցությունը: Այսինքն նոր-նոր երկրում տեղաշարժման ազատություն տրվեց:

Վրաստանում իշխանությունները հայտարարեցին, որ արտակարգ դրությունը չեն երկարացնելու: Մայիսի 22-ից Վրաստանը որոշակի կանոններով վերադառնում է «նախկին» կյանքին: Հայտարարվում է, որ հունիսի 15-ից թույլատրվում է ներքին տուրիզմը: Իսկ հուլիսի 1-ից կվերաբացվի արտագնա տուրիզմը: Այդ ուղղությամբ ահագին աշխատանք է տարվել:

Բրիտանական զբոսաշրջային հայտնի պարբերականը Վրաստան այցելելու մասին առաջարկ-հոդված է հրապարակել, 20-ից ավելի ավիաընկերություններ ցանկություն են հայտնել Վրաստան չվերթներ սկսելու մասին՝ Քաթարի ավիաուղիներից մինչև այն հայտնի էժանագին ավիաընկերությունը: Զբոսաշրջության գործակալությունը նույնիսկ վերլուծություն է հրապարակել՝ ասելով, որ առաջին հերթին զբոսաշրջիկներ է սպասում Իսրայելից, Չեխիայից, Լեհաստանից ու Ավստրիայից: Իշխանությունները նույնիսկ հյուրանոցների համար խորհուրդներ պարունակող ուղեցույց են կազմել ու հրապարակել:

Հայտարարվել է ֆերմերային տնտեսությունների աջակցման համար մոտ 93.3 մլն դոլարանոց ծրագրի մասին (նման ծրագրի գործարկման մասին նաև Ադրբեջանի իշխանություններն են հայտարարել՝ ավելի փոքր՝ մոտ 76.5 մլն դոլար արժեքի չափով): Վրաստանում իշխանություններն աջակցության գումարը պարտադրում են իրացնել միայն առևտրի որոշակի կետերում և գնել միայն վարուցանքին անհրաժեշտ նյութեր (պարզ ասած՝ աջակցությունը չի ուղղորդվի նախկին վարկերի մարմանը՝ ինչից միշտ զգուշանում են նման աջակցության հեղինակները):

Վրաց գյուղնախարարությունը հայտարարել է, որ գյուղացիական տնտեսություններին դիզվառելիք է տրամադրում՝ 1 հա-ին 150 լիտրի չափով: Պարենի հնարավոր սակավության ու գնաճի հեռանկարից ելնելով վրաց վարչապետը հայտարարել է․ «Երկրում չմշակված հողակտոր չպիտի լինի»:

Հարևան երկրի լավատեսությունը համավարակային իրավիճակից է բխում: Ըստ առողջապահության նախարարության՝ երկրի 11 կորոնա-հիվանդանոցները կիսով չափ դատարկ են: Առողջապահության համակարգն անգամ համավարակի երկրորդ ալիքի դեպքում իրավիճակը կհաղթահարի առանց լարումի: Այս տեսակետը հարկավ հարգանքի արժանի է: Վրաստանում վարակակիրների թիվը 671 է, մահերինը՝ 12, ապաքինվածներինը 393: Փաստորեն, ակտիվ հիվանդների քանակը 266 է (այս հաշվարկի պահի դրությամբ Ադրբեջանում 1058 ակտիվ հիվանդ կա, Հայաստանում՝ 2326):

Այս ամենի ֆոնին կարելի է կարդալ, օրինակ, տեղեկատվություն այն մասին, որ Բաքվում բացվում են ռեստորանները: Մեր լրատվամիջոցներում նույն պնդումն ավելի «ցիվիլ» է: Մեր մոտ՝ «հասարակական սննդի կետերն են բացվում»: Պայմանները համարյա ամենուր նույնն են: Օրինակ սա՝ «ռեստորան-հասարակական սննդի կետերի բոլոր հաճախորդները ջերմաչափվելու են»: Միակ տարբերությունն այն է, որ մեր պարագային այդ մասին հայտարարությունը տարածել է Էկոնոմիկայի նախարարությունը:

Կարճ ասած՝ համավարակի պատճառով ստեղծված իրավիճակից ազատվելու սպասումը նույնական է: Ծրագրերն ու ժամկետներն են տարբեր:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը