Աշխարհ

15.05.2020 18:25


Կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը դժվար թե մինչև տարեվերջ պատրաստ լինի. ԱՀԿ ներկայացուցիչ

Կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը դժվար թե մինչև տարեվերջ պատրաստ լինի. ԱՀԿ ներկայացուցիչ

Կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը դժվար թե մինչև տարեվերջ պատրաստ լինի: Այս մասին Ժնևում կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մարգարեթ Հարիսը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Լավ լուրն այն է, որ փորձագետներն աշխատում են ամբողջ աշխարհում: Մենք 100 տարբեր աշխատող խմբեր ունենք, բայց գործընթացը ժամանակատար է: Եվ խոսքն անվտանգության մասին է: Պետք է երկու բան իմանալ` այն, որ պատվաստանյութը խթանում է ճիշտ հակամարմիններին, որոնք կպաշտպանեն վիրուսի դեմ պայքարում, երբ նրա հետ բախվեն ... Եվ միևնույն ժամանակ, պետք է հասկանալ դրա անվտանգությունը, արդյո՞ք պատվաստանյութն ունի կողմնակի բարդություններ, ո՞ր պատվաստանյութն է ավելի անվտանգ»,- ասել է Հարիսը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերն այն մասին, որ պատվաստանյութը պատրաստ կլինի մինչև 2020 թվականի ավարտը:

Հաջորդիվ պետք է հասկանալ, թե ինչպես է արտադրվելու այս պատվաստանյութը, ինչպես ապահովել դրա հասանելիությունը և ինչպես է այն տրամադրվելու մարդկանց:

«Այս ամենը ժամանակ է պահանջում»,-ասել է ԱՀԿ ներկայացուցիչը:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 4 556 956 է, մահացել է 304 201 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը